Չարենցյան գրքի շրջանը՝ Կոջոյանի, Խաչվանքյանի, Արուտչյանի գործերում

Չարենցյան գրքի շրջանը՝ Կոջոյանի, Խաչվանքյանի, Արուտչյանի գործերում

Անցյալ դարի 20-ական թվականների վերջին եւ 30-ականների սկզբին գրքի ձեւավորման արվեստը Հայաստանում կարճատեւ, բայց վառ ծաղկում ապրեց: Այստեղ որոշիչ դեր խաղաց ականավոր բանաստեղծ, գրող, թարգմանիչ Եղիշե Չարենցը, ով 1928-1935 թվականներին գլխավորում էր Հայաստանի պետական հրատարակչության գեղարվեստական բաժինը։

Լինելով լայն մտահորիզոնի, հումանիտար մեծ պաշարի, գեղագիտական անբասիր ճաշակի տեր անձնավորություն՝ նա իրեն դրսեւորեց իբրեւ հրատարակչական գործի կրքոտ ներշնչող եւ հմուտ կազմակերպիչ, գրատպության իսկական գիտակ։ Գրքերի նկարազարդման եւ ձեւավորման գործին նա ներգրավեց հայ արվեստի ականավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանին (1880-1972), Հակոբ Կոջոյանին (1883-1959), Տաճատ Խաչվանքյանին (1896-1940), Միքայել Արուտչյանին (1897-1961) եւ այլոց։ Նրանցից ոմանք դարձան Պետհրատի աշխատակիցներ, ոմանք էլ հանդես եկան Չարենցի հետ ստեղծագործական ազատ համագործակցությամբ։

Տարբերվելով ոճի եւ հեղինակային ձեռագրի տեսանկյունից՝ նրանց աշխատանքներն աչքի են ընկնում կատարման բարձր մակարդակով եւ ցուցադրում գրքի՝ իբրեւ միասնական երեւույթի ըմբռնում, որտեղ առանցքային նշանակություն ունի տեսողական բաղադրիչը։ Նման մոտեցումը գրքի նկատմամբ, որը գալիս էր բավարարելու որակյալ տպագիր արտադրանք ունենալու հրատապ պահանջը, թույլ է տալիս «չարենցյան գիրքն» առանձնացնել որպես ուրույն պատմամշակութային ֆենոմեն։ Ցավոք, պոետի կալանքը 1936-ին, երկրի քաղաքական եւ գաղափարական ընդհանուր իրավիճակը բացասաբար անդրադարձան նշյալ ստեղծագործական պրոցեսների վրա, եւ գրահրատարակչության մշակույթը Հայաստանում հետզհետե հասավ խոր անկման։

«Չարենցյան գիրք. Կոջոյան, Խաչվանքյան, Արուտչյան». հենց այսպես է կոչվում Մ․ Սարյանի տուն-թանգարանում մինչեւ հունվարի վերջը գործող ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն ընտրել են գրքերի ձեւավորման առավել վառ, բնորոշ օրինակները, որոնք ստեղծել են այդ արվեստագետները՝ Չարենցի հետ համագործակցությամբ՝ էջային պատկերից մինչեւ սկզբնատառ ու վերջնազարդ։
Ցուցահանդեսը նվիրված է բանաստեղծի 125-ամյակին եւ Հայաստանի պետական հրատարակչության հիմնադրման 100-ամյակին։ Բնօրինակների հետ մեկտեղ ցուցադրվում են 1920-ականների վերջի-1930-ականների սկզբի որոշ հրատարակություններ, ինչպես նաեւ լուսավավերագրական նյութեր:  

«Երբ ծնվել եմ ու լսել եմ, որ պապիկս՝ Տաճատ Խաչվանքյանն աշխատել է Չարենցի հետ, եւ երկուսն էլ իրար հետեւից բանտարկվել են, Չարենցի բանտարկությունից եւ նրա սպանությունից (ես այդպես եմ միշտ ասում) մի քանի տարի հետո նաեւ Տաճատին են բանտարկում ու սպանում Մագադանի ճամբարում»,- պատմում է ցուցահանդեսի համադրող ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն ու ներկայացնում ցուցանմուշները, որոնց մի մասը ներկայացվում է առաջին անգամ։ Դրանց մեջ կան նմուշներ, որոնք նաեւ իրենց անձնական արխիվից են, բայց մեծ մասն Ազգային պատկերասրահի, Ազգային գրադարանի արխիվում է պահվում։ «Ցուցահանդեսի իմ գաղափարը կիսեց նաեւ արվեստաբան Արթուր Ավագյանը, ում հետ միասին քննարկում էինք բոլոր մանրուքները, գեղարվեստական գործերի ընտրությունն ինքն է արել։ Իսկ առանց Տիգրան Պարավյանի ֆինանսական աջակցության անհնար կլիներ այս ամենն իրագործել»,- ասում է Կ․ Բալյանը։    

«Չարենցյան գրքի էպոպեան, որ տեղի է ունեցել մեր Պետհրատում, այդ 7 տարիների ընթացքում, այդ ժամանակ եւ դրանից առաջ էլ՝ դեռ ուսանող Տաճատ Խաչվանքյանն աշխատում էր Չարենցի հետ, որը ղեկավարել է հրատարակչական ամբողջ քաղաքականությունը, իսկ Տաճատը՝ գեղարվեստական, որի պաշտոնը կոչվում էր «տեխնիկական խմբագիր»։ Գրքերն ինքն էր ձեւավորում ու շատ անգամ հրավիրում էր իր ընկերներին, ու այդ համագործակցությունը չափազանց բեղմնավոր ու հետաքրքիր է եղել։ Եթե մրցել են իրար հետ, ապա այդ մրցակցությունը եղել է գեղարվեստական հարթակի վրա, ո՛չ անձնական։ Ավելին, նրանք բոլորը՝ գումարած Սարյանը, եղել են մտերիմ ընկերներ, ու նրանց համատեղ գործունեությունը բերել է այսպիսի արդյունքի։ Անխոս, կենտրոնը եղել է Չարենցը, նրա միտքն ու տաղանդը, եւ, անկասկած, դա ոսկե շրջան էր, եւ որպես հիմնավորում՝ մեջբերեմ Գրիգոր Խանջյանի խոսքը, որն ասում էր՝ մենք չհասանք այդ բարձունքներին, որոնք եղել են չարենցյան շրջանում»,- ընդգծում է Կ․ Բալյանը։

Այդ ոսկե ընթացքը գլխատվեց արվեստի լավագույն գործիչների բանտարկություններով, ու դա՝ բոլոր ասպարեզներում․ «Միմյանց հետ շաղկապված ընդհանուր կառույցը սկսեց քանդվել, եւ երբ նայում եք՝ այդ անկումն ուղղակիորեն երեւում է բոլոր ասպարեզներում՝ հրատարակչությունից մինչեւ ճարտարապետություն, որտեղ վարպետությունը պահպանվեց, բայց գաղափարը խեղճացավ։ Արդյունքում ունեցանք այդ անկումը, եւ այս ցուցահանդեսով մենք առաջին անգամ ցույց տվեցինք ամբողջական այդ շրջանը, որը միասնական չէր ձեւավորվել ու ցուցադրվել մեր արվեստագիտության մեջ։ Ամեն մի գիրք կարծես արվեստի մի գործ լինի, որովհետեւ գիրքն այն ժամանակ դիտարկվել է ոչ միայն գրական տեքստ, այլ նաեւ՝ գեղարվեստական։ Ու երբ այս գործերը դնում ես կողք-կողքի, տեսնում ես ընդհանուր մակարդակը, որը համապատասխան էր համաշխարհային մակարդակին։ Նաեւ տեսնում ես իրենց փոխազդեցությունները միմյանց վրա։ Այս ժամանակ ի հայտ է գալիս նաեւ գրքի ձեւավորման սկզբունքային նոր մոտեցում, որը գիրքը դիտարկում է որպես մեկ ամբողջական օրգանիզմ՝ շապիկից մինչեւ տառերի զարդանախշեր։ Այսօրվա լեզվով ասած՝ սա գրքի դիզայնն էր»։