С-400-ների թեման կրկին արծարծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

С-400-ների թեման կրկին արծարծվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

Թուրքիայի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշումների գործադրումը, կապված այն բանի հետ, որ Անկարան ձեռք է բերել ռուսական С-400 համակարգեր, կարող է ունենալ հակառակ հետեւանքներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը՝ Bloomberg-ի հետ զրույցի ընթացքում։

«Երբ մեկ այլ պետություն գալիս է մեզ մոտ առավելապաշտական հավակնություններով եւ մեզ պահանջ է դնում «կամ մեր ուզածի պես կլինի, կամ ոչ մի ձեւ չի լինի» ոգով, դա կարող է մեզ մղել այլ ուղղությամբ»,- ասել է Ղալընը։

Նա մանրամասնել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ եղել են տարակարծություններ, որոնք հիմա հաղթահարված են կառուցողական երկխոսության շնորհիվ։ Ղալընը հարց է բարձրացրել, թե ինչու նման երկխոսություն Անկարան չի կարողանում ծավալել Միացյալ Նահանգների հետ։ Անդրադառնալով С-400-ների թեմային, Թուրքիայի նախագահի խոսնակը ասել է, որ Թուրքիան դրանք կարող է տնօրինել այնպես, որ դրանք չխաթարեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը։

Ղալընը նաեւ հավելել է, որ բոլոր հարցերը կարելի է լուծել թափանցիկ եւ բաց երկխոսության միջոցով, բայց ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ Անկարայում այս հարցին լուրջ են մոտենում եւ բացի այդ որոշումը, որը կայացվել է ռուսական սպառազինությունների ձեռքբերման առնչությամբ, մեկ օրվա պատմություն չունի։