Սլովենիայի մասին

Սլովենիայի մասին

Երբ կարդացի, որ Եվրամիության, թերեւս, ամենահամեստ անդամ Սլովենիան հայտարարել է կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու մասին, փորձեցի որոշ տեղեկություններ քաղել այդ երկրի մասին: Եւ իմացա, որ անկախություն է հռչակել 1991թվականին, կարճատեւ պատերազմել Հարավսլավիայի կենտրոնական իշխանության դեմ: Ոչ հաղթել է, ոչ՝ պարտվել: Ուղղակի Հարավսլավիան, որպես դաշնային պետություն, փլուզվել է, եւ Սլովենիայի անկախությունը միջազգայնորեն ճանաչվել է: Երկրի պատմության ուշագրավ էջերից է, որ 1848 թվականին ազգային-ազատագրական շարժում է սկսել: Նպատակը՝ միավորել բոլոր սլովենական հողերը: Վիքիպեդիան նույնիսկ այդ ծրագրի հիման վրա գծված՝ միասնական Սլովենիայի քարտեզն է հրամցնում հետաքրքրվողին եւ ավելացնում, որ «այդ նախագիծն իրականություն չի դարձե»,: Հարյուրամյակներ շարունակ սլովենական հողերն օտար պետությունների մաս են կազմել: Ազգային-ազատագրական շարժումը ծավալվել է Ավստրո-Հունգարիայի դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սլովենական հողերը բաժանվել են Իտալիայի եւ Սերբիայի միջեւ: Մի խոսքով՝ սլովենները պատմական դժվարին ճանապարհ անցած ժողովուրդ են: Ճիշտ է, նրանք ցեղասպանության չեն ենթարկվել, բայց բաժանված ազգ են: Բուն երկրից զատ սլովենները համախումբ բնակվում են Իտալիայում, Ավստիրայում, Խորվաթիայում: Ունեն սփյուռք, հատկապես՝ Միացյալ Նահագներում: Պատմությունն այնպես է տնօրինել, որ սլովեններն ապրել են առանձնակի կյանքով, դրա համար էլ նրանց լեզուն