Առաջ՝ ներսում, հիմա՝ դրսում

Առաջ՝ ներսում, հիմա՝ դրսում

Այս իշխանությունների գործողություններից ու պահվածքից, ամեն քայլից ու շարժումից, հայացքից ու բառից անասնական վախի զգացում է հորդում։ Երբեմն մտածում ես՝ արժե՞ խորհուրդ տալ, որ պարբերաբար իրենց արյան մեջ շաքարի պարունակությունը ստուգեն՝ չէ՞ որ դիաբետի շատ տեսակներ վախի հետեւանքով են առաջանում։ Եվ անգամ այն ելույթները, որոնք իբրեւ թե առաջին դեմքերի խիզախության մասին են խոսում, եւ իշխանական որոշ շրջանակներ, փիառի պրիմիտիվ կանոններով, փորձում են ներշնչել հասարակությանը, թե՝ տեսա՞ք Նիկոլը կամ Արարատը ոնց Պուտինի կամ Լավրովի «պորտը տեղը դրին», իրականում վախի, սարսափի զգացումի դրսեւորումներ են։

Մի կողմից՝ «արջն իր ահից է բղավում» ասացվածքն են հիշեցնում, մյուս կողմից՝ խոսում են այն մասին, որ սրանք նորմալ դիվանագիտական, անգամ՝ մարդկային հարաբերություններ ի վիճակի չեն կառուցել՝ առաջ նախկիններին-սեւերին-այլախոհներին էին պատերին ծեփում ու ասֆալտին փռում, հիմա, քանի որ այդ հոխորտանքն արդեն արժեզրկվել է ու կորցրել է իր փիառ-նշանակությունը, որոշել են դա անել դրսում՝ պատերին ծեփելով այս պահին թուլացած Ռուսաստանի իշխանություններին։

Մոռանալով, որ վախը վատ խորհրդատու է, եւ եթե այդ փռոցին երկրի ներսում չստացվեց, ապա դրսում առավել եւս ոչ մի շանս չունի հաջողելու։ Սակայն սարսափելին անգամ իշխանավորների անձնական վախն էլ չէ, այլ այն, որ այդ վախը ենթագիտակցության մակարդակով, շղթայական ռեակցիայով իջել, հասել է մեր հասարակության բոլոր օղակներին։ Այդ վախն առկա է մեր բանակում ու սահմանամերձ համայնքներում։ Մտել է շարքային մարդկանց մեջ եւ անգամ մտավորականների ու ընդդիմադիրների ողնուղեղում է այն բուն դրել։ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքը հիշեցի․ «Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք»: