«Հրապարակ». ԱԱԾ-ն թույլ կտա՞, որ թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ քաղաքացի դառնան

«Հրապարակ». ԱԱԾ-ն թույլ կտա՞, որ թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ քաղաքացի դառնան

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանելու մասին նախագիծը, որով օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որոշակի ներդրում անելու շնորհիվ հնարավորություն կստանան ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Նախագծով, օրինակ, տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանվում են այսպես․

1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով

2) առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով

3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով։

Սա նշանակում է, որ, օրինակ, մեր թշնամի ազգերի ներկայացուցիչները՝ թուրքերը, ադրբեջանցիները, կարող են անարգել գալ Հայաստան՝ 150 հազար դոլարի ներդրում կատարել եւ ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ իրավունք վաստակելով նաեւ մասնակցել Հայաստանի ներքին կյանքի կառավարմանը։

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խիստ վտանգավոր է համարում այս նախագիծը՝ հարց բարձրացնելով, թե սա քաղաքացիություն է ներդրումների՞ դիմաց, թե՞ դանդաղ գործունեության ական՝ հայոց պետականության տակ։ Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ այսպիսի առաջարկություն իրենք ստացել էին դեռեւս 2017 թվականին կանադահայ մի անձի կողմից։

«Ես այն ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն էի եւ մերժեցի այդ առաջարկությունը, բացասական կարծիք ուղարկեցի նաեւ Ազգային անվտանգության ծառայություն, որովհետեւ այդ առաջարկը ոնց որ թե հայտնվել էր նաեւ ԱԱԾ-ում»,-ասաց Հարությունյանը։ Նախկին վարչապետի կարծիքով՝ գաղափարը հետեւյալն է․ ակնհայտ է, որ եթե որեւիցե մեկը փորձում է այդ  առաջարկով շարժվել, հավանաբար, պետք է արձանագրի, որ ՀՀ քաղաքացի դառնալը նրան ինչ-որ առավելություններ կամ հնարավորություններ է տալիս հավելյալ, որ նա չունի՝ լինելով իր երկրի քաղաքացի։

«Որովհետեւ ուրիշ ստիմուլ չի կարող լինել։ Եթե մարդը պետք է գումար ներդնի, որ ստանա ՀՀ քաղաքացիություն, ուրեմն նրան շատ պետք է լինելու այդ քաղաքացիությունը, եւ նրա խնդիրը ոչ թե մեր տնտեսական կարողությունները բարելավելն է, այլ քաղաքացիություն ստանալ՝ ենթադրելով, որ այդկերպ նա ձեռք է բերում մեկ այլ՝ հավելյալ հնարավորություն, որը չունի, եթե շարունակի մնալ ոչ ՀՀ քաղաքացի։ Համաձայնեք, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր շրջապատի երկրների քաղաքացիներից որեւէ կերպ չենք տարբերվում այդ առումով։ ՀՀ քաղաքացին ինչ-որ մի արտակարգ հնարավորություններ չունի, ասենք, Եվրոպա առանց վիզայի մեկնելու, Չինաստան կամ այլ երկրներ։ Մեզ մոտ հարկային բեռը քաղաքացու նկատմամբ առանձնապես չի տարբերվում մեր հարեւան երկրների հարկային բեռից։ Այսինքն՝ ի՞նչ է տալու որեւէ մեկին ՀՀ քաղաքացի դառնալը։ Կարող ենք առանց վերապահումների փաստել՝ ոչինչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարությունյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս նախագծի ընդունումից հետո ՀՀ քաղաքացի կցանկանան դառնալ մեր ոխերիմ հարեւանները։ «Դա շատ հարմար տարբերակ է՝ առանց կռվի, առանց զենք կիրառելու ներթափանցել քո տարածք ու աստիճանաբար փոխել քո երկրի թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական կառուցվածքը եւ ժամանակի ընթացքում աստիճանաբար ներթափանցելով քաղաքական ինստիտուտների մեջ՝ ազդել երկրի իշխանությունների ձեւավորման գործընթացի վրա։ Սա է լինելու միակ նպատակը։ Այսինքն՝ պատկերացրեք, որ թուրքերը կամ ադրբեջանցիները կարող են 150 հազար դոլար տալով՝ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, եւ տարիների ընթացքում նրանց տեսակարար կշիռը մեր բնակչության մեջ կարող է լինել բավականին տպավորիչ։ Այսինքն՝ դա կդառնա հինգերորդ շարասյուն, որոնք կթափանցեն նաեւ քո քաղաքական կառույցների, հասարակական կազմակերպությունների մեջ, եւ, ըստ էության, սա կդառնա դանդաղ գործողության ական՝ մեր պետականության հիմքում»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն էլ է հիշում, որ նախկինում այսպիսի նախագծի իրականացման փորձ եղել է, սակայն ընթացք չի տրվել։ «Խնդիրը հետեւյալն է․ ոչ թե սա երաշխիք է քաղաքացիություն ստանալու, այլ պայման՝ դիմելու համար։ Օրինակ՝ դիմելու պայմաններից մեկն ազգությամբ հայ լինելն է, մյուսը ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելն է, սա էլ ասում է՝ գույք ունես, ներդրում ունես, արի՝ դիմիր։ Բայց եթե ԱԱԾ-ն տվեց բացասական եզրակացություն, ուրեմն չի շնորհվի»,- ասաց Մնացական Բիչախչյանը։ Սա նշանակում է, որ մյուս պայմանները՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելը եւ այլն, այլեւս չեն աշխատի այս դեպքում, այլ կգործի միայն ներդրում կատարելու պայմանը։

Բիչախչյանն օրենքի տեսանկյունից նորմալ է գնահատում այսպիսի նախագծի ընդունումը։ «Եթե օրենքի ամբողջ տրամաբանությունն աշխատի, ինչպես գրված է, ապա անձն անցնելու է ԱԱԾ-ով, ստուգվելու է, թող ստուգվեն, եթե վտանգ ներկայացնեն, չի շնորհվի քաղաքացիություն»,- ասաց նա։ Իսկ ռազմավարական առումով խնդիր չկա՞ այստեղ՝ կարող են, օրինակ, թուրքեր ու ադրբեջանցիներ գալ եւ ներդրում անելով՝ ՀՀ քաղաքացի դառնալ։ «Թող չշնորհեն։ Քաղաքացիության մասին օրենքն ասում է՝ մերժումը կարող է չհիմնավորվել, այսինքն՝ դա ՀՀ նախագահի բացառիկ իրավունքն է, ու ոչ մի քաղաքացի չի կարող գալ ասել՝ ես ներդրում եմ արել, գույք եմ ձեռք բերել, ինձ պիտի շնորհես։ Բայց սա ես մասնագիտական, օրենքի տրամաբանությամբ եմ ասում, որ ինքն ԱԱԾ-ով ստուգվում է, եւ պետական քաղաքականություն է դա, որ որոշեն՝ շնորհեն կամ չշնորհեն»,- նկատեց Մնացական Բիչախչյանը։

Ստացվում է, որ ամեն ինչ կամայական որոշման դաշտում է։ Եթե ԱԱԾ-ն ու երկրի իշխանությունները որոշեն, որ նորմալ է թուրքերի ու ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը, ապա կշնորհեն։ Բայց կարող են նաեւ մերժել։ Հարց է ծագում՝ եթե պիտի մերժեին, այսպիսի նախագիծ դժվար թե դնեին շրջանառության մեջ։ Սա նշանակում է, որ «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունները Հայաստանի դռները բացում են մեր թշնամի ազգերի առջեւ, որ գան եւ իրենց լիիրավ քաղաքացի զգան մեր երկրում։

ՀԳ․ Ի դեպ, որոշ դեպքերում ներդրում ասելով նկատի են ունենում նաեւ անշարժ գույքի ձեռքբերումը։ Այսինքն՝ մի թուրք գալիս է, 150 հազար դոլարով տուն է գնում Երեւանում եւ դառնում է ՀՀ քաղաքացի։