Իջեւանի բախումների դեպքով կալանավորվածներից 3-ը ազատ են արձակվել

Իջեւանի բախումների դեպքով կալանավորվածներից 3-ը ազատ են արձակվել

Իջեւանի անկարգությունների դեպքով կալանավորված Վահրամ Սիմոնյանը շարունակում է գտնվել կալանքի տակ, թեպետ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը գրավ կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան ու մերժվել։
Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում  ասաց, թե կալանավորված 10 անձանցից ոմանց գրավի դիմաց ազատ են արձակել, իր իսկ պաշտպանյալին՝ ոչ։
Հիշեցնենք՝ Սիմոնյանը կալանավորվել է ոստիկաններից մեկի ցուցմունքի հիման վրա։
Մայրը՝ Գրետա Ղուլարյանը «Հրապարակ»-ին պատմեց․ «Պահանջում ենք բոլորս էլ ազատ արձակեն, հատկապես իմ տղայի գործը լրիվ ուրիշ ա, վրեժխնդրություն ա, եղել ա խոշտանգում փոքր տղայիս գործով, էս տղաս էլ որպես դիտորդի դերում նայելուց է եղել,  պահը օգտագործել են, թակարդ են լարել, կարելի ա ասել, իմ տղայի համար, մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել ա։ Իբր թե ակտիվ գործողություններին ակտիվ մասնակցել ցույցերի օրերին։ Բայց, ոչ ապացույց կա, որ մի բան։ Օգտվեցին պահից, թակարդ պատրաստեցին»։

Տիկին Էմմայի  խոսքով՝ Իջեւանում բախումների օրերին ձերբակալվել են ամուսինն ու մեծ տղան, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին․ «Օրգանը արդեն իր գործն իմացել ա։ Մեկի ցուցմունքով կալանավորո՞ւմ են, էնտեղ սրսկվում ա, ողնաշարի գրիժայի խնդիր ունի, բացի դա կինը հղի ա, վիժման վտանգներ կան, հիվանդանոց ա պառկել»։

Նշենք, որ 2017 թվականին Վահրամ Սիմոնյանի եղբայրն,  ըստ մեղադրանքի՝ խոշտանգման էր ենթարկվել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Գերասիմ Մարդանյանի կողմից։ Վահրամ Սիմոնյանը հենց այդ ժամանակ Մարդանյանի թիրախում էր հայտնվել որպես ապօրինի ծառահատում կատարող։ Տիկին Գրետան հենց այս դեպքը նկատի ունի, երբ այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ցանկացել են որդուց վրեժխնդիր լինել, այդ իսկ պատճառով է ոստիկանը նրա դեմ ցուցմունք է տվել։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին՝ այս գործով կալանավորված 10 անձից 3-ը գրավի դիմաց ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջեւանում մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել էին, երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը: