«Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես»

 «Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես»

Մարտ ամսին, Վիեննայում իր գործնէութիւնը ծաւալող, Քարլ Ուբէրրոյթեր /Carl Ueberreuter Verlag/ Հրատարկչութիւնը լոյս աշխարհ բերեց Գրող, հետազոտող, հաղորդակցութիւնների խորհրդատու, հրատարակիչ Դր. Բիրգիթ ՔՈՖԼԷՐ-ԲԷԹՇԱՐԹ  /Dr. Birgit KOFLER-BETTSCHART/ հեղինակած՝ «Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես»  /Ich habe getötet, aber ein Mörder bin ich nicht/  208 էջ ծաւալով գիրքը:                                 

Դր. Բիրգիթ ՔՈՖԼԵՐ-ԲԷԹՇԱՐԹ / Dr. Birgit KOFLER-BETTSCHART

Նրա արմատները սերում են Աւստրիոյ Թիրոլ նահանգից, Նա ապրում եւ ստեղծագործում է, որպէս գրող Վիեննայում եւ Թրիէսթում:  Իր իրաուագիտութեան ուսումը աւարտելուց յետոյ, աշխատանքի է անցնում Փարիզում, ԻՒՆԻՍՔՕ  /UNESCO/ Կազմակերպութեան Աւստրիոյ Դիւանագիտական պատուիրակութեան կազմում, յետոյ ստանձնում է Աւստրիոյ Առողջապահական Նախարարութեան կառավարական կաբինէթի ղեկավարուհու պաշտօնը, ապա որպէս ինքնուրոյն լրագրող, հետազոտող, հաղորդակցութիւնների խորհրդատու եւ հրատարակիչ շարունակում է իր գրական եւ հրատարակչական գործունէութիւնը: 

Այսօր, Ապրիլ 8-ին պատիւն ունեցայ հանդիպելու յարգարժան հեղինակին եւ ունենցայ հետաքրքիր ասուլիս, որը ներկայացնում եմ յարգարժան ընթերցողներին:

Ազնուափայլ Տիկին Դր. Բիրգիթ Քոֆլէր-Բէթշարթ, շնորհակալութիւն որ համաձայնուեցիք իմ հետ զրոյցելու Ձեր նոր հրատարակած «Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես» գրքի մասին, որի ենթավերնագիրը կարելի է ասել կամ գրել՝ նաեւ՝ ՆԵՄԵՍԻՍ /NEMESIS/:   Ես պիտի փորձեմ մի քանի հարցեր տալ եւ կարծում եմ, ամեն մի Հայ եթէ առիթն ունենար երեւի նոյնանման հարցերը պիտի տար Ձեզ:

Ասուլիս

«Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես» գրքի հեղինակ
Դր. Բիրգիթ Քոֆլերի հետ

Ինչպէ՞ս հանդիպեցիք այս թեմային եւ ի՞նչն է Ձեզ անձամբ կապում Հայաստանի եւ հայկական խնդիրների հետ

Իմ մասնագիտական ասպարէզի սկզբնական շրջանում որոշ ժամանակ ապրել եմ Փարիզում եւ հայ համայնքի ընկերների միջոցով ծանօթացել եմ Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութեանը:  Վերֆելն, իհարկէ ինձ ծանօթ էր, մինչ այդ ես կարդացել էի նրա այլ աշխատութիւններ, սակայն ոչ նրա այն աշխատութիւնը օսմանեան երկրում հայերի եւ հայուհիների ցեղասպանութեան մասին:  

Ճիշտ այնպէս, ինչպէս որ ես պետք է գիտակցէի, որ Աւստրիայում դուք կարող էք ստանալ պատմութեան միջնակարգ դպրոցի աւարտական վկայագիր՝ առանց որեւէ բան սովորելու ցեղասպանութեան մասին:  Այդ ժամանակից ի վեր այդ թեման շարունակել է ինձ յուզել, այդ թւում նաեւ որպէս իմ դիւանագէտ աշխատելու ժամանակ:  Եւ ես աւելի ու աւելի էի համոզւում, որ ցանկացած բռնադատուած եւ չը  պատժուած ցեղասպանութիւն իր մէջ պարունակում է յետագայ ցեղասպանութիւնների վտանգը, ինչպէս որ ցոյց է տուել երկրագնդի պատմութիւնը:  Ես երկար էի մտածում այդ թեմայի շուրջ, բայց չէի ուզում ցեղասպանութեան մասին այլ գիրք գրել, քանզի շատ հռչակաւոր եւ մասնագէտ հեղինակներ արդէն արել են դա:

Երբ ես հանդիպեցի «Նեմեսիս» գաղտնի գործողութեան պատմութեանը, ես իմացայ, որ սա այն պատմութիւնն է, որը ես ուզում էի պատմել:  Նա հազիւ յայտնի է շատերին, եւ նա այդքան կարեւոր ներդրում է հայ ժողովրդի համար՝ իր զոհի դեր լինելու համացաւը  յաղթահարելու կարողութեան հարցում:   Ի դէպ այսօր իմ կապը Հայաստանի հետ եւ իմ հետաքրքրութիւնը ընտանիքիս նկատմամբ փոփոխութեան է ենթարկուել:  Մեր կրտսեր որդին վերջերս իր հայ ընկերուհու եւ իրենց որդու իմ թոռնիկի հետ ապրում էր Երեւանում, որը  բացի իմ հետազոտութիւններից, յատկապէս լաւ ու պատեհ առիթ էր՝ Հայաստան այցելելու համար:  

Ձեր գրքում դուք աւելի քիչ էք անդրադառնում օսմանեան կայսրութեան հայերի ցեղասպանութեան մանրակրկիտ պատմութեանը, քան յետագայ զարգացումներին, սեփական պետութիւն ունենալու հայերի ջանքերին եւ ցեղասպանութիւնն իրագործողների նկատմամբ վրէժախնդիր լինելու հարցին: Ի՞նչու այս կենտրոնացումը:

Ցեղասպանութիւնն ապացուցող եւ համակարգուած կերպով փաստող բազմաթիւ ապացոյցներ եւ աղբիւրներ բազմիցս պատրաստուել են մեծ հեղինակների կողմից եւ հրատարակուել, այդ պետք չէր, որ ես կրկնէի:  Ինձ մի կողմից հետաքրքրում էր այն հարցը, թէ ո՞րտեղից են գալիս Կովկասում առկայ այսօրուայ հակամարտութիւնների պատմական արմատները, ի՞նչպէս է խաղաղութեան համակարգը առաջին համաշխարհային պատերազմից յետոյ եւ ի՞նչպէս եւ ի՞նչն է նպաստել ոճրագործ ազգերի պաշտօնական պատմագրութեան կողմից ցեղասպանութեան համառ ժխտումը:  Միւս կողմից ինձ յատկապէս հետաքրքրում էին Հայկական գաղտնի կազմակերպութեան թիկունքում կանգնած մարդիկ, որոնք ցանկանում էին յաղթահարել ցեղասպանութիւնից յետոյ հայ զոհի իրավիճակի համացաւը եւ փնտրել, գտնել ու մահուան ենթարկել, պատժել ցեղասպանութիւնը կազմակերպած հիմնական մեղաւորներին, որոնք անպատիժ էին մնացել եւ ապրում էին Եւրոպայում եւ Կովկասում:

Ես ուզում էի ըմբռնել, թէ ի՞նչպէս են նրանք դարձել վրէժառուներ եւ ի՞նչ է պատահել նրանց «Նեմեսիս» գործողութեանը մասնակցելուց յետոյ  եւ վերջապէս, հասկանալ այս գործողութեան հիմքում ընկած էթնիկական քննարկումը, որը իհարկէ այսօր էլ դեռ հետաքրքիր եւ արդիական է, երբ մտածում ենք 20-րդ եւ 21-րդ դարերի բազմաթիւ այլ ցեղասպանութիւնների մասին եւ մտորում ենք ի՞նչ է սպասւում մեզ, երբ քաղաքական կամ էթնիկական դրդապատճառներից ելնելով նման զանգուածային սպանութիւններն ու ցեղասպանութիւնները մնում են անպատիժ: Հասնում ենք այն եզրակացութեան, թէ որքան կարեւոր է միջազգային մակարդակով նման հանցագործութիւնների համար սահմանադրական ընթեցակարգեր ունենալը:  Ոչ մի հաւաքականութիւն չը պիտի միայնակ մնայ համակարգուած ոչնչացման փորձի եւ դրա իրականացման դիմաց, աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերը չպիտի աւելի մեծ կշիռ ունենան քան մարդկային կեանքերի ոչնչացումը, օրէնքն ու արդարութիւնը: 

Դուք արծարծեցիք «Նեմեսիս» գործողութեան թիկունքում կանգնած մարդկանց եւ մասնակիցների կեանքի ուղիների մասին:  Ի՞նչ էք կարողացել յայտնաբերել: 

Հետաքրքիր է այն, որ բոլոր վրիժառուներից միայն երկուսն են ձեռբակալուել եւ դատարանի առաջ կանգնել՝ Սողոմոն Թէհլիրեանը Բեռլինի դատարանում եւ Միսակ Թորլաքեանը Կոստանդնապոլսում՝ բրիտանական զինւորական դատարանում:  

Երկուսն էլ արդարացուել են: 

Ինչ վերաբերւում է Նեմեսիսի անդամներին, ովքեր յետագայում անցան Արեւմտեան Եւրոպա, հիւսիսային կամ հարաւային Ամերիկա, նրանց մասին շատ տեղեկութիւններ կան: Նրանք Սփիւռքի հայ համայնքներում ընդունուեցին որպէս հերոսներ, նրանցից ոմանք թողել են ընդարձակ ինքնակենսագրութիւններ:
Ես ստիպուած էի շատ աւելի հետազոտել «Նեմեսիս»ի վրիժառուների մասին, որոնք իրենց գործողութիւններից յետոյ անցել էին ԽՍՀՄ կազմի մէջ նոր մտած Հայաստան: Նրանք գրեթէ չեն թողել կենսագրական տուեալներ, նրանց մասնակցութիւնը գաղտնի գործողութիւններին հնարաւոր չէր բացայայտ քննարկել նոյնիսկ իրենց իսկ ընտանիքներում եւ բնականօրէն նաեւ հրապարակային եւ հանրային միջոցառումներում: 

Ստալինեան ժամանակաշրջանում, յաճախ բաւական էր լինել ցեղասպանութիւնը վերապրած անհատ կամ արեւմտահայ ընտանիքի անդամ, Խորհրդային Միութեան հանդէպ «անհաւատարմութեան» կամ «լրտեսութեան» մեղքով ընդհանուր կասկածանքի ենթարկուելու համար: 

1940-ականի ուշ թուականներին, Հարաւային Կովկասի եւ յատկապէս Օսմանեան Կայսրութիւնում ցեղասպանութիւնից վերապրած հայերը զանգուածաբար տեղահանուեցին: 

Ինչքան որ հետազոտութիւնները ցոյց տուեցին, կարելի է հետեւողութիւն անել, որ շատ քիչ բացառութեամբ, Խորհրդային Հայաստանում հաստատուած Նեմեսիսի բոլոր անդամներն ու համախոհները 1930 – 1940-ական թուականներին ստալինեան ահաբեկչութեան զոհ են դարձել:

Արդեօ՞ք Ձեր հեղինակած այս գիրքը բացի գերմաներէնից նաեւ ուրիշ լեզուներով պիտի հրատարակուի:

Ես իսկապէս յոյսով եմ, որ այդպէս լինի, առաժմս մենք աշխատում ենք այդ կապակցութեամբ:  Կարծում եմ, որ շատ լաւ կը լինի, եթէ յետագայում լիներ օրինակ՝ անգլերէնի եւ հայերէնի թարգմանութիւնները, ապագային թողնելով նաեւ ֆրանսերէն եւ արաբերէն լեզուներով տարբերակների թարգմանութիւնները:  Բայց նախ պետք է գտնել հրատարակիչներ, թարգմանիչներ եւ մեկենասներ:  
Ես շնորհակալ կը լինեմ ցանկացած ակնարկի եւ գաղափար-առաջարկի համար:

Կա՞ն ապագայում նոր նախագծեր կամ ծրագրեր հայկական թեմաներով:

Այս պահին աշխատում եմ երկու օտար նախագծերի վրայ, բայց «Նեմեսիս» գաղտնի գործողութիւնների մասին գրքի փորձից ելնելով կը ցանկանայի շարունակել աշխատել հայկական հարցերի շուրջ, սակայն  յստակ թեման դեռ զարգացման փուլումն է եւ պիտի  հասունանայ: 

Ինձ համար անհասկանալի է, թէ ի՞նչպէս են ոճիր իրագործած երկու ազգերը մինչեւ այսօր, դեռեւս ոչ միայն հերքում են իրենց պատասխանատւութիւնը այլեւ ժխտում են հենց իրենց կատարած ցեղասպանութիւնը:  
Աւստրիայում եւ Գերմանիայում  -ոչ թեւ՝ անպայման կամաւոր-  առճակատւում են Շոահի կապակցութեամբ սեփական մեղքի հետ, որի շրջանակում աւելի քան վեց միլլիոն մարդ սպանուեց:  Նացիստական աւերման սարսափելի մեքենայի զոհերի յիշատակին յիշեալ երկրներում կառուցուել է յուշահամալիրներ եւ յուշարձաններ: 

Թուրքիայում եւ Ադրբէջանում կան ցեղասպանութեան հիմնական հեղինակների յուշարձաններ:  
Աւստրիայում եւ Գերմանիայում, ինչպէս նաեւ շատ այլ երկրներում կան Հոլոքոստի ժխտման համար պատիչ օրէնքներ, մինչդեռ Թուրքիայում եւ Ադրբէջանում կատարուած ցեղասպանութեան ժխտումը պետական դոկտորին է:
Ես անհանդուրժելի եմ համարում այս ժխտումը եւ այն փաստը, որ ոչ բոլոր երկրներն են պաշտօնապէս ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

Անհանդուրժելի է նաեւ այն, որ միջազգային հանրութիւնը այժմ էլ նորից օտար  կողմ է նայում, եւ իրականում ընդհանրապէս երբէք չը արձագանքեց Արցախի երկար ամիսներով շրջափակման եւ յետագային Արցախի ժողովրդի պարտադիր երկրից վտարման Ալիեւի գործարքին:  Առ երեւոյթ տեղի չունեցաւ ոչ մի պատժամիջոցի որոշում եւ ոչ մի միջազգային արձագանք Ալիեւի գործնէութիւնը սահմանափակելու պահանջ:  Եւ սա´  իսկապէս վտանգաւոր է: 

Ի՞նչ կարծիք ունէք Հայաստանի եւ հայերի մասին: 

Նախ ոչ քաղաքական հարթութեան վրայ.  ես հազուադէպ եմ հանդիպել այսպիսի ջերմ հիւրընկալութեան եւ նման՝ օգնութիւն ու աջակցութիւն իրագործելու  պատրաստակամութեան, ինչին որ հանդիպեցի Հայաստանում եւ նմանապէս Սփիւռքում:  Եւ դա այս գրքի լայնածաւալ հետազոտութիւնների հետ կապուած ժամանակայատուածում ինձ համար ամենալաւագոյն իրադարձութիւնն էր: Ես լաւագոյնս տպաւորուած եմ բազմաթիւ այն հոյակապ մարդկանցից, որոնց հետ այս ընթացքում ծանօթացայ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում:

Ինչ վերաբերւում է ներկայ քաղաքական իրավիճակին, ես մեծ ցնցումով եմ հետեւել Արցախում տեղի ունեցող իրադարձութիւններին:  Եւ ես հասկանում եմ, որ Հայաստանում շատերն անհանգստացած են, որ Արցախը միայն առաջին քայլն էր, իսկ Ալիեւը պիտի շարունակի դեռ աւելի շատ տարածքային պահանջներ ներկայացնի:   
Ամոթալի է, որ համաշխարհային հանրութիւնը հերթական անգամ աչք է փակում անարդարութեան վրայ եւ անվրդով ու հանգիստ միայնակ է թողնում հայերին, ինչպէս դա արեց առաջին համաշխարհային պատերազմի եւ պատերազմից յետոյ տեղի ունեցած խաղաղ բանակցութիւնների ժամանակ:  

Տնտեսական շահերը եւ ադրբէջանական գազի հանդէպ քաղցը չպետք է հանգեցնի նրան, որ Հայաստանի եւ հայերի գոյութիւնը նորից՝ վտանգի ենթարկուի:

Ես բազմաթիւ զրոյցներում լսել եմ, որ Հայերը Հայաստանում եւ հայկական սփիւռքում, միջազգային հանրութեան կողմից իրենց կրկին լքուած ու անօգնական են զգում: 

Հայաստանի Հանրապետութեան եւ մինչեւ վերջերս հիմնականում հայերով բնակեցուած լեռնային Ղարաբաղի տարաշրջանի  միակ ցամաքային կապի ճանապարհը Ադրբէջանի կողմից ամիսներով շրջափակման ենթարկելը, ինչպէս նաեւ Ադրբէջանի 2023 թուականի սեպտեմբերին տարածաշրջանի ռազմական գրաւման ու 120.000 արցախցիների ճնշող մեծամասնութեանը երկրից վտարման առթիւ Ադրբէջանի արարքը միջազգային հանրութեան կողմից ոչ մի արձագանքի կամ քննադատութեան չը արժանացաւ եւ նրան չը պարտադրուեց որեւէ միջազգային պատժամիջոց:

Բազմաթիւ հայեր մտահոգուած են, որ Ադրբէջանը հաշուի առնելով միջազգային հանրութեան արձագանքի բացակայութիւնը եւ այլ ճգնաժամային դէպքերի դրոյթները, կարող է ի վերջոյ յարձակում կատարի նաեւ Հայաստանի վրայ:

Մենք միշտ պետք է դասեր քաղենք պատմութիւնից, եւ որքան շատ պատմական փաստեր հերքուեն եւ անպատիժ մնան, այնքան աւելի մեծ կը լինի այսպիսի իրադարձութիւնների կրկնուելու վտանգը: 
. . . . . . . . . .
Որպէս վերջաբան՝                                                                                                                                              

Աւստրիացի յայտնի լրագրող, գրաքննադատ Դր. Հերբերտ ԼԱՔՆԷՐը /Dr. Herbert LACKNER/  հրատարակութեան կազմի վրայ, գրքի մասին թողել է նեքեւի ակնարկը

Նեմեսիս գաղտնի գործողութեան հետքը Փարիզից Ժենեւով տանում է Բերլին, Ստամբուլից Վիեննայով Հռոմ եւ Թբիլիսի:

1915 թուականին 1,5 միլիոն հայերի ցեղասպանութիւնից յետոյ մի խումբ երիտասարդներ չը ցանկացան ընդունել զոհի կարգավիճակը, եւ նրանք իրականացրեցին ցեղասպանութեան համար ամենապատասխանատուների դէմ մահապատիժներ, որոնք խուսափելով արդարադատութիւնից փախչել էին արտասահման:
1921 թուականին Բերլինի փողոցում, հայ երիտասարդը գնդակահարեց Օսմանեան Կայսրութեան ներքին գործոց նախկին նախարար Թալաթ փաշային, որին յաջորդեցին մի շարք այլ գնդակահարութիւններ:  
„Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութիւնն Հայոց ցեղասպանութեան ողբերգութեան մասին արդէն ցնցել է աշխարհը եւ այս              

«Ես սպանել եմ, բայց մարդասպան չեմ ես»  գիրքը լրացուցիչ ներդրում ունի դրանում:“

Դր. Հերբերտ ԼԱՔՆԷՐ

Վիեննա ՌԱԶՄԷՆ