Արցախի հանձնումը գցեցին Շահրամանյան-Իշխանյան զույգի գրպանը

Արցախի հանձնումը գցեցին Շահրամանյան-Իշխանյան զույգի գրպանը

Որքան ավելանում է տեղեկատվությունը, այնքան համոզվում եմ, որ Արցախի իշխանության փոփոխությունը կազմակերպված էր Նիկոլի կողմից: Եվ այն պետք է տեղի ունենար Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի նախօրեին: Հիշենք, որ նախագահ Հարությունյան Արայիկի հրաժարականի հարցը Ստեփանակերտում քննարկվել էր նաեւ այս տարվա սկզբին՝ կարծեմ փետրվարին: Բայց այն ժամանակ ժպտադեմ Արայիկը, չգիտես ինչու, մտքափոխվել էր եւ հրաժարական չէր ներկայացրել: Այսօր ավելի քան վստահ եմ, որ այն ժամանակ Իլհամն էլ դեռեւս պատրաստ չէր ռազմական ուժով Արցախը գրավելուն: Պատրաստ չէր առաջին հերթին արտաքին աշխարհի արձագանքի ակնկալիքների առումով: Ինչպես նաեւ դրանից ածանցված՝ հոգեբանորեն: Իսկ սեպտեմբերի 19-ի նախօրեին այնքան էր լկտիացել, որ թքած ուներ թե՛ Արեւմուտքից սպասվելիք եւ թե՛ հատկապես ռուսական արձագանքների վրա: Ենթադրում եմ, որ Իլհամի տրամադրության այդ փոփոխությունն ինչ-ինչ ձեւերով հասել էր ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձին: Եվ վերջինս Արայիկին հրահանգել էր վայր դնել նախագահի լիազորությունները: Իսկ դրանից երկու ամիս առաջ արդեն իրականացվել էր Արցախի Սահմանադրության համապատասխան փոփոխությունը:   

Չեմ կարծում, թե Արցախը հանձնելու առումով Նիկոլը կոնկրետ եւ նույնիսկ ժամկետային պայմանավորվածություն է ունեցել Իլհամի հետ: Բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո միայն միամիտը կսպասեր, որ Իլհամը մի օր չէր օգտվելու այդ հնարավորությունից: Ինչը եւ տեղի ունեցավ, խնդիրն ընդամենը ժամկետի մեջ էր: Իսկ դրա համար բավարար էր, որպեսզի Ադրբեջանից «իշմար» ստացվեր, ու այն ընկալվեր Նիկոլի կողմից: Ինչը եւս տեղի է ունեցել: Խոսքը, բնականաբար, ադրբեջանական զորքերով Արցախը շրջապատելը չէր: Եվ ոչ էլ Հայաստանի արեւելյան սահմանին դրանց տեղակայումը: Դա արդեն, պայմանական ասած, երկրորդ արարն էր, որ հետեւել էր Արցախում տեղի ունեցած իշխանափոխությանը: Իսկ թե որն է եղել առաջին արարը կամ «իշմար»՝ մենք անպայման կիմանանք վարչապետի պաշտոնից Նիկոլին հեռացնելուց հետո:  

Որ իմ վարկածը մոտ է ճշմարտությանը՝ հաստատվում է այն հանգամանքով, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականին հետեւում է ոչ թե թվաքանակով երկրորդ խմբակցության (Բաբայան Սամվելի կուսակցության) ներկայացուցչի, այլ շատ ավելի փոքրաթիվ դաշնակցական խմբակցության անդամի՝ Դավիթ Իշխանյանի ընտրությունը: Արցախյան իրադարձություններին ոչ այնքան ծանոթ հայաստանցիներիս սկզբում թվաց, թե ԱԺ նախագահի ընտրության հարցում հաղթել է հայրենասիրությունը: Բայց սա հենց այն դեպքն էր, որ հանգիստ կարող ենք արձանագրել. այդ ընտրությամբ, նախ, Դաշնակցության գրպանը գցեցին Արցախի հանձնման պատասխանատվությունը: Իսկ այնուհետեւ այդ առումով Իշխանյանին, անկախ իրենից, «միացավ» Արցախի նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը: Վստահ եմ, որ ինքը կկիսեր նաեւ թշնամու ձեռքն ընկնելու՝ Իշխանյանի ճակատագիրը, եթե ռուսական կողմը նրան ուղղաթիռով Ստեփանակերտից չտեղափոխեր Գորիս: Իսկ դա, ինչպես երեւում է իմ այս վարկածից, արվել է գիտակցաբար, որպեսզի ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձն ամբողջությամբ չլվանար ձեռքերը: Եվ Արցախի հանձնումն Ադրբեջանին չկարողանար ներկայացնել որպես Շահրամանյան-Իշխանյան զույգի ապաշնորհ կառավարման հետեւանք: Ինչը հաստատ տեղի կունենար, եթե երկուսն էլ գտնվեին ադրբեջանական բանտում ու չկարողանային հերքել այդ պնդումը:

ՀԳ. Ասեմ, որ այս վարկածի համար հիմք ծառայեց Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արցախի ՊԲ զենքերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ իշխանական լրագրողի «անմեղ» դիտարկումը: Որը կատարվել է ԱԺ-ում լրագրողների հետ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի զրույցի ժամանակ: Ստացվում է, որ Արցախում պետք է իշխանության գար Շահրամանյանը, կրեր անխուսափելի պարտություն ու իր որոշմամբ զենքերը հանձներ թշնամուն: Այնինչ, ով էլ լիներ Արցախի ղեկավարը սեպտեմբերի 19-ի նախօրեին, նա այլ տարբերակ ուղղակի չէր կարող ունենալ: Ինչ մնում է Արցախի հանձնումն ԱԺ նախագահ Իշխանյանի գրպանը գցելուն, ապա նման բան մտածելու համար, ինչպես ասել եմ բազմիցս, ուղղակի պետք է լինել անգրագետ եւ նիկոլապաշտ: