Անփորձների ժամանակը

Անփորձների ժամանակը

Ինչպեսեւ գրել էինք` երեկ Երեւանի ավագանու նիստում նշանակվեցին քաղաքապետի 3 նոր տեղակալները՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Ստեփան Մաչյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը եւ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ Մենք երեկ փորձեցինք այս անձանց մասին հարցնել հանրային տարբեր գործիչների, ակտիվ մարդկանց կարծիքը` ճի՞շտ ընտրություն է կատարել իշխանությունը, ովքե՞ր են այս անձինք, ի՞նչ կարծիքի են նրանց մասին մարդիկ, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ եւ բոլոր աչքի ընկնող պաշտոնյաներին գիտեն: Պարզվեց` այս երեքի անունը ոչինչ չէր ասում մեր զրուցակիցներին: Երեքն էլ խիստ երիտասարդ են` 30 տարեկան կամ մի քիչ ավելի: Ոչնչով մինչ օրս աչքի չեն ընկել, ոչինչ չեն ստեղծել, իրենց աշխատած հիմնարկներում հետք չեն թողել: Եվ մարդիկ զարմանում էին` ո՞ր արժանիքների համար են նրանք նշանակվել այս բարձր պաշտոններին:

Մեր աղբյուրներն ասում են, որ այս ընտրությունն արժանիքներով չէ պայմանավորված, այլ իշխանություններին հավատարմությամբ եւ ապագա քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ ունեցած մտերմությամբ: Իսկ Երեւանը պետություն է պետության մեջ, եւ այստեղ պաշտոն զբաղեցնողները նախարարից պակաս կարեւոր դերակատարում չունեն: Նրանք նաեւ ոլորտներ են կառավարելու` քաղաքաշինության, կրթության, առողջապահության, մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունն են ապահովելու: Արդյոք այս անձինք պատրա՞ստ են նման պատասխանատու աշխատանքի, գլուխ հանելո՞ւ են իրենց վստահված ոլորտներից, թե՞ մենք վաղը կանգնելու ենք փաստի առաջ: Ինչպես կանգնել ենք մյուս բնագավառներում` երկիրն անփորձ պատանյակներին վստահելու արդյունքում, եւ ունեցել ենք պատերազմ, զոհեր, կորուստներ, համավարակի դեմ պայքարի ձախողում: