Իտալիայում ՀՀ դեսպանի նշանակումն ինչո՞ւ է ուշանում

Իտալիայում ՀՀ դեսպանի նշանակումն ինչո՞ւ է ուշանում

Իտալիայում, որը համավարակի կենտրոններից է համարվում, 3-4 հազարանոց հայ համայնք կա: Մարտի կեսին Իտալիայում, ըստ ԱԳՆ հրապարակած տվյալների, շուրջ 150 ՀՀ քաղաքացի էր մնացել, որոնցից մարտի 15-ին հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 63 հոգի: Մեծ մասը դեռ այնտեղ է, սակայն այնտեղ մենք չունենք դեսպան: Իտալիայում եւ Մալթայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն այս տարվա ապրիլի 13-ին հետ է կանչվել ՀՀ նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկով: Իսկ նոր դեսպանի նշանակումը ձգձգվում է, մինչդեռ Ռուսաստանի, Լիբանանի, Ուկրաինայի փորձը վկայում է, որ համաճարակի այս ծանր օրերին մեծանում է դեսպանների դերը: Բացի այդ, որպես կանոն, դեսպանը հետ է կանչվում միայն այն ժամանակ, երբ արդեն նշանակվում է նոր դեսպան։ Չէ որ դրան նախորդում է մի քանի ամսվա գրագրություն տվյալ երկրի եւ դեսպանընկալ երկրի իշխանությունների միջեւ։ Դեռեւս գործող դեսպանն է փոխանցում դեսպանընկալ երկրի ԱԳՆ-ին իր երկրի առաջարկը՝ նոր դեսպան նշանակելու մասին, եւ երկրից էլ հեռանում է այն ժամանակ միայն, երբ արդեն ստացվել է ընդունող երկրի ագրեմանը՝ համաձայնությունը, նոր դեսպանի նշանակման մասին։ Առհասարակ՝ դեսպանի պաշտոնի թափուր մնալը, ըստ լավատեղյակների, նշանակում է, որ դեսպանին ընդունող երկիրն այնքան էլ բարեհաճ չէ դեսպան ուղարկող պետության նկատմամբ։ Երբեմն անգամ իջեցնում են իրենց երկրում ներկայացուցչի մակարդակը՝ դեսպանից՝ հավատարմատարի, դրանով ցուցադրելով, որ միջպետական հարաբերություններում խնդիրներ կան։ 

Իսկ դեսպանները կարեւոր դերակատարում ունեն հատկապես այն երկրների համար, որոնք ակտիվ փոխհարաբերություններ ունեն ընդունող երկրի հետ եւ դեսպանընկալ երկրում ազգային համայնք ունեն, որտեղ հարկավոր է օպերատիվ հարցեր լուծել, համակարգել առողջապահության, տրանսպորտի, սոցիալական հարցերը, տարրական կենցաղային խնդիրներ լուծել եւ այլն: Այսօր Իտալիայի հայկական դեսպանատանը երկու երիտասարդ աշխատող է մնացել, եւ դեսպանատան աշխատանքը, կարելի է ասել, խափանված է: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իտալիա փետրվարյան այցից հետո եվրոպական վերլուծաբանները, մասնավորապես Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից, այդ երկու երկրների միջեւ հարաբերությունների որակական թռիչք արձանագրեցին եւ գրեցին այն մասին, որ Իտալիան, հնարավոր է, փոխի դիրքորոշումը ԼՂՀ հարցում: Արդյունքում Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխգործակցության նոր պայմանագիր է կնքվել, իսկ Հայաստանն այժմ Իտալիայում անգամ դեսպան չունի։

Մենք հարցեր ուղղեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ ինչո՞ւ է համավարակի այս իրավիճակում ձգձգվում դեսպանի նշանակումը, ճի՞շտ է, որ Իտալիայի հայկական դեսպանատանը երկու աշխատող է մնացել, ո՞վ է դեսպանի թեկնածուն, եւ ինչո՞ւ է նշանակումն ուշանում: ԱԳՆ-ից մեր հարցերի հետ կապ չունեցող մի պատասխան ուղարկեցին, որը զուտ օրենքի պարզաբանում է եւ ինֆորմացիոն արժեք չունի: Ահա այն. «Դիվանագիտական ներկայացուցչի նշանակումը տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա հանրապետության նախագահի կողմից: Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի ստորագրմանը նախորդում են հավատարմագրող երկրի՝ Հայաստանի, եւ հավատարմագրման երկրի միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով սահմանված երկկողմ գործընթացներ։ Վերոնշյալ երկկողմ գործընթացների ավարտից հետո միայն ընդունվում է հավատարմագրող երկրի հրապարակման ենթակա առաջին փաստաթուղթը՝ դիվանագիտական ներկայացուցչի նշանակման մասին: Նախքան ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակումը, ԱԳՆ կողմից որեւէ մեկնաբանություն նշանակումների վերաբերյալ չի կարող արվել»:

Մեր սեփական աղբյուրներն ասում են, որ Իտալիայի եւ Մալթայի դեսպանի թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն է: Ըստ կուլուարներում տարածված վարկածի, նրա նշանակման հարցը լուծված է, եւ սպասում են արտակարգ դրության ավարտին: Ըստ այլ տվյալների, նրա թեկնածությունը հնարավոր է չհաստատվի: Մի աղբյուրից էլ ասում են, որ Իտալիայում, մեղմ ասած, լավ չեն ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի ժամանակ թույլ տված որոշ արտահայտություններ, եւ այսօր հայ-իտալական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որը հասկանալի չէ, թե ինչպես է հաղթահարվելու։ Դեսպանի ագրեմանի ուշացումը եւս սրանով են բացատրում։