Մեր 3000-ամյա մայրաքաղաքը «հին քաղաք» չունի, իսկ 900-ամյա Լյուբլյանան ունի

Մեր 3000-ամյա մայրաքաղաքը «հին քաղաք» չունի, իսկ 900-ամյա Լյուբլյանան ունի

Սլովենիայի մասին Վահրամ Աթանեսյանի հրապարակումն («Հրապարակ», 18.05.2020) արդեն երկրորդն է վերջին մի քանի օրերի ընթացքում: Առաջին հրապարակումը վերաբերում էր կորոնավիրուսի հաղթահարմանն այդ երկրում: Դրանից անմիջապես հետո ցանկություն կար արտահայտելու իմ ուրախությունը Սլովենիայի համար, քանի որ առիթ եմ ունեցել 10 օր անցկացնել այդ հրաշք երկրում: 

2004-ին հայկական մի պատվիրակության (տարածքային զարգացման փորձի ուսումնասիրության նպատակով) կազմում այցելել էի Սլովենիա, մի երկիր, որը հիմնական հարաչափերով Հայաստանի 70 տոկոսն է (տարածքը՝ 20.3 հազ. քմ, բնակչության թիվը՝ 2.1 մլն մարդ): Սլովենիան, ի տարբերություն Հայաստանի, գտնվելով Բալկանյան թերակղզու նախաալպիական մասում, ունի ելք (47 կմ) դեպի Ադրիատիկ ծովը: Այնտեղ մի գեղեցիկ փոքրիկ քաղաք կա՝ Պիրան, որը հիմնել են ժամանակակից իտալացիների նախնիները: Պիրանում, ծովափից մի քանի մետր հեռավորությամբ, կա մի հարմարավետ ռեստորան, որտեղ կարելի է ճաշակել ծովի բարիքները: Խորհուրդ եմ տալիս այցելել Պիրան:

Մեր պատվիրակությունը կազմված էր 3 մարզերի տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներից: Պատվիրակության բոլոր անդամները հիացած էին Սլովենիայի ոչ միայն բնությամբ ու պատմամշակութային վայրերով, բարեհամբույր մարդկանցով, այլեւ նրա տնտեսական նվաճումներով: Մեր մարզերից մի քաղաքապետ, բավականին մտահոգ, ինձ հարցրեց. «Մեզ մոտ երբեւէ կլինի՞ այսպես»: Իմ պատասխանը եղավ. «Ե՛վ այո, ե՛ւ ոչ»: Տեսնելով նրա զարմացած հայացքը՝ մեկնաբանեցի իմ պատասխանը. «Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպն ու հոգեկերտվածքի որոշ կողմեր, ունենանք որոշակի՝ առաջընթացին նպաստող արժեհամակարգ, մշակույթ (այստեղ մշակույթը պետք է հասկանալ լայն իմաստով, այլ ոչ միայն նկատի ունենալ Խորենացուն, Նարեկացուն, Մաշտոցին, Սարյանին, Խաչատրյանին, Չարենցին ու Իսահակյանին, ինչպես նաեւ ոչ միայն այն, որ առաջին ազգն ենք եղել, որը քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն. դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են)»: «Ոչ, որովհետեւ մենք չենք կարող փոխվել, մեզ դա չի հաջողվել դարեր շարունակ ու, հավանաբար, չի էլ հաջողվի հետագայում»: Մի պահ հապաղելուց հետո զրուցակիցս հարցրեց. «Իսկ չի՞ լինի, որ մի 30 տոկոս սլովենների տանենք Հայաստան, մի այդքան էլ հայերի բերենք Սլովենիա»: Ասացի, որ դեմ չեմ սլովեններին «տանել» Հայաստան, բայց դեմ եմ հայերին Սլովենիա «տանելուն». Սլովենիայից բան չի մնա՝ կատակեցի ես: Թեպետ աշխարհի որ երկրում էլ լինեն հայերը, լավ էլ ինտեգրվում են ու նպաստում այդ երկրի զարգացմանը:

