Ամենաբարձր սարը մեր հոգին է, Հիսուսը մեր մեջ է․․․

Ամենաբարձր սարը մեր հոգին է, Հիսուսը մեր մեջ է․․․

Հիսուսի արձանի մասին համարյա բոլորն արտահայտվեցին։ Բոլորի արտահայտած կարծիքի մեջ ես իմը չգտա։ Ուզում եմ ես էլ իմ համեստ կարծիքն արտահայտել։ 
Ազգովի մտնելով Հիսուսի արձանը տեղադրելու քննադատության, անթույլատրելի արտահայտությունների մեջ, ակամայից, առանց հասկանալու, արժեզրկում ենք նաև Հիսուսի կերպարը։ Հիսուսը  այս դժվարին պահին միակն է, որ կարող է միավորել մեր ազգը։ Խոսքս Հիսուսի մասին է, ոչ թե արձանի։ 

Գագիկ Ծառուկյանը ազգի միավորումը գուցե տեսնում է արձանի մեջ, հոգևորը մի կողմ է դնում։ Չեմ ուզում հավատալ, որ նա գիտակցաբար է Հիսուսին նետում այս խառնակ ժամանակների մամլիչի մեջ ու նրան դարձնում մի սովորական մարդ, որի արձանը կառուցելուն դեմ է դուրս եկել հայը։ Սա նվաստացում է, խայտառակություն։ Եկեք նայենք 4 տարվա մեր պետությանը՝ ի՞նչ է մնացել ավերելու, նվաստացնելու։ Մեր սրբության սրբող Եռաբլուրը պղծելուց, պատերազմի հերոսներին նվաստացնելուց հետո որևէ բան կարո՞ղ եք վկայակոչել, որ չի պղծվել, արատավորվել, նսեմացվել։  Փլուզվել են պետական բոլոր կառույցները, մեր անվտանգությունը, պետության դիմադրողականության իմունիտետը զրոյանում է։ Նման ծայրահեղ վիճակում մարդու միակ հույսը մնում է Աստված։ Հայակորուստ այդ պատերազմ կոչվածից հետո հայի աչքերը սևեռվել են վերև։

Հույսը Աստված է։ Թշնամին լավ է տեսնում և ուզում է հային կտրել իր վերջին հենարանից։ Հիսուսի արձանն է այդ խայծը։ Աստծո Որդին  պետք է դառնա սովորական մի մարդ, Ում արձանը տեղադրելու շուրջ ում մտքով ինչ անցնում, գրում է։ Կարծում եմ իշխանությունը լավ է կատարում իր դերը։ Արձանի կառուցման թույլտվությունը տվել է, բայց չի ուզում որ Հիսուսի արձանի քարկործման գործընթացն ավարտվի։ Գործի է դրել իր ծանր հրետանին։

Ո՞վ է հավատում, որ կրթության և այլի նախարարը կարող է դեմ դուրս գալ Նիկոլին։ Խելքի եկեք։ Ոչնչացնել են ուզում այն շաղախը, որը միավորում է հայությանը։  Հիսուսին Աստծո պատվանդանից փորձում են իջեցնել։ Ազգովի պիտի հասկանալ, որ եկել է Հիսուսին նորից խաչելու դժնդակ ժամանակը և թույլ չպիտի տանք։ Հիսուսն ամենուր է, մեր հոգու մեջ։ Ու եթե ասում են, որ արձանի տեղադրումը  տուրիզմի զարգացման խթան կլինի, դրանով հայհոյում են քրիստոնյա ազգին։ Դրանով թուլացնում են մեր ազգի ոգին, ուժը, պաշտպանությունը։  Ես սրա մեջ թշնամու ձեռագիր եմ տեսնում։ Ամենաբարձր սարը մեր հոգին է, Հիսուսը մեր մեջ է․․․ Իսկ Հիսուսին տուրիզմի համար օգտագործողները մեր վերջին զորությունը քամուն տվողներն են։