Արդյոք կարելի՞ է վստահել Բորելի կոչերին եւ ԵՄ անվտանգության երաշխիքներին

Արդյոք կարելի՞ է վստահել Բորելի կոչերին եւ ԵՄ անվտանգության երաշխիքներին

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որոշել է չմասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Եվ դա անակնկալ չէր, դրա մասին Փաշինյանն իր թիմակիցներին տեղեկացրել էր դեռեւս մեկուկես ամիս առաջ: Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա, սակայն Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները նմանվում են այն ամուսինների վարքագծին, ովքեր արդեն երկար ժամանակ իրար հետ չեն ապրում, տարբեր առիթներով իրար մեղադրում են ու հայհոյում, բայց դեռ դատարանով ամուսնալուծված չեն: 

ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելը եւ վերջին մեկ տարվա ընթացքում ՀԱՊԿ գրեթե բոլոր միջոցառումները բոյկոտելը փաստացի նշանակում են, որ նա հրաժարվում է Ռուսաստանի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքներից՝ համարելով դրանք ոչ կայուն եւ վստահելի: Դրա փոխարեն Հայաստանը կարծես թե անվտանգության նոր երաշխավորներ է գտել, ի դեմս Եվրամիության՝ դրանք համարելով ավելի վստահելի եւ գործուն: Փաշինյանի՝ Մինսկ մեկնելուց հրաժարվելուց ընդամենը ժամեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը կարծես Հայաստանին տվեց այն, ինչ չէր տալիս Ռուսաստանն արդեն երկար ժամանակ` անվտանգության երաշխիքներ: Բորելը ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է. «Մեր ուղերձն Ադրբեջանին շատ հստակ է եղել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ շատ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների կոչ ենք անում, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, եւ մենք հանձնառու ենք՝ հավատարիմ մնալ միջնորդի մեր դերին»։ Այս հայտարարությունից բացի, ԵՄ ԱԳ նախարարների հավաքի ժամանակ որոշում է կայացվել՝ ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ «ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում» տրամաբանությամբ։

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. ԵՄ-ն ստանձնում է Հայաստանի անվտանգության նոր երաշխավորի դերը. մի կողմից զգուշացնում է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիք Ադրբեջանին՝ ոտնձգություն չիրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ սպառնալով ծանր հետեւանքներով, մյուս կողմից՝ ավելացնում են Հայաստանում ԵՄ պարեկների թիվը: Բայց որքանո՞վ են ԵՄ զգուշացումներն ազդելու Ադրբեջանի վրա, որքանո՞վ է Ադրբեջանը լսելու եւ հետեւելու Ջոզեպ Բորելի սպառնալիքներին: Դա հասկանալու միայն մի ձեւ կա. տեսնել, թե Ադրբեջանն ինչպես է կատարել ԵՄ-ի եւ նրա արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի նախորդ զգուշացումներն ու կոչերը: Ընդամենը մի քանի նման կոչ ու զգուշացում ենք առանձնացրել, որոնք արվել են ամիսներ առաջ՝ հասկանալու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի եւ, ընդհանրապես, ԵՄ ներկայացուցիչների խոսքի արժեքը, հետեւություններ անելու` արժե՞ դրանց հավատալ եւ վստահել այժմ:

Հուլիսի 27-ին, երբ Ադրբեջանը շարունակում էր Արցախի շրջափակումը, եւ կյանքի պայմանները գնալով դառնում էին օրհասական, Ժոզեպ Բորելը ԵՄ անունից հանդես եկավ հետեւյալ կոչով․ «Եվրոպական Միությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում՝ բացել Լաչինի միջանցքը, եւ նշում, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»: Ադրբեջանի իշխանությունը հետեւե՞ց ԵՄ այս կոչին, բացվե՞ց Լաչինի միջանցքը․ իհարկե՝ ոչ: 
Սեպտեմբերի 1․ երբ Արցախում արդեն համատարած սով էր, Իսպանիայի Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների նմանատիպ հավաքից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց. «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ եւ անխոչընդոտ տեղաշարժը»:

Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական բանակը մասսայաբար հրետակոծում էր Արցախի խաղաղ բնակավայրերը, իսկ ադրբեջանական բանակի զինվորները, մտնելով գյուղեր, սպանդ էին կազմակերպում, պարոն Բորելը նոր հայտարարությամբ հանդես եկավ. «Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղի այլ հատվածներում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետեւանքով մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է տեղի բնակչության հարկադրված արտագաղթի պատճառ դառնա»։ 

Երբ ԵՄ արտաքին քաղաքական հարցերի հանձնակատարն ասում էր, որ չպետք է խաղաղ բնակչության արտագաղթ լինի, արցախահայերը բռնել էին գաղթի ճանապարհը, իսկ հայտարարությունից մեկ շաբաթ անց Արցախի տարածքում գրեթե ոչ մի խաղաղ բնակիչ չի մնացել: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը հետեւելու է Ժոզեպ Բորելի հայտարարությանը եւ սպառնալիք չի ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը: Իհարկե, ոչ մի երաշխիք, որովհետեւ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ, Ժոզեպ Բորելը ոչ մի մեխանիզմ, ոչ մի գործիք չունի՝ այդ ագրեսիան դադարեցնելու համար: Հնարավոր է, որ մի կոչ եւ հայտարարություն էլ այդ ժամանակ լինի, հնարավոր է, որ ինչ- որ պատժամիջոցներ սահմանեն, ինչպես, օրինակ, Ռուսաստանի դեպքում. հայտարարեն, որ ադրբեջանական գազը ԵՄ-ն այլեւս կգնի ոչ թե 300 եվրոյով, այլ՝ 200: Դրանով իբրեւ թե կպատժեն Ադրբեջանին, բայց դրանից Հայաստանին ի՞նչ, դրանից կօգտվեն եվրոպացի սպառողները:

Չի կարելի անվտանգության երաշխիք փնտրել այնտեղ, որտեղ սեփական անվտանգությունն ապահվել չեն կարողանում: ԵՄ-ն ինքն իր անվտանգությունը չի կարողանում ապահովել, եւ ԵՄ անվտանգության հայեցակարգը հիմնված է ամերիկյան ռազմական աջակցության, ամերիկյան ռազմաբազաների եւ ամերիկյան միջուկային հովանոցի վրա: Հրաժարվելով Ռուսաստանի՝ մեզ չբավարարող անվտանգության երաշխիքներից՝ մենք հույս ենք կապում ավելի անկայուն, ավելի անհուսալի ԵՄ երաշխիքների հետ, որոնք, բացի հայտարարություններից, այլ կերպ ապահովված չեն: Փաշինյանը միշտ սիրում է բողոքել ՀԱՊԿ-ից եւ այս կառույցին մեղադրել անգործության մեջ: «Մենք տեսանք ՀԱՊԿ-ի անգործությունը 2021 թվականին, 2022 թվականին։ Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ»,- այս տարվա մայիսին Չեխիայում ասում էր Փաշինյանը։ Հնարավոր է, որ նա վաղը նույնն ասի նաեւ ԵՄ-ի մասին: Բայց մի՞թե իշխանության գործը մի կառույցից հուսախաբ լինելու, հետո մյուսի վրա հույսը դնելու մեջ է՝ դրանով քողարկելով սեփական անգործությունը եւ անձեռնհասությունը:

Ավետիս Բաբաջանյան