Նիկոլ փրկչին ու կախարդական փայտիկին հավատալու գինը

Նիկոլ փրկչին ու կախարդական փայտիկին հավատալու գինը

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնյաներից մեկը երեկ հայտարարեց, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների հանդիպում: Ադրբեջանի օրակարգը հայտնի է, սակայն հայտնի չէ, թե ինչ օրակարգ ունի Հայաստանը, ընդհանրապես՝ ինչ է Հայաստանի իշխանության ուզածը: Արդյո՞ք ընդամենը այն, որ դիմակայի Ադրբեջանի պահանջներին կամ մի փոքր հետաձգի դրանց կատարումը, իսկ ավելի ուշ կատարելով հայտարարի, որ հնարավոր չէ դրանք չկատարել, այլապես կաշխատի «նոր պատերազմ, նոր կորուստներ» բանաձեւը:

Ադրբեջանը պահանջում է Սյունիքի միջանցքը եւ Արցախի պաշտպանության բանակի զինաթափում: Ադրբեջանը գիտի նաեւ, թե ինչպես ճնշել Հայաստանին՝ իր ուզածին հասնելու համար: Երբ Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպեն, Քաշաթաղը, Աղավնոն ու Սուսն արդեն հայաթափված ու Ադրբեջանին հանձնելուն պատրաստ կլինեն: Արդեն ասել ենք, որ Ադրբեջանը պահանջում է, որ նոր միջանցքն ունենա այն նույն կարգավիճակը, ինչ Ադրբեջանը Նախիջեւանին կապողը. ռուսները կարող են կանգնել այդ ճանապարհի վրա՝ որպես անվտանգության երաշխավորներ, բայց Հայաստանը մաքսակետ ու սահմանային հսկողություն չպետք է ունենա, Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տեղաշարժը հայ սահմանապահների եւ մաքսավորների կողմից չպետք է վերահսկվի: Այլապես Ադրբեջանն էլ սահմանային եւ մաքսային հսկողություն կսահմանի Արցախի եւ Հայաստանի միջեւ: Նույնը վերաբերում է մյուս կոմունիկացիաներին`գազ, էլեկտրաէներգիա, ինտերնետային կապ: Եթե Հայաստանն իրավունք ունի ապահովել Արցախի գազա եւ էլեկտրամատակարարումը, ապա Ադրբեջանն էլ կարող է Սյունիքի միջանցքում կառուցել գազի, նավթի, էլեկտրաէներգիայի փոխադրման-տարանցման ենթակառուցվածքներ: Ադրբեջանին առավել շատ դա է հետաքրքրում: 

Հայաստանն Ադրբեջանի պահանջներին դիմադրելու ռեսուրս չունի: Միակ ճանապարհը՝ ցույց տալ, որ չես վախենում Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից, բայց Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն ոչնչացնում է Հայաստանի դիմադրելու ռեսուրսը: Միակ հույսն այն է, որ ռուսների ու ադրբեջանցիների շահերը կարող են չհամընկնել, որ Ռուսաստանը տեսականորեն կարող է դեմ լինել Ադրբեջանին նման միջանցքի տրամադրմանը, որ Ադրբեջանը չկարողանա ռուսական գազին ու նավթին այլընտրանք ադրբեջանական նավթն ու գազը եվրոպական շուկա արտահանել, բայց Ռուսաստանն այս պահին այնքան է կախված Թուրքիայից, որ ոչ մի գնով չի ցանկանում հիմա էլ հակամարտության մեջ մտնել Թուրքիա-Ադրբեջանի հետ եւ երկրորդ ճակատ ունենալ Հարավային Կովկասում: Վերջիններս օգտվում են Ռուսաստանի թուլությունից եւ կախվածությունից ու հնարավորինս «գազ են տալիս»՝ առավելագույնը պոկելու հեռանկարով:

Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի Պաշտպանության բանակը լուծարվի եւ զինաթափվի: Ընդ որում, Ադրբեջանը դա պահանջում է Հայաստանից: Ադրբեջանի իշխանությունները պահանջում են, որ Հայաստանի բյուջեով Արցախին հատկացվող ամենամյա միջկառավարական վարկի չափն էականորեն նվազեցվի: Նվազեցվի այնքան, որ դրանով հնարավոր լինի լուծել միայն հումանիտար խնդիրներ`թոշակ, աշխատավարձ, նպաստներ, բայց ո՛չ պետական կառույցների, այդ թվում բանակի սպառազինության եւ պայմանագրայինների վարձատրման ֆինանսավորումը: Ադրբեջանի իշխանությունն այնքան է լկտիացել, որ ցանկանում է ինքը կազմել Հայաստանի պետական բյուջեն եւ ինքը որոշել, թե որ ոլորտին ինչքան ֆինանսավորում պետք է հատկացվի: Եթե Փաշինյանի իշխանությունը մնա, չի բացառվում, որ 2023 թվականի բյուջեն հաստատվի ոչ թե Հայաստանի խորհրդարանում, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Կամ այնտեղ հաստատվի, նոր ուղարկվի Հայաստանի խորհրդարան, որ ՔՊ-ականներն առանց այն փոփոխելու իրավունքի կարողանան քվեարկել ու վավերացնել: 

Ալիեւը մտածում է հնարավորինս օգտվել իր հաղթանակից: Ինչու, օրինակ, Ստալինը կարողացավ 1945 թվին կիսել Գերմանիան եւ նույնիսկ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը, իսկ ինքը չի կարող նույնն անել Հայաստանի հետ: Ինչո՞վ է Ստալինից պակաս, նույնիսկ բեղեր ունի: Ճիշտ է` ադրբեջանական բանակը Երեւան չի մտել, բայց եթե Փաշինյանն ու նրա` խաղաղությունն ամեն ինչից վեր դասող թիմը մնա իշխանության, ապա հաստատ մի օր դա էլ կտեսնենք: Պատերազմներում պարտություն կրած բոլոր ժողովուրդներն ինչ-որ դասեր են քաղել այդ պարտությունից, ընտրել են նոր առաջնորդներ եւ հետեւողականորեն վերացրել են պարտության հետեւանքները: Գերմանացիներն էլ Հիտլերի կողմից խաբվելու եւ գերմանական ազգի համաշխարհային տիրապետության մասին ցնորքին հավատալու համար ծանր գին վճարելուց հետո կարողացան ոտքի կանգնել եւ, ի վերջո, բաժանված երկիրը վերամիավորել: Հայ ժողովուրդն էլ ծանր գին է վճարում Նիկոլին` որպես նոր Հայտնություն եւ Փրկիչ ընդունելու համար, ով իր կախարդական փայտիկով պետք է բուժեր հիվանդներին ու հարություն տար մեռածներին, արցախյան բանակցությունները սկսեր իր կետից ու Արցախը դարձներ Հայաստան: Մնում է, որ հայ ժողովուրդն էլ հասկանա, որ փրկչի փոխարեն Հայաստանում իշխանության ղեկին է հայտնվել կիսախելագար մեկը, ով բացի իր ստամոքսի պարունակության մասին մտածելուց, որեւէ այլ բանի մասին մտածելու ընդունակություն, ցանկություն եւ կարողություն չունի:

Ավետիս Բաբաջանյան