Իմ կարծիքով՝ այս ամենը ուղղորդված էր, Հրայր Թովմասյան

Իմ կարծիքով՝ այս ամենը ուղղորդված էր, Հրայր Թովմասյան

ՍԴ-ն այսօր ևս նախագահ չընտրեց։  Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։ ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Խաչատրյանը ինքնաբացարկ հայտնեց։ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նախ պարզաբանեց, թե ինչո՞ւ է հենց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը առաջադրել․

« Ես թեկնածու ընտրելիս 3 գործոն հաշվի կառնեմ, առաջինը մարդկային հատկանիշներն են։ ՍԴ նախագահի համար շատ կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից, մի փոքր վատ զգալուց սկսած մինչև առողջական խնդիրներ, այս առումով՝ ես մյուսների մասին չէի կարող շատ բան ասել։ Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, այլև բոլորին անդրադարձել եմ՝ ասելով, թե ինչու իրենց չեմ առաջադրում, ես հիմնավորել եմ նաև իմ չառաջադրելը՝ ելնելով այդ 3 գործոններից։ Պարոն Խաչատրյանը ամենափորձառուն է, տարիքով ավագն է, գիտությունների դոկտոր է, այսինքն՝ որպես հեղինակություն ինձ համար ամենամեծն է, և ունի որոշակի կառավարչական հմտություններ։ կա մի գործոն ևս, եթե որէև բան չի փոխվել, ապա պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի, և սա կլիներ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մյուսները միմյանց ավելի լավ ճանաչեին : Հիմա, ըստ էության, 4 դատավորները նոր են, որոնք իրար չեն ճանաչում և այդ մթնոլորտում չեն եղել։ Բայց կրկնում եմ, որ նախագահի գործառույթներն այս առումով էական չեն, և պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, դրանք հաշվի առնելով՝ ես առաջադրել եմ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ տպավորություն ունի, որ ՍԴ նախագահի ընտրության գործընթացը ուղղորդված է․

« Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստերին մասնակցությունը։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջ ուղղորդված  ու պայմանավորված է»,- ասաց Թովմասյանը։