«Շանթ» ընկերության հիմնադիրների եղբայրն օգնության կարիք ունի

«Շանթ» ընկերության հիմնադիրների եղբայրն օգնության կարիք ունի

Պաղպաղակի, հրուշակեղենի, խմորեղենի արտադրությամբ զբաղվող «Շանթ» ընկերության հիմնադիրներ Ղարիբյան եղբայրների միջնեկ եղբոր՝ Սամվել Ղարիբյանի ընտանիքը սոցիալական աջակցության կարիք ունի։

Ղարիբյանի որդին՝ Գևորգ Ղարիբյանը, ճակատի հատվածում բեկորային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղում 45-օրյա պատերազմի ժամանակ, երկարատև բուժումը ստացել է Հայաստանի Մարտունու քաղաքի հիվանդանոցում։ Գևորգ Ղարիբյանը 2020 թվականի հուլիսի 2-ին է բանակ զորակոչվել, վիրավորվել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղական համայնքում մղված մարտերի ժամանակ նոյեմբեր ամսին։

Հայրը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սոցիալական ծանր վիճակում են և օգնության կարիք ունեն։ Սամվել Ղարիբյանը երրորդ կարգի հաշմանդամ է, կնոջ և դստեր հետ վարձով են բնակվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի 43, բնակարան 15-ում։ Նրա հաշմանդամության թոշակը կազմում է 32 հազար, իսկ տան վարձը 65 հազար դրամ է։

«Պետությանը դիմել եմ աջակցության համար։ Եթե իմ եղբայրները չեն օգնում, էլ ումի՞ց օգնություն սպասեմ։ Մինչև պատերազմի սկսելը վարչապետին հասցեագրված նամակ էլ եմ գրել կառավարությանը, պաշտպանության նախարարությանն էլ եմ դիմել, պատասխանել են, որ «աջակցության այդպիսի ծրագիր չունենք»։ Գումարով թող մեկն օգնի, թեկուզ աշխատանքով՝ հաշվի առնելով իմ հաշմանդամությունը»,- ասաց Ղարիբյանը։

Վերջինիս փոխանցած էպիկրիզից տեղեկանում ենք, որ որդին բուժումը ստացել նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 26-ը։ «Փառք Աստծո, որ կենդանի է վերադարձել։ Նորից Ղարաբաղ է վերադարձել ծառայության»,- ընդգծեց նա։ Սամվել Ղարիբյանը նաև իր հեռախոսահամարն (098041488) է փոխանցել , որպեսզի օգնության հնարավորություն ունեցողները զանգահարեն։