Արցախն ինտեգրեն Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային, մինչ այդ վերացնելով ինտեգրացիայի խոչընդոտները

Արցախն ինտեգրեն Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային, մինչ այդ վերացնելով ինտեգրացիայի խոչընդոտները

ՔՊ-ական պատգամավորների բերանով խոսում է Նիկոլ Փաշինյանը․ առանց նրա հետ համաձայնեցնելու, առանց նրա հրահանգի որեւէ մեկը չի կարող ինքնուրույն տեսակետ հայտնել, այն էլ՝ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Երբ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանը պետք է դուրս գա, նա չի արտահայտում անձնական կարծիքը, ընդամենը կրկնում է այն, ինչ համարվում է մոդայիկ ՔՊ-ական միջավայրում: «ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, եթե մի բան օգուտ չի տալիս, մեզ պետք չէ»․ իր եւ իշխանության ընդհանրական տեսակետն այսպես է հիմնավորում Ասլանյանը: Իսկ որ ՀԱՊԿ-ն օգուտ չի տալիս Հայաստանին, Ասլանյանը փորձում է ապացուցել նաեւ օրինակներով. ՀԱՊԿ-ն ոչ մի քայլ չարեց, երբ ադրբեջանական բանակը գրավեց Սեւ լճի տարածքը, Արցախում գրավեց Խնածախը, հիմա էլ ոչինչ չեն անում, երբ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը: «Նրանց հովանավորության ներքո թուրքերն ավելի լածիրակ են դառնում». թուրքերի սանձարձակությունից իբրեւ թե փորձում է բողոքել Ասլանյանը:

Ձեւակերպումը, որ անպետք եւ անօգուտ կառույցներից պետք է հրաժարվել, իսկապես խելամիտ է հնչում: Բայց այդ ֆորմուլան պետք է լինի ունիվերսալ եւ չպետք է սահմանափակվի միայն ՀԱՊԿ-ով: Հիմա նայենք, թե ինչ է արել Հայաստանի իշխանությունը վերջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում: Առանց որեւէ կրակոցի, կամավոր՝ Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնել Գորիս-Կապան ավտոճանապարհը, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում իրականացված չէ, եւ հայտնի չէ, թե իրականում ում տարածքում են գտնվում այդ ճանապարհի այն հատվածները, որոնք Փաշինյանի հրահանգով նվիրեցին Ադրբեջանին: Ասլանյանը խոսում է Սեւ լճի տարածք Ադրբեջանի բանակի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ անգործության մասին, բայց չի ասում, որ հայկական բանակի զինվորները Սեւ լճի տարածքում իրենց դիրքերը լքել են առանց որեւէ կրակոցի, հնարավոր է՝ իշխանության իջեցրած հրահանգով: Ասլանյանը խոսում է Լաչինի միջանցքի բացման հարցում ռուսական բանակի անգործության մասին եւ ոչինչ չի ասում, թե, օրինակ, Հայաստանի իշխանություններն ինչ են անում միջանցքը բացելու համար: Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմից տարբեր հնչեղ պաշտոններ ստացած որոշ անձինք ինչ-որ հայտարարություններ անում են, բայց հայտարարությունների մակարդակով ռուս խաղաղապահներն ավելի նպաստավոր վիճակում են, նրանք ամեն օր են հայտարարում, որ Լաչինի միջանցքի անխափան գործարկման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:

Եթե Ասլանյանը եւ ՔՊ-ական իշխանությունները համարում են, որ ՀԱՊԿ-ն անիմաստ եւ անօգուտ կառույց է, եւ դրանից պետք է ազատվել, ապա դրանից ավելի անիմաստ ու անօգուտ կառույց է գործող իշխանությունը, որից ազատվելն ավելի մեծ օգուտ կտա Հայաստանին եւ հայ հասարակությանը, քան, օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս գալը: Եթե ՀԱՊԿ-ն անօգուտ կառույց է, ի՞նչ է տալու Հայաստանին այդ կառույցից դուրս գալը, մի՞թե դրանով Հայաստանն ամրապնդելու է իր անվտանգությունը: Կամ՝ եթե Հայաստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից, մի՞թե Լաչինի միջանցքը բացվելու է, իսկ թուրքերն ավելի պակաս լածիրակ են դառնալու: Ասլանյանը եւ ՔՊ-ական թիմի ներկայացուցիչները չունեն այս հարցերի պատասխանը, բայց նրանց դա այնքան էլ չի հուզում: Նրանք շարժվում են մոդային համապատասխան. երեկ մոդայիկ էր նախկին իշխանություններին հայհոյելը, իրենք դրանով էին զբաղված, այսօր մոդայիկ է ՀԱՊԿ-ի դեմ խոսելը` խոսում են այդ թեմայով, վաղը մոդայիկ կլինեն Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ գործադրված չարիքները բացահայտելն ու դատապարտելը, նրանք չեն շեղվի մոդայից: Ասլանյանը հայտարարում է. «Եթե հաստատվի, որ մեր թիմակիցները պետության հաշվին ուզեցել են հարստանալ, առաջիններից մեկը կլինեմ, որ նրանց դեմ կխոսեմ, երկրի շահից կարեւոր բան չկա, կխոսեմ, ովքեր փորձեն երկիր թալանել, իմ թշնամին կլինեն, կգնդակահարեի բոլոր նրանց, ովքեր բանակի եւ երկրի հաշվին հարստացել են»: Հիմա պատկերացնում եք, չէ՞, թե ՔՊ-ում քանի մարդ կա, ով ուզում է գնդակահարել թալանով զբաղվող թիմակիցներին: Սա ամենեւին էլ նոր երեւույթ չէ. Ստալինը երեկ ժողովուրդների հայրն էր, վաղը` արյունարբու բռնակալ, հետո` հանիրավի չգնահատված եւ մերժված պետական գործիչ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեզը մոդայիկ դառնալուն կամ դարձնելուն. Փաշինյանն Արցախի իշխանություններին կոչ է անում՝ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ ինտեգրվել Ադրբեջանին: Եթե Արցախն ինտեգրվի Ադրբեջանին, Հայաստանն էլ հանգիստ կինտեգրվի Թուրքիային: Ի տարբերություն Արցախի, որտեղ Ադրբեջանին ինտեգրվելու հարցով լուրջ դիմադրություն կա, եւ այդ թեմայով բանակցությունները ձախողվում են, Փաշինյանի թիմի ներկայացուցիչները բավական հաջող բանակցում են Թուրքիայի իշխանությունների հետ, որոնց վերջնարդյունքը լինելու է Հայաստանի ինտեգրումը Թուրքիային: Միայն թե այդ ինտեգրմանը խանգարում է ՀԱՊԿ-ն. չի կարող Թուրքիան լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ նրան ինտեգրվող Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական հակառակորդ եւ թշնամի ՀԱՊԿ-ի անդամ: Դրա համար Թուրքիան պահանջ է դրել Հայաստանի իշխանությունների առաջ` մինչեւ ինտեգրումն ազատվել նման խոչընդոտներից: Նույն ձեւով Արցախի` Ադրբեջանին ինտեգրմանը խանգարում են ռուսական խաղաղապահ զորքերը: Որքան շուտ նրանք հեռացվեն այստեղից, այնքան ինտեգրումը կլինի ավելի արագ եւ արդյունավետ:

Ավետիս Բաբաջանյան