Ո՞ր խումբը կհաղթի

Ո՞ր խումբը կհաղթի

Որքան տհաճ են իշխանամետների քծնանքներն ու ֆեյքերի փառաբանումները, որքան մերժելի են հայհոյանքներն ու անեծքները՝ ուղղված իշխանություններին քննադատողներին, գրեթե նույնքան էլ տհաճ են ընդդիմադիրների հայհոյանքներն ու սպառնալիքները, թույնն ու ատելությունը՝ ուղղված իշխանություններին։

Երբ խորանում ես, թե ինչ սոսկալի մթնոլորտում ենք հայտնվել մենք այս երկու տարում, ինչքան անհանդուրժողականություն ու չարություն է կուտակվել երկրում, ուղղակի հուսահատվում ես՝ հասկանալով, որ անգամ իշխանափոխությունը չի լուծելու հանրային համերաշխության խնդիրը, բարության ու հանդուրժողականության ստեղծարար մթնոլորտ չի ձեւավորելու երկրում։ Ուղղակի չարությամբ եւ ատելությամբ լեցուն մի բանակին փոխարինելու է մի ուրիշը։ Բայց մինչեւ այդ պահը մեզ դեռ ճանապարհ է սպասվում՝ այս անելանելի թվացող իրավիճակից ելքը պետք է գտնենք։

Մարդկանց մի մեծ խմբի համար դա վարչապետի հրաժարականն է։ Ընդ որում, այս խմբում էլ հոսանքներ կան։ Ոմանք պահանջում են հրաժարական՝ թիմից որեւէ մեկին վարչապետ ընտրելու պայմանով։ Եվ անգամ անուններ են շրջանառվում։

Մեկ այլ խումբ կարծում է, որ ՔՊ-ից ոչ մեկը չպետք է նստի այդ աթոռին՝ այն պետք է փոխանցվի չեզոք անձի, ում միակ պարտականությունը լինելու է ընտրությունները կազմակերպելը։ Այս խումբը, որպես կոմպրոմիսային թեկնածու, առաջարկում է Վազգեն Մանուկյանին։

Եվ կա մի խումբ էլ, որն ասում է, թե հարկավոր է գնալ արտահերթ ընտրությունների, եւ դա պետք է կազմակերպի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մինչ այդ Ընտրական օրենսգիրքը փոխելով եւ մեր պետության առջեւ կանգնած այսրոպեական խնդիրները լուծելով։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այս տարբերակներից ոչ մեկին հակված չէ, անգամ՝ վերջինին։ Նա հույս ունի, որ իրավիճակն ինքնիրեն կկարգավորվի։