Ռեժիմ

Ռեժիմ

Ռեժիմը որպես քաղաքագիտական եզրույթ գործածվում է պետական կառավարման հատկապես այն ձևերի վերաբերմամբ, որոնց փոքրիշատե բնորոշ են բռնապետական ոճը և կազմաբանությունը։ Սակայն կառավարման որևէ համակարգ ռեժիմ անվանելու համար պակաս նշանակություն չունի այդ համակարգը բաղադրող մասերի ներքին փոխկապակցվածությունը, կենտրոնաձիգ բնույթը, «ուժեղ ձեռքի» գործոնը, որը պարբերաբար ձգում է պետական մեքենայի թուլացած պտուտակները։ Ռեժիմն անպայման ենթադրում է նաև ամուր կառավարման առնվազն երևութականություն։ 

Նիկոլ Փաշինյանի կառավարման մասին, ահա, ինչ ուզես կարելի է ասել, բայց ռեժիմ անվանել՝ չի կարելի։ Ու որքան էլ տարօրինակ է, այդ հանգամանքը չի խոսում թավշյա կառավարիչների օգտին, այլ՝ ի վնաս նրանց։ Ներքին անկազմակերպվածությունը, անհետևողականությունը, հեղհեղուկությունը, քաոսը, որոշումների ընդունման անկարողությունը հանգեցրել են այն բանին, որ այսօր ունենք կառավարություն ու վարչապետ, որոնք չեն վերաճել ռեժիմի՝ բառի առնվազն կազմակերպական նշանակությամբ։ Իսկ վերջինս այդ եզրույթի դրական ընկալումներից է՝ այս կամ այն չափով վերաբերելի քիչ թե շատ կայացած, նույնիսկ ամենաժողովրդավարականի համարում ունեցող կառավարություններին։ 

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի պետական կառավարման ոճը նրանց դարձնում էր ռեժիմային դեմքեր, մինչդեռ նորերի օրոք այդ ընկալումը բացակայում է։ Ն․ Փաշինյանը ռեժիմային դեմք չէ։ Դա իհարկե տարօրինակ է, որովհետև, չնայած վարչապետի էմոցիոնալ, հախուռն պահվածքին, բռնապետական անզուսպ հակումներին, այնուամենայնիվ չի ուրվագծվում ռեժիմի «տիրոջ» այն կերպարը, որը կարող էր ներքնապես կարգաբերել պետական բարձիթողի մեքենան, ապահովել նրա կանխատեսելի ընթացքը գոնե մոտ ապագայի համար՝ ներկա քաղաքական և գաղափարախոսական անորոշությունների, անհեռանկարայնության փոխարեն։ Ն․ Փաշինյանն ուժեղ դեմք չէ։ Եվ ինչքան էլ լրատվամիջոցները պարբերաբար մատուցեն «վարչապետը զայրացավ», «վարչապետը շան լափ թափեց․․․», «Փաշինյանը ափերից դուրս եկավ» և այս կարգի  «լուրեր», իր ողջ պետական լրջմտությունը ֆեյսբուքյան տեսաուղերձներում ու պետության առաջին դեմքին ոչ պատշաճ վարքագծում վատնած քաղաքական գործիչը չի «ձգում»՝ դառնալու պետական գործիչ, առավել ևս՝ ռեժիմի դեմք։ 
Ն․ Փաշինյանի ռեժիմի բացակայությունն առավել ցայտուն է երևում արտաքին քաղաքական հարաբերություններում, որտեղ վարչապետի կողմնորոշումային խարխափումները, պատեհապաշտությունը, ուղեգծի բացակայությունը և հակասականությունը երկիրը աշխարհի պետությունների շարքում դարձնում  են անհասկանալի, համարյա՝ չճանաչվող օբյեկտ։  Փաշինյանի իշխանությունն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու նույնիսկ դիվանագիտական մշակույթի պակաս ունի, ինչը նրա իշխանության ներկայացուցիչները երբեմն փորձում են լրացնել ամբարտավանությամբ, ինքնավստահությամբ, ինքնասիրահարվածությամբ։ Եվ թեև Նիկոլն ու իր թիմը ապրում են մեծամտության ու ինքնաբավության ամենօրյա ռեժիմով, նրանց կառավարումն այդպես էլ ռեժիմ չի դառնում։

Որքան էլ համարենք, որ ցանկացած ռեժիմ ի վերջո հետադիմական երևույթ է, փաստն այն է, որ պատմաքաղաքական որոշակի իրավիճակներում հասարակության համար ավելի ապահով  է գտնվել որոշակի ռեժիմի պայմաններում, որը, ամեն ինչից զատ, նաև որոշակի գաղափարականություն է ենթադրում, քան գտնվել անիշխանության, քաոսի, ամենաթողության, այս ամենի հետևանքով՝  անտերունչ լինելու զգացողության մեջ։
Հասարակությունն այսօր ապրում է իր գոյընթացի ինքնաբերական լինելու տպավորության մեջ, քաղում է գաղափարական «իզմ»-երի բացակայության պտուղները, որոնք մեր պետության ընթացքը կիմաստավորեին և կնպատակայնացնեին։ 

Այս ամենի նախանշաններն ակնհայտ էին դեռևս այն ժամանակներից, երբ երկրի վարչապետը հրապարակային խոսեց որևէ գաղափարական «իզմ»-ից իր անկախության մասին։ «Իզմ»-երից իրեն ձերբազատ էր համարում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի իշխանությունը նույնպես բնութագրվում է անորոշությամբ, քաոսով, ասել է թե՝ ռեժիմի բացակայությամբ։

Մեր իշխանությունները չեն կարողանում վերածվել ռեժիմի՝ այն դեպքում երբ դա աշխարհաքաղաքական նորօրյա զարգացումների պարտադրանքն է։ 

Հ․Գ․։ Ի դեպ, «ռեժիմ» բառի հայերեն համարժեքները՝ վարչակարգ կամ վարչակազմ, կազմությամբ արդեն մատնացույց են անում կառավարման ոճում կարգի և կազմի գերակայությունը․ նկատենք, որ կազմ-ից արտածվում է կազմակերպվածությունը, կարգ-ից՝ կարգաբերվածությունը և կարգապահությունը։
 Ն․ Փաշինյանի կառավարության համար հայերեն երկու համարժեքն էլ չեն «գործում»․ պետական կառավարման համակարգում չկա ո՛չ կազմակերպվածություն, ոչ կարգաբերվածություն։
Չկա ռեժիմ։