Ինչը փոխեց 2022-ը Եվրոպայում եւ աշխարհում

Ինչը փոխեց 2022-ը Եվրոպայում եւ աշխարհում

Ասում են՝ Հին Հունաստանում տարիները որեւէ հերթականությամբ չէին հաշվարկում, ոչ էլ ուշադրություն էին դարձում, թե քանի տարի է անցնում: Որպես ժամանակի ցուցիչ, տարբերակիչ, նշաձող՝ ծառայում էին միայն իրադարձությունները` այսինչ պատերազմի ժամանակ կամ այնինչ հաղթանակի, պարտության, այսինչի իշխանության օրոք կամ այնինչի կյանքի եւ գործունեության, այսինչ աղետի ժամանակ կամ այնինչ վայրում կայացած տոնակատարության: Մնացյալ ժամանակը հոսում էր որպես հարահոս մեծ իրադարձությունների միջեւ:

Ինչպես էլ գնահատես ժամանակը եւ պատմությունը, հին հույների նման, ովքեր հավատացած էին, որ ժամանակը կրկնվող պարույր է, որի հոլովույթում պետք է ուղղակի ապրել, արժեքներ ստեղծել, խնդիրներ լուծել եւ կյանքը վայելել, թե Եվրոպայի արդյունաբերական հեղափոխությունից հետո սկսված ժամանակի հետ մրցելու մտայնությամբ, երբ մարդկանց թվում է, թե մարդկությունը, իրենց երկիրը, իրենք դեպի ինչ-որ հանգրվան են առաջանում, մինչեւ այդ մարաթոնի վերջում փլուզվում են իլյուզիաներն ու հանգրվանները (Բոնապարտի ձեռնարկումներից մինչեւ Առաջին համաշխարհայինի եվրոպական կայսրություններ, ԽՍՀՄ-ի սոցճամբար ու ներկայիս արեւմտյան «քաղաքացիական իրավունքներ, արժեքներ»): 2022-ը բեկումնային ու դարակազմիկ տարի էր բոլոր չափանիշներով ու ողջ մոլորակի համար: 

Որքան էլ Եվրոպան ամենափոքր մայրցամաքն է Երկիր մոլորակի վրա, Եվրոպան է աշխարհի աղը, ծանրության կենտրոնը, մարդուն կերտողն ու աշխարհն առաջնորդողը: Եվ եթե Եվրոպայում բեկում է, աֆտերշոկերը ողջ մոլորակով են տարածվում: Իսկ 2022-ին յոթ տասնամյակ տեւած խաղաղությունից հետո Եվրոպայում պատերազմ որոտաց, եւ դա համարյա մի դարի կտրվածքով մեծագույն բեկումն ու փոփոխությունն էր աշխարհում: Որքան էլ արկերն ու հրթիռներն ընկնում են միայն Ուկրաինայի տարածքում, պատերազմական իրողությունները զգալի են ողջ Եվրոպայում ու անդին` զենքի մատակարարումներից մինչեւ էներգակիրների դիվերսիֆիկացիա: Կարծում եմ՝ ոչ մի գիտակից մարդ չի կասկածում, որ Ուկրաինայում որոշվում ու գրվում է հաջորդ մի քանի տասնամյակի Եվրոպայի ու աշխարհի պատմությունը: 

Երբ 2022-ի տարեսկզբին Ռուսաստանը նոր էր սկսել հարձակումն Ուկրաինայի դեմ, ոմանք արդեն իսկ տոնում էին Կրեմլի հաղթարշավն Ուկրաինայում, այդ թվում՝ Հայաստանում: Տարեվերջին, կարծում եմ, այդ մարդկանց գիտակցությանն էլ հասավ, որ Ռուսաստանը ոչինչ էլ չի անի` աջուձախ ձախողվելուց ու տապալվելուց բացի: 2022-ը դարձավ իրեն միջազգային բեւեռ երեւակայած Ռուսաստանի միջազգային-քաղաքական անկման, դիվանագիտական մեկուսացման, տնտեսական ու ֆինանսական կոլապսի երաշխավորման ու ռազմական խոցելիության բացահայտման տարին: 
Խոսքերից մեկը, որ ասվել է 2022-ին եւ շատ երկար կմնա հիշողությանս մեջ, ԱՄՆ գեներալներից մեկի բառերն էին, ով նաեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար էր եղել (SACEUR)։ Նա մի հարցազրույցում ասել էր․ «Ես ինձ անընդհատ այդ հարցն եմ տալիս, ինչպե՞ս կարող էինք մենք այդքան սխալվել… Ինչպե՞ս ենք այդքան երկար մոլորության մեջ եղել, թե ռուսները զորեղ, կարողունակ բանակ ունեն, մեր հետախուզական ծառայություններն ինչպե՞ս այդ թյուրիմացությունը չեն ցրել… Ինչպե՞ս էր հնարավոր նման մոլորություն…»: Գուցե ամերիկյան գեներալն անկեղծորեն էր զարմացած, գուցե ռուսական բանակի շուրջ փուչիկ փչելը քաղաքականություն է եղել, որպեսզի ցուցամոլությամբ տառապող Ռուսաստանը երբ մի օր սեփական անխելքությունից ռազմադաշտում հայտնվի, հանգիստ ջախջախեն: Ինչպիսին էլ եղել է մոլորությունը` իրական, թե ձեւացրած, արդյունքն ավելի քան գոհացնող է: 

Ռուսաստանը պարտվում է դեռ միայն ՆԱՏՕ-ական զենքի դեմ մարտնչելով: Հապա ինչ կլիներ, եթե հանկարծ ՆԱՏՕ-ական գեներալների, զինվորների, զինուժի հետ հակամարտեր, եթե ՆԱՏՕ-ի հետ զինված հակամարտություն լիներ, եւ հրթիռներն ու արկերը Ռուսաստանի քաղաքների վրա թափվեին: Քանի՞ օր կդիմանար Ռուսաստանը: Հաշված օրեր միայն: Այն, որ Ռուսաստանը մերկ է ամեն ռազմական կարողությունից եւ օժտվածությունից եւ վերջնահաշվում ոչինչ չունի միջուկային մարտագլխիկներից բացի, հիմա տեսանելի է բոլորին: 

Իհարկե, ընթացող պատերազմում պետք է հիշատակել Ուկրաինայի հերոսների եւ Ուկրաինայի քաղաքացիների ջանքերը, ովքեր անտանելի կենսապայմաններում` լույսի, գազի, ջեռուցման, ջրի բացակայությանը դիմանալով են պայքարում, համարյա՝ ինչպես հայաստանցիները 1990-ի արցախյան առաջին պատերազմում: Արժանին պետք է մատուցել Եվրոպայի պետություններին ու կառավարություներին, որ տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն են տրամադրում Ուկրաինային:

Այս պատերազմի տեսանելի վերջաբանն Ուկրաինայի ռազմական հաղթանակն է եւ Ռուսաստանի՝ Ղրիմից դուրս մղվելը, իսկ պատերազմի ավելի երկարատեւ ու նշանակալից արդյունքը Ռուսաստանի տնտեսական փլուզումն է, որի հիմքը ռուսական էներգակիրների բոյկոտումը եւ դրանով Ռուսաստանին իր եկամուտների հիմնական աղբյուրից զրկելն է, որի ծանրությունն իրենց ուսերի վրա տանում են Եվրոպայի շարքային քաղաքացիները: Այնպես որ, 70-ամյա խաղաղ կյանքից հետո Եվրոպան ու աշխարհը բախվեցին պատերազմի եւ դրա փորձությունն ու դժվարությունները տանում են տոկունությամբ: 

Այժմ հարցն այն է, թե կհանգեցնի՞ արդյոք Ուկրաինայում պարտությունը, այսպես կամ այնպես, Ռուսաստանի փլուզման: Իհարկե, նայած թե փլուզում ասելով ինչ է հասկացվում: Տարածքի, սուբյեկտների եւ սահմանների առումով, իհարկե, Ռուսաստանի փլուզում չի լինի: Ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը ներքին կենսունակության պաշար ունի: Այլ՝ որովհետեւ ինչ չարիք էլ լինի Ռուսաստանը, աշխարհի, քաղաքակրթության եւ մարդկության համար միանշանակորեն գերադասելի է Ուրալից արեւելք, Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում ունենալ Ռուսաստանի իշխանություն, ոչ թե Չինաստանի ազդեցություն կամ, Աստված մի արասցե` ներկայություն:

Ռուսաստանի պատմական մեծագույն դերը եւ ծառայությունը մարդկությանը եղել է չինական ու թյուրքական հորդաների առջեւ պատնեշի դերակատարումը եւ այդ հորդաների առաջխաղացումը դեպի Եվրոպա արգելակելը: Եվ որքան էլ աշխարհում տեղաշարժեր լինեն, երբեք ու ոչ մի պատասխանատու արեւմտյան առաջնորդ Ռուսաստանի այդ դերակատարման համար խնդիր կամ դժվարություն չի ստեղծի: Անկախ նրանից, թե Ռուսաստանը որքան է արժանի Արեւելյան Եվրոպայի հատկապես փոքր երկրների ատելությանը, աղմուկին, անեծքին, վերջնահաշվում Ռուսաստանը փլուզված տեսնելու տենչանքին, Ռուսաստանն իր սահմաններում կպահպանվի, արեմտյան հզոր ու պատասխանատու երկրների կողմից: 

Այլ հարց, որ Ռուսաստանի միայն սահմաններն են անբեկանելի, մնացյալ ամեն ինչ, հավանաբար, կփլուզվի, որպեսզի այդ երկիրն այլեւս Եվրոպայի համար վտանգ չներկայացնի: Իսկ փլուզումների կառավարումն ամենակարեւոր գործընթացն է համաշխարհային քաղաքականությունում: Հավանաբար, հենց դա է բացատրում, թե ինչու են Ուկրաինային մատակարարվող զենքերը միայն աստիճանաբար որակական բարելավում ապրում: Որպեսզի դրանց գործադրման հետեւանքները ոչ միայն ուկրաինական, այլեւ ռուսական կողմի առումով լինեն վերահսկելի: Քանի դեռ Ռուսաստանն ավելի ու ավելի է խրվում Արեւմուտքի վերահսկողության ներքո ընթացող պատերազմի մեջ Ուկրաինայում, կարծես ավելի էական ու գլոբալ տեղաշարժերը հընթացս ծավալվում եւ ավարտին են հասցվում: Ռուսաստանն էլ իր եկամուտների աղբյուրներից է կտրվում տնտեսական պատժամիջոցների արդյունքում եւ դեպի տնտեսական կոլապս գլորվում, ինչը երկար ժամանակի համար չեզոքացնում է Ռուսաստանին՝ որպես ռազմական հակառակորդի: Միաժամանակ, համակարգված ՆԱՏՕ-ն է առաջանում Եվրոպայի հյուսիսային (Շվեդիա, Ֆինլանդիա), կենտրոնական (Ուկրաինա, Մոլդովա) եւ, հուսանք, վերջապես՝ հարավային (Հայաստան, Վրաստան) թեւերում: Իսկ դա արդեն Հայաստանի համար է ցանկալի աշխարհաքաղաքական տեղաշարժեր նշանակում, ինչի մասին՝ հաջորդիվ: