Ոչ թե ընկճվել ու խուճապի մատնվել, այլ` դիմակայել- 1 

Ոչ թե ընկճվել ու խուճապի մատնվել, այլ` դիմակայել- 1 

Շատերն ընկճվել, ոմանք նույնիսկ խուճապի են մատնվել՝  Արցախի ապագայի եւ արցախցիների անվտանգության հարցերի մտահոգությամբ: Մինչդեռ դրանք լուծելի հարցեր կարող են լինել այն դեպքում միայն, եթե Հայաստանը պահպանի իր պետականությունը: Իսկ մենք պահպանել ենք մեր անկախությունը՝ հակառակ այն ծրագրին, ըստ որի՝ մեր երկիրն արդեն իսկ պետք է դառնար այլ պետության գավառ: Չէ՞ որ համարվում էր. «А куда они денутся?»: Բայց տեղի ունեցավ հրաշքի նման մի բան, եւ այդպես կարծողներն իրենք են հայտնվել անելանելի վիճակում: Իսկ մենք շարունակում ենք մնալ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ երկիր եւ … Ադրբեջանի կամ այլ պետության կողմից Հայաստանում չի իրականացվում հատուկ գործողություն՝ դենացիֆիկացիայի կամ այլ պատրվակով: 

Վերջին ենթադրությունը կարող է թվալ ֆանտաստիկայի ժանրից, բայց կես տարի առաջ համարյա նույնքան ֆանտաստիկ էր թվում այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում: Այնպես որ, պետք չէ ընկճվել ու խուճապի մատնվել: Վատթարագույն սցենարից մենք խուսափել ենք: 
Հակառակը, պետք է թեթեւացած շունչ քաշել, ոգեւորվել ու գոտեպնդվել, քանի որ մնացել ենք աշխարհի պետությունների քարտեզի վրա ու չենք կորցրել համաշխարհային մակարդակով հարցեր լուծելուն մասնակցելու մեր իրավունքը: Առավել եւս, որ, ի հեճուկս բազմաթիվ «վերլուծաբանների» պնդումների, թե Հայաստանը, իբր, անհետաքրքիր է դարձել մեծ տերությունների համար, դա այդպես չէ: Ինչի մասին վկայում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ծավալուն փաստաթուղթը, որի 16 էջը նվիրված է առաջիկա 4 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը Հայաստանի նկատմամբ: 

Աշխարհի 175 երկրներին վերաբերող փաստաթղթի այս տարվա մայիսի 2-ով թվագրված՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշված է, որ դրա հիմնական նպատակն ԱՄՆ ազգային շահերի պաշտպանությունն է: Այսինքն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մեր երկրում ունենալ ազգային շահեր: Ավելին, ըստ այդ փաստաթղթի, ԱՄՆ դերն ավելի կարեւոր է դարձել, «քանի որ տարածաշրջանային լարվածությունն ավելի է սաստկանում՝ Ուկրաինա կատարած Ռուսաստանի ներխուժման հետեւանքով», - գրված է Պետդեպի կայքում:

ԻԻհամ Ալիեւը խուճապի է մատնվել

Արցախում զարգացումները չափազանց մտահոգիչ են ու հանելուկային, քանի որ հանրությունից ամեն ինչ թաքցվում է: Փոխարենը գործի են անցել բազմաթիվ  «մեկնաբաններ», որոնց ստեղծած ինֆորմացիոն աղմուկը թույլ չի տալիս հանրությանը կենտրոնանալ ու հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Մի բան է պարզ` Իլհամ Ալիեւը խուճապի է մատնվել, քանի որ իրադարձությունները սկսել են զարգանալ ոչ թե ծրագրված սցենարով, այլ չնախատեսված ձեւով: Հետեւաբար, պետք է շտապել ու ռիսկային բաներ անել, այլապես ծախսված միլիարդավոր դոլարները կարող են ոչուփուչ լինել՝ չլուծելով Բաքվի եւ Անկարայի համար ամենակարեւոր՝ Զանգեզուրի միջանցքի հարցը: Չէ՞ որ Հայաստանը չի կորցրել իր անկախությունը եւ իրավասու է ընդունել սեփական որոշումներ: Իսկ տարածքների օտարմանը վերաբերող հարցերի պարագայում ՀՀ գործող Սահմանադրությունը պահանջում է անցկացնել հանրաքվե: 

Այնպես որ, եթե նույնիսկ ՀՀ ղեկավարությունը դեմ չլինի ինչ-որ տարածքների սուվերենության հանձնմանն այլ պետությանը, ինչը որ համարժեք է դրանք հանձնելուն, դա կհամարվի անօրինական, եթե հանրաքվե չի անցկացվել:

Բացի այդ, չի բացառվում, որ մի քանի ամիս անց, եթե ուկրաինական բանակի հակահարձակումն ընթանա նույն հաջողությամբ, եռակողմ հայտարարության, գոնե Զանգեզուրի միջանցքին վերաբերող կետը, հնարավոր կլինի ճանաչել անվավեր: Այդ է պատճառը, որ Հայաստանի չարակամների մոտ անհրաժեշտություն է առաջացել անտեսել 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում նշված կատարման ժամկետը, ըստ որի. «Առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»: Բաքուն ցանկանում է արագացնել, շուտափույթ իրականացնել Լաչինի միջանցքի չեղարկումը, վերացումը, ինչի հետեւանքով հայերը կհայտնվեն անելանելի վիճակում: Չէ՞ որ բացի այն հանգամանքից, որ այդ երթուղին դեռ չկա, մասնակի է կառուցված, այն չի լինելու էքստերիտորիալ: Հետեւաբար, ուղեւորներին ստուգելու են ադրբեջանցի մաքսավորներն ու սահմանապահները: Ինչը հայերին, Իլհամ Ալիեւի կարծիքով, կստիպի եռակողմ հայտարարության 6-րդ կետում նշված «նոր երթուղու» կարգավիճակը նույնացնել նույն փաստաթղթի 9-րդ կետում նշված՝ Նախիջեւանն Ադրբեջանին կապող կառուցվելիք ճանապարհի կարգավիճակի հետ: Այսինքն՝ Լաչինի միջանցքի բացակայության դեպքում, եթե հայերը ցանկանան ունենալ Արցախը Հայաստանին կապող նոր միջանցք, պետք է համաձայնեն, որ Զանգեզուրի երթուղին նույնպես ստանա միջանցքի կարգավիճակ:

Շարունակելի
Գրիգոր Էմին-Տերյան