Հանձնելով Արցախը, կապիտուլացնելով Հայաստանը

Հանձնելով Արցախը, կապիտուլացնելով Հայաստանը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

- Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նախորդը եղել էր այս տարվա հունվարին: Ինչո՞ւ որոշեց կրկին ասուլիսով հանդես գալ, եւ, ըստ Ձեզ, ինչի՞ մասին էր այդ ասուլիսը: Կան կարծիքներ, որ սա ասուլիս էր պատերազմից հինգ պակաս…

- Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետում մի ինֆորմացիա` գործի դնելով իրեն պատկանող լրատվամիջոցները: Մամուլի ասուլիսի միջոցով նա փորձում է հասարակությանը նախապատրաստել այն ծրագրի կետերին, որոնց համար ինքը եկել է իշխանության եւ կարծես թե շարունակում է մնալ իշխանության ղեկին բազմած` իրականացնելով այդ ծրագրերը: Որեւէ նոր բան, կարծում եմ, չի ասվել այդ ասուլիսին: Համենայնդեպս, ինձ համար որեւէ նորություն այդտեղ չկար: Զարմացած չեմ նրա ոչ մի խոսքից: Այդ մարդը եկել է իշխանության՝ հանձնելով Արցախը, կապիտուլացնելով Հայաստանը: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է, մեծ հաշվով՝ այդ ասուլիսը հենց դրա մասին էր:

- Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծ է էսկալացիայի հավանականությունը ե՛ւ Հայաստանի սահմանի երկայնքով, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի: Նա ասում է, որ եթե այս տարվա ընթացքում Ադրբեջանի պահանջները չբավարարվեն, թշնամին կարող է հարձակվել մեզ վրա:

- Այն, որ կա պատերազմի շատ մեծ վտանգ, փաստ է: Պատերազմի վտանգը մեծ է ոչ թե նրա համար, որ Ադրբեջանն է այդպես ուզում, այլ որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկին մի մարդ է` Նիկոլ Փաշինյան անունով, որն ի փառս ու ի շահ չի գործում Հայաստանի համար: Ցանկացած երկրում, եթե ղեկավարը չի մտածում իր ազգային շահերի ու պետության մասին, պատերազմի վտանգը մեծանում է, անկախ նրանից, թե հարեւանն ով է: Մեր պարագայում այն ավելի ակտուալ է դառնում, քանի որ, ցավոք, մենք ունենք դարավոր թշնամիներ` Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավորությամբ: Միայն Նիկոլ Փաշինյանի լինելն իշխանության ղեկին առաջացնում է պատերազմի մեծ վտանգ: Փաշինյանը դա շատ լավ գիտակցելով՝ հասարակությանը փորձում է պահել վախի մթնոլորտի մեջ, որպեսզի իր գործողություններն ու քայլերը, որոնք դեմ են հայկական շահին, կարողանա կյանքի կոչել: Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ընդունակ է դա անել: Դրա վառ ապացույցը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է: Նա, ստորագրելով այդ համաձայնագրի տակ, հայտարարեց, որ փրկում է 30 հազար զինվորի կյանքը: Դա իշխանություն պահելու ծանոթ ձեռագիր է:

- Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տեւեց մոտ հինգ ժամ: Նրա ո՞ր հայտարարությունն է առավել տպավորվել Ձեզ մոտ:

- Որպես այդպիսին՝ նորություն չլսեցի, սակայն տպավորվել եմ այն հատվածից, երբ Փաշինյանը նշեց, որ այլեւս միայն խոսելու է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգությունից եւ իրավունքներից: Նա նշեց, որ պետք է բանակցել, եւ մեր կողմից պետք է բանակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել. Փաշինյանի համար, փաստորեն, չկան Արցախի իշխանություններ, կան Ղարաբաղի ներկայացուցիչներ: Այսինքն` Արցախի Հանրապետություն այլեւս չկա: Այդ բառակապակցություններն օգտագործում է թշնամի երկրի նախագահը: Որպես այդպիսին, սա էլ ինձ համար նորություն չէր եւ չզարմացրեց ինձ: Թերեւս այդ ասուլիսի հիմնական նպատակներից մեկը մարդկանց ականջին թշնամու բառամթերքն ընտելացնելն էր: Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ակնարկեց, որ չկա Արցախ, չկա Արցախի հարց, կա Ղարաբաղ, եւ կան Ղարաբաղում ապրող հայեր, եւ կան Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչներ:

- Վարչապետը նաեւ ասել է՝ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է մեզնից հեռանում:

- Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընթացքում ստեղծել է արտաքին վեկտորի փոփոխության բոլոր հնարավոր նախադրյալները: Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ շատ պարզ է: Փաշինյանը հստակ քայլերով փորձում է Ռուսաստանին փոխարինել Արեւմուտքով: Վեկտորի փոփոխությունն ունի մեկ հստակ միտում՝ Հայաստանից հանել ռուսական ռազմաբազան: Բնական է, որ եթե Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու խնդիր կա, ապա ՀԱՊԿ-ն խզելու է իր կապերը Հայաստանի հետ: Միամտություն է կարծել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելուց հետո կարող ենք խոսել ՀԱՊԿ-ի աջակցության մասին: Գեղեցիկ «փաթեթավորմամբ» կարողանում են իրենց նպատակը հասցնել հասցեատիրոջը: Հասարակությանն այնպես են ներկայացնելու, թե իբրեւ այլ տարբերակ չկար, որ ՀԱԿՊ-ն է հեռացել մեզնից: Սա մեծ անհեթեթություն է:

- Չնայած Արցախի նախագահը բացառել է ինտեգրացիայի ճանապարհը, սակայն Ադրբեջանը դա է պահանջում: Ի՞նչ է պատկերացնում Ադրբեջանը՝ ինտեգրացիա ասելով:

- Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահն ինտեգրացիա ասելով, սակայն մեզ համար պարզ է ու հստակ, որ մեզ համար կարմիր գիծ է Հայաստան եւ Արցախ պետությունների սոցիալ-տնտեսական ինտեգրացիան անգամ մեկ աստիճանով պակասեցնելը: Արցախի Հանրապետությունը եղել է եւ պետք է մնա որպես Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի ինտեգրացված մի մաս: Ադրբեջանն ի՞նչ է ցանկանում անել՝ ցանկանում է քանդել հենց այդ ինտեգրացիան, այն ներկայացնելով էժան գազի եւ անվտանգության անվան տակ, ասել է թե՝ ի՞նչ տարբերություն, թե ով կգնի Կաշենի հանքը: Փորձ է արվում խախտել, թուլացնել Հայաստան-Արցախ սոցիալ-տնտեսական կապը: Սա կարմիր գիծ է: Հայաստան-Արցախ կապը պետք է պահել որպես սրբության սրբոց: