Ինչ պետք է իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Ինչ պետք է իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Պաշտոնական լրահոսից իմանում ենք, որ նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նկատենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները, իրենց ողջ յուրօրինակությամբ հանդերձ (եթե չասենք՝ տարօրինակությամբ), շարունակում են ընթանալ դրական հունով։ Մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ Թուրքիան ուկրաինական ճգնաժամում լարվածության առաջին նշանների ի հայտ գալուց սկսած, փորձում է միջնորդի դեր ստանձնել՝ սեփական շահերից ելնելով, ու Անկարայից բազմաթիվ անգամներ շեշտվել է, որ Թուրքիան նպատակ ունի լավ հարաբերություններ պահպանել թե՛ Մոսկվայի եւ թե՛ Կիեւի հետ։ Ու որպես ապացույց իր խոսքերի, չնայած լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան չմիացավ հակառուսական սանկցիոն վերջին արշավին եւ բաց պահեց իր երկինքը ռուսական օդանավերի համար։

Ռուսաստանն էլ, ինչպես ասում են, «լավության տակ չմնաց», եւ ԱԳ նախարար Լավրովը մասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ավելին, այդ ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Չնայած այդ հանդիպման արդյունքները կարելի է համարել զրոյական, սակայն Լավրովի մասնակցությունը դիվանագիտական ֆորումին, թեկուզ միայն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման համատեքստում, արդեն իսկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի համար փայլուն PR ակցիա էր։  

Հայտնի է նաեւ, որ Անկարան եւ Մոսկվան շարունակում են Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպման նախապատրաստությունները։ Այս ամենից հետո, տրամաբանորեն կարելի էր արձանագրել, որ ռուս-թուրքական հարաբերություններում «մեղրամսային տրամադրությունները» դեռ շարունակվում են, եւ Մոսկվան այնքան է գնահատում Անկարային, որ ԱԳ նախարարի մակարդակով հայտարարում է, որ չնայած Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, բայց Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը ողջունելի է իրենց համար (այստեղ հատուկ շեշտենք, որ Թուրքիան Ղրիմի միացումը Ռուսաստանին համարում է բռնակցում)։ Սակայն իրականում ռուս-թուրքական հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, որքան թվում են։

Հատկապես հիմա, երբ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է իրականացնում, իսկ Ուկրաինան էլ կիրառում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ ռուսների դեմ (այստեղ էլ հատուկ շեշտենք, որ երբ ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրություններում սկզբում տեղեկություն էր հրապարակվում բայրաքթարների առնչությամբ, նշվում էր դրանց թուրքական արտադրության լինելը, իսկ որոշակի մի պահից սկսած՝ արդեն դրանք անվանվում են ուկրաինական)։ Ու թվում է, թե միայն այս վերջին ներկայացրած հանգամանքը պետք է բավարար լիներ, որպեսզի Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները վատանային։ Սակայն ոչ։ Պարզվում է, Ռուսաստանն այլ լուծում է գտել ու փոխանակ Անկարայի հետ հարաբերությունները փչացնի, պարզապես հարվածել է ուկրաինական «Զորյա մաշպրոյեկտ» գործարանին, որը թուրքական ԱԹՍ-ների համար շարժիչներ էր արտադրում։ (հիշեցնենք․ այն բանից հետո, երբ Արեւմուտքը հրաժարվեց ԱԹՍ-ների համար նախատեսված շարժիչներ վաճառել Անկարային, ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, կարծես թե, դրանք անելու պատրաստակամություն հայտնեց Ուկրաինան)։ Ու այդ հարվածն արդեն իսկ ցավոտ արձագանքների տեղիք է տվել Թուրքիայում։

Մասնավորապես, թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըն անդրադարձել է «Զորյա մաշպրոյեկտ» գործարանին ռուսական զինուժի հասցրած հարվածներին եւ ասել, որ «այդ հարվածները մեծ վնաս են հասցնում թուրքական ռազմական արդյունաբերությանը»։ Ի դեպ, Անկարան կաշվից դուրս էր գալիս՝ համոզելու համար, որ բայրաքթարները Կիեւին մատակարարում է ոչ թե Անկարան, այլ թուրքական մասնավոր ընկերությունը։ Ըստ էության, սա այն է, ինչ պետք է իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին։ Եվ այդ հարաբերությունների մասին դատողություններ անելիս պետք է հիշել, որ Մոսկվան որոշել է ոչ թե ուղիղ առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ, այլ պարզապես բավական հետաքրքիր ու նորարար աշխատաոճով հարվածել Անկարայի «ցավոտ տեղերին», այդ, այսպես ասած՝ «սիրագորով զգաստացնող ապտակներով» որոշակի բաներ հասկացնելով։ Ու Անկարայում, իհարկե, այս ամենը լավ հասկանում են եւ «դասեր քաղում» յուրաքանչյուր «ապտակից»։