Շատ քաղաքացիներ շնորհակալություն են հայտնում կառավարությանը

Շատ քաղաքացիներ շնորհակալություն են հայտնում կառավարությանը

Չնայած արտակարգ դրության սահմանափակումներն իշխանությունը քայլ առ քայլ վերացնում է, մայիսի 4-ից էլ կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները, սակայն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես պատգամավորների շրջանում խոր անորոշություն է։ Ոչ ոք չգիտի՝ մայիսի 14-ին կրկին կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը, թե՞ կհանվի։

Այս անորոշությունը չփարատեցին նաեւ կառավարությունից։ Արտակարգ դրության պարետատան խոսնակ, համատեղության կարգով նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց․ «Հարցը քննարկման փուլում է: Որոշման մասին պատշաճ ժամկետում կտեղեկացնենք»: Տեղեկություններ կան, որ իշխանության բարձր օղակներում հակված չեն վերացնել արտակարգ դրության ռեժիմը, դա պայմանավորված է ոչ միայն կորոնավիրուսով վարակվածների թվի աճով, այլեւ քաղաքական նկատառումներով։ Բանն այն է, որ արտակարգ դրության ավարտից 50 օր անց պետք է կայանա Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն, իսկ իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ չի հաջողի հանրաքվեից պատվով դուրս գալ եւ հասնել ՍԴ նախագահի եւ վեց դատավորների պաշտոնանկությանը։ Դեռ արտակարգ դրությունից առաջ էր կասկածելի «Այո»-ի հաղթանակը, առավել եւս՝ հիմա։ Ուստի մտադիր են արտակարգ դրության սահմանափակումները հանել, սակայն արտակարգ դրությունը պահպանել, որ մեկ ամիս էլ հետաձգեն հանրաքվեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո:

Ընդ որում, ըստ օրենքի, նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Ի դեպ, օրենքում բաց կա, որը չի տալիս այն հարցի պատասխանը՝ արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ հանրաքվեի ողջ գործընթացը պետք է սկսվի սկզբից, «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը պետք է կրկի՞ն ձեւավորվեն, թե՞ գործընթացը պետք է շարունակվի։ Չնայած Փաշինյանն արտակարգ դրության որոշումն ընդունելու օրն ասել էր, որ հանրաքվեի գործընթացը նույն կետից են շարունակելու, իսկ սա նշանակում է, որ իշխանությունը ոչ թե մեկ ամիս ունի ռեյտինգը վերականգնելու համար, այլ ուղիղ կեսը, քանի որ ընդհատված քարոզարշավի ժամկետն արդեն գրեթե կիսվել է։

«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի խոսքով, չնայած որոշ սահմանափակումների վերացմանը, այդուհանդերձ, չի կարելի վստահ լինել, որ մայիսի 14-ին կվերացվի նաեւ արտակարգ ռեժիմը․ «Իրավիճակից է կախված։ Այո, միգուցե հիմա ունենք դրական դինամիկա, բայց Աստված ոչ անի, եթե մի քանի օրվա ընթացքում իրավիճակ փոխվեց, ապա հնարավոր է չվերացվի»։ Ասաց նաեւ՝ հանրաքվեի անցկացման վերաբերյալ թիմում քննարկում չեն ունեցել, վստահեցրեց, որ իշխանությունն այս ընթացքում ոչ միայն չի կորցրել վարկանիշը, այլեւ կորոնավիրուսից հետո շահած է դուրս գալու․ «Այս իրավիճակը մենակ մեր երկրում չէ, մեր իշխանություններն ամեն ինչ արել են, շատ քաղաքացիներ շնորհակալություն են հայտնել, որ կառավարությունն իրենց նկատմամբ ուշադիր է, եւ շատ փաթեթներից իրենք օգտվել են։ Ես վստահ եմ, որ կորոնավիրուսի այս իրավիճակից իշխանությունը դուրս է գալու շատ բարձր վարկանիշով, որովհետեւ եթե նայում ենք, համեմատում այլ երկրների հետ, մեզ մոտ ե՛ւ տնտեսապես, ե՛ւ առողջապահական առումով շատ լավ վիճակ է, մահացությունը շատ քիչ է, իսկ դա կառավարության լավ քայլերի արդյունքն է»։