Բա երկիրս վաճառում է, իր ոտքով եկել է մեր կողմերը, չասե՞նք՝ եղբայր, այդ ի՞նչ ես անում

Բա երկիրս վաճառում է, իր ոտքով եկել է մեր կողմերը, չասե՞նք՝ եղբայր, այդ ի՞նչ ես անում

«Իմ անունը ջնջել են, որ ես կատեգորիկ չպիտի մասնակցեմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ես էլ ասել եմ՝ այստեղ հայությանը ես եմ ներկայացնում, հայերի համար ես եմ աշխատում, իմ գործունեությունն ամբողջությամբ երկրիս եմ նվիրել՝ ո՞նց չպիտի մասնակցեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը։ «Ես հարցեր ունեմ իրեն տալու՝ ո՞նց չպիտի մասնակցեմ։ Նույնիսկ մեր ուժայիններին եմ դիմել, ասել եմ՝ եթե հանկարծ Մոլդովայի պետության կողմից չարգելեն, թույլ տան մտնեմ, խոսեմ, վերջիվերջո, եկել է Քիշնեւ, պիտի հանդիպի, չէ՞, մեզ հետ հանդիպի։ Ես եմ ներկայացնում հայկական համայնքը, ո՞ւմ հետ պիտի հանդիպի, եթե ես չլինեմ։ Ամեն կերպ ուզում են ինձ արանքից հանել, տեսել են, որ ես համառորեն ասել եմ՝ գալու եմ, խումբը հավաքել եմ ու ասել եմ՝ անպայման գալու ենք՝ փորձի, մեկն ասի` չեմ թույլատրում։ Մի ժամ առաջ զանգեցին ասեցին՝ հանդիպումը համայնքի հետ չի լինելու»,-պատմում է Վեներա Մուշեղը։

Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ցուցակները կազմվել են այնպես, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողները չմասնակցեն, իսկ Վեներա Մուշեղը հայտնի է իր հակաիշխանական հայացքներով, եւ նրան դուրս են թողել ցուցակից: Եվ ակտիվ կինը որոշել է, որ ամեն գնով մասնակցելու է: Մոլդովայի հայկական համայնքի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ ի սկզբանե հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ նախատեսված է եղել Քիշնեւից 40 կմ հեռավորությամբ գտնվող Խինչեշտ քաղաքում, որտեղ գտնվում է Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանը, որը հայկական համայնքին է վերադարձրել հենց ինքը` Վեներա Մուշեղը, այն ժամանակ Մոլդովայի վարչապետի աջակցությամբ եւ երկար պայքարի արդյունքում։

«Իմիջիայլոց, այդ պալատ-թանգարանը ես եմ վերադարձրել հայկական համայնքին՝ մեր նախորդ վարչապետի օգնությամբ։ Հիմա զանգում ասում են՝ Վեներա Մուշեղովնա, հանդիպում չի լինելու, ասում եմ` ինչո՞ւ, ասում են՝ կանգնել են, ասել են` ատկազ են արել, չեն ուզում հայկական համայնքի հետ հանդիպել։ Ես սովորական հայուհի եմ, ուղղակի ազգիս համար պայքարում եմ։ Երեւի չի ուզել ինձպեսների հետ հանդիպի կամ էլ խաբում է, փախեփախ է անում, որ մենք իր ծրագիրը չիմանանք։ Մեզ ասել են, որ ինքը հրաժարվում է համայնքի հետ հանդիպելուց»,- ասաց Վեներա Մուշեղը։ Մեր հարցին, թե Մոլդովայի հայ համայնքը, ընդհանուր առմամբ, ինչպես է վերաբերվում Փաշինյանին, արդյո՞ք պատերազմից հետո վերաբերմունքի փոփոխություն կա, Վեներա Մուշեղն ասաց, որ հայրենասեր հայը Հայաստանի վիճակով է մտահոգված, փողատեր հայն իր փողի մասին է մտածում, եւ նկատեց, որ մոլդովահայ համայնքն էլ է տարբեր խմբերի բաժանված։

«Այդ սրբապիղծը մտնի մեր տուն-թանգարանը, Մանուկ Բեյ Միրզոյանն իր գերեզմանում կշրջվի՝ այդ հայրենասեր մարդը։ Նա Բեսարաբիայի արքայազնն է եղել։ Եթե ինձ հետ չի ուզում հանդիպել, ո՞ւմ հետ է ուզում հանդիպել՝ իր նմանների, այդ ժեխերի՞ հետ։ Չէ, ես կոնկրետ հարցեր ունեմ ու կոնկրետ հարցերով պիտի մտնեի ու դնեի դեմը։ Բա երկիրս վաճառում է, իր ոտքով, ձեռքով եկել է մեր կողմերը, բա չասե՞նք՝ եղբայր, այդ ի՞նչ ես անում։ Այ, այդպիսի դեմքեր են մեր երկրի ղեկին եղել, որ մենք պետականություն ենք կորցրել։ Սրա սկիզբը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ պրիմդավաճանը։ Եթե նա իր պատիժը կրեր, Փաշինյանի պես դավաճանն իշխանության չէր գա։ Փաշինյանը մեր հայկական հանրության չարորակ ուռուցքն է։ Այս մարդու իշխանության ամեն մի րոպեն մեզ համար հանցանք է»,- ասաց Վեներա Մուշեղը։

Վեներա Մուշեղը կասկածում է, որ հանդիպումը չեղարկել են, նա ասաց, որ հնարավոր է` խաբում են եւ ուզում են ուրիշ տեղ անցկացնել հանդիպումն ու իրենց բերած համակիրներով թաքուն հանդիպում անել, որպեսզի ոչ ոք Փաշինյանին անհարմար հարց չտա, նա չգիտի: Բայց որքան փորձել է հետաքրքրվել ու պարզել, ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներից հետո կվերադառնա Հայաստան։

ՀԳ. Մեր զրույցից մոտ մեկ ժամ անց տեղեկացանք, որ հանդիպումն իսկապես կայացել է եւ դրան մասնակցել են միայն իշխանություններին համակրող անձինք։ Ուկրաինայի հայ համայնքից էլ դեսպան Վլադիմիր Կարապետյանը մարդիկ է հրավիրել՝ նկատեցինք Սուրեն Պետրոսյանին։