Նիկոլը չերեզ Բրյուսել Անկարա է գալիս

Նիկոլը չերեզ Բրյուսել Անկարա է գալիս

Ֆրանսիայից Հայաստանին զենքի մատակարարումը մեծ էյֆորիա է առաջացրել մեզանում: Չնայած ոմանք պնդում են, որ այդ զրահամեքենաները չեն մեծացնելու մեր պաշտպանվածությունը, եւ դրանք Ուկրաինան մերժել է ընդունել` մեզ են տվել: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել ենք այդ թեմայով։ 

- Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելու առիթով կարո՞ղ ենք ենթադրել, որ Ֆրանսիան մեր տարածաշրջանում հավակնություններ ունի դրսեւորվելու, ներկա լինելու, թե՞ այդ զենքի մատակարարումը Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության հաջողությունն է։

- Նախ՝ առաջինը․ եթե կարելի է զենք ստանալ Իրանից կամ Ռուսաստանից, ինչո՞ւ ենք հրաժարվել։ Երկրորդը․ տեղյակ չեմ, թե ինչ մակարդակի զենքերի, ինչ որակի մասին է խոսքը։ Իհարկե, ինքս ռազմական փորձագետ չեմ, դրա համար ես կպատասխանեմ այս հարցին որպես քաղաքական գործիչ։ Որպես քաղաքական գործիչ, որը հետաքրքրվում է նաեւ արտաքին քաղաքականությամբ, տեղյակ եմ Լեմորդի հրապարակումից, որտեղ մեկնաբանվում է, որ Ֆրանսիան այդ քայլն անում է՝ Ֆրանսիայում հայ համայնքի աչքերին թոզ փչելու համար։ Ես մեկ բան գիտեմ, որ աշխարհը գնում է ռեգիոնալացման։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհն այլեւս գլոբալ չէ՝ ռեգիոնալ է, մեր տարածաշրջանը` եւս։ Նիկոլ Փաշինյանն այնքան անգրագետ է, որ չի հասկանում՝ այս տարածաշրջանում կա 2 հզոր բանակ, դրանք են՝ ռուսական եւ թուրքական բանակները։ Պետք է դաշնակցել կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական բանակի հետ։ Նիկոլ Փաշինյանն իրական դաշնակից Ռուսաստանին թողած, Իրանի հետ էլ չի բանակցում, հույսը կապում է Արեւմուտքի հետ՝ Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի։ Արեւմուտքը գալու է այստեղ, մեզ համար պայքարի՞։ Թուրքիան թողնելու է՝ այստեղ արեւմտյան զինվո՞ր գա։ Արեւմուտքի դաշնակիցն այս տարածաշրջանում Թուրքիան է։ Հետեւաբար, Ռուսաստանից հեռանալու ճանապարհը Բրյուսելով բերելու է Անկարա։ Աշոտ Ղազարյանը «Մեր բակում» ասում է` «Չերեզ Աշտարակ Մոսկվա», հիմա Նիկոլն էլ չերեզ Բրյուսել Անկարա է գալիս։ Վերջում լինելու է «Հայաստան, Բրյուսել, Անկարա» վիլայեթացում։ Տեսե՞լ եք` վերջին մեկ տարում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմից որեւէ մեկը քննադատի Թուրքիային։ Ռուսաստանի բայրաքթարնե՞րն են մեզ սպանել։ Նիկոլ Փաշինյանը 2020թ․ նոյեմբերին հայտարարեց, որ մեր պարտության պատճառը բայրաքթարներն են։ Բայրաքթարներն ո՞ւմն էին. իհարկե, Թուրքիայինն էին։ Ո՞վ է սատարել եւ սատարում Ադրբեջանին՝ Թուրքիան։ Տեղի է ունենում Հայաստանի թրքացում։ Նիկոլ Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին վեկտորը։ Արեւմուտք, Եվրոպա` դրանք հեքիաթներ են։ Ո՞ր արեւմտյան երկիրն է կանգնելու եւ Էրդողանին ասի` քո ՆԱՏՕ-ական զորքի դիմաց բերում եմ ռազմական բազա դնեմ։ Ինչքան Վրաստանում դրեցին, այդքան էլ Հայաստանում կդնեն։ Կամ՝ ո՞վ է թույլ տալու։ Իրանն էլ, Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ՝ երեք ռեգիոնալ հզոր պետություններ հրապարակայնորեն հայտարարել են, նաեւ Իրանի նախագահ Ռաիսին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է․ առաջինը՝ որ անհանգստացած է Ուկրաինա Հայաստանի չինովնիկների այցով։ Եվ երկրորդը՝ ասել է, որ ոչ ռեգիոնալ տերությունների ներկայությունը ռեգիոնում Իրանի համար անցանկալի է, վերջ։ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարողացավ փչացնել, թշնամացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ էլ չկարողացավ զարգացնել: Իսկ Ալիեւը կարողացավ Իրանի հետ ավելի ինտենսիվ աշխատել, քան Հայաստանի հետ։ Դե գնացեք՝ եվրոպաներում փրկություն ման եկեք։ Ընկնելու են Իսրայել Օրիի օրը, որ գնացին եվրոպաները ման եկան, խաբեցին: Հետո գնաց ընկավ Պետրոս 1-ինի դուռը։ Բայց վախենամ՝ այդ ժամանակ սրանց սկի չընդունեն։