Հետո ես հարցրի. «Ձեր կամ պատվիրակության կազմում գտնվող մյուս քաղաքապետերի ղեկավարած ոչ մեծ քաղաքների մատույցները Ձեզ դուր գալի՞ս են: Շա՞տ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի գոնե մուտքերը եւ ելքերն աչք շոյեն, ինչպես այստեղ է»: Հարցս հռետորական էր: Երկիրն ուղղակի չի կարող զարգանալ, երբ ամենուր քաղաքաշինական, բնապահպանական եւ այլ նորմերի խախտումներով անճաշակ, բնության հետ չներդաշնակվող կառուցապատումներ են իրականացվում, որոնք կուտակում են բացասական էներգիա: Զարմանալի է, որ 3000-ամյա մայրաքաղաքը «հին քաղաք» չունի, իսկ 900-ամյա Լյուբլյանան ունի: 

Հարգելի Վահրամ, Դուք ենթադրություն եք անում. «Տարբերությունն այն է, որ սլովենները թշնամի հարեւան չունեն: Գուցե դա՞ է պատճառը, որ այսօրվա Սլովենիան բարեկեցության եւ քաղա­քացիական համերաշխության երկիր է»: Բայց չէ որ թշնամի ունենալն էլ իր «առա­վելությունն» ունի. դա ուղղակի պարտադրում է, որ մշտապես զարգանաս, ուժեղ տնտեսություն ու համախմբված, համերաշխ հասարակություն ունենաս: Ի վերջո, Հարավում մի երկիր կա, որը մեզանից ոչ պակաս թշնամիներ ունի:

Տարակուսանքի ու ափսոսանքի զգացողություն ես ունենում, երբ տեսնում ես, որ հարուստ պատմություն ու ժառանգություն ունեցող, բազմաթիվ արհավիրքների միջով անցած մեր ժողովուրդը չի փորձում դուրս գալ «զարգացման մայրուղի», չի ասում, որ չնայած մեր բազմաթիվ չկամեցողներին՝ պիտի զարգանա, չի գիտակցում, որ իր պատմությամբ եւ համաշխարհային մշակույթում զբաղեցրած դիրքով վաստակել է արժանապատիվ ապրելու, աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու իրավունքը: Դրա համար պահանջվում են կազմակերպվածություն, կարգապահություն, որոշակի մշակույթ:

Կարծես թե թեմայից շեղվեցի՞: Մի երկու դիտարկում անեմ Սլովենիայի տնտեսության մասին: Սլովենիան դինամիկ զարգացող տնտեսությամբ արդյունաբերական երկիր է: 2003 թվականին Սլովենիայի ՀՆԱ-ն 29.6 մլրդ դոլար էր, իսկ Հայաստանինը՝ 2.8 մլրդ դոլար. տարբերությունը՝ 10.6 անգամ: 2019-ին Սլովենիայի ՀՆԱ-ն կազմել է 54.1 մլրդ դոլար, Հայաստանինը՝ 13.4 մլրդ դոլար. տարբերությունը՝ 4 անգամ: Թվում է, թե այդ տարբերության 2.5 անգամով կրճատումը հանգեցրել է ՀՀ տնտեսության մեջ որակական տեղաշարժերի՝ երկրի տնտեսության նոր հատվածների ստեղծման, նրա մրցունակության բարձրացման հետեւանք է, սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէ: 

Ի դեպ, զբոսաշրջության մասին: Դեռեւս 2003-ին այդ ոլորտի ստեղծած եկամուտը կազմում էր 1.5 մլրդ եվրո: Ընդ որում, շատ տարածված էր հեծանվային զբոսաշրջությունը՝ Ավստրիայից, Հունգարիայից, Իտալիայից: Դրա զարգացմանը նպաստել էր նաեւ համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը, օրինակ, հյուրանոցների եւ սննդի կազմակերպման մասով. հեծանվորդ-զբոսաշրջիկի համար պահանջվում են հատուկ մահճակալներ եւ հատուկ սնունդ, ինչն ավելի թանկ արժե: Սլովենիայում համաչափ է նաեւ տարածքային զարգացումը, հատկապես տպավորիչ է բնակչության տարաբնակեցումը. մայրաքաղաքի բնակչությունը՝ 284 հազար մարդ, մեծությամբ երկրորդ քաղաք Մարիբորինը՝ 95 հազար: Մինչդեռ Հայաստանում տարածական զարգացման սկզբունքները խախտված են:

Ինչեւէ, լավ լուր է, որ Սլովենիան հաղթահարել է համավարակը: Սպասենք Հայաստանին վերաբերող այդպիսի լավ լուրի, որն ինքնիրեն չի գալու, այլ կախված է լինելու մեր կազմակերպվածությունից, կարգապահությունից: Մենք դա կարող ենք անել՝ դրական հոգեբանական տրամադրվածության պարագայում:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