Վաղը կարող է գալ մի կառավարություն, որը որոշում կայացնի՝ այդ շենքերն օտարել

Վաղը կարող է գալ մի կառավարություն, որը որոշում կայացնի՝ այդ շենքերն օտարել

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունը, ի դեմս ՀՀ Գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։ Այդ մասին համապատասխան գրություններ էին ստացել 2 միություններն էլ, որոնք այս ընթացքում իրենց իրավաբանների հետ փորձում են հասկանալ, թե միությունների սեփականաշնորհված գույքի հարցում 25 տարի անց ինչ իրավախախտումներ է գտել դատախազությունը։ 

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր զարգացումներ կան։ «Դեռ հավելյալ ոչ մի գրություն չենք ստացել։ Այն գրությունը, որ ստացել էինք շաբաթներ առաջ, մեր իրավաբանը հիմա հետազոտում է գործը, ծանոթանում ենք թղթերին»,- ասաց Սաֆարյանն ու նշեց, որ ապրիլի 18-ին, ժամը 12.00-ին Նկարիչների միությունում տեղի է ունենալու մամլո ասուլիս, որտեղ որոշ մանրամասներ կներկայացնեն այս խնդրի առնչությամբ, որը շատ է հուզում նկարիչներին եւ ոչ միայն նրանց։ Ասուլիսի ընթացքում կհայտարարեն նաեւ արտահերթ համագումարի օրը, որպեսզի միության բոլոր անդամները տեղյակ լինեն այս խնդրի մասին եւ իրենց դիրքորոշումն արտահայտեն, քանի որ, ինչպես նկատեց միության նախագահը, Նկարիչների միության ամբողջ գույքը պատկանում է միության անդամներին։   

Օրեր առաջ ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գրողների եւ նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնությանը, մասնավորապես նշելով, թե «հնարավոր չէ այդպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից։ Բայց հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլեւ բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձեւով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից»։ 

Այս սցենարը Սուրեն Սաֆարյանը եւս ոչ պակաս վտանգավոր է համարում։ «Այս հարցը շատ վտանգներ է իր մեջ պարունակում, որովհետեւ շտապողականությունը լավ բանի չի բերում։ Մենք մի կողմից ցանկանում ենք փրկել շենքերը հետագա օտարումներից, բայց մյուս կողմից շատ հեշտ կարող ենք հանգել այն կետին, որ շենքը շատ հեշտ օտարվի։ Եթե նույնիսկ պետականացվում են այդ շենքերը, եւ կառավարությունն իր կառավարման մինչեւ վերջին օրը պահում է իր խոսքը, ու, ինչպես պարոն վարչապետը հնչեցրեց, կարող է տարբերակ լինել, որ այդ շենքերն անհատույց տրամադրվեն նկարիչների ու գրողների միություններին, բայց վաղը կարող է գալ մի կառավարություն, որը որոշում կայացնի դրանք օտարելու։ Այդ կետով մենք շատ թիրախավորված ենք լինելու, դրա համար մենք պետք է գտնենք այլ տարբերակ։ Եթե եղել են այդ իրավախախտումները, ապա դա պետք է բացահայտվի, եւ դատարանում մեզ ներկայացնեն՝ արդյո՞ք եղել են նման իրավախախտումներ, թե ոչ, որովհետեւ մենք ունենք սեփականության վկայական, որի վրա գրված է, որ, համաձայն ՀՀ կառավարության որոշման, տրվում է սեփականաշնորհման վկայական: Թե ինչ իրավախախտումներ է արել արդեն կադաստրը՝ ես չգիտեմ, դատարանում մենք կպարզաբանենք այդ հարցերը։ Հետո՝ կադաստրը որոշող մարմին չէ, այլ՝ գրանցող մարմին, եւ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում է, որ նա կարողանում է գրանցել այս կամ այն գույքը սեփականաշնորհման իրավունքով»,-եզրափակեց Ս․ Սաֆարյանը։