Սերժ Սարգսյանի եղբորորդու, Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի լուսանկարները դատարանի բակում

Սերժ Սարգսյանի եղբորորդու, Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի լուսանկարները դատարանի բակում

Բլոգեր Միքայել Բադալյանը (Միկա) ապրիլի 22-ին Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա կալանավորվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։

Այս պահին մեկնարկել է Բադալյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել։ Մի խումբ քաղաքացիներ իրենց հետ կալանավորված մի շարք անձանց լուսանկարներ են բերել, որոնք փակցնում են ճաղավանդակներին։ Քաղաքացիները փակցնում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի, Գոռ Սարգսյանի, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, Նարեկ Մանթաշյանի, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի լուսանկարները։ Փակցնում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի լուսանկարը։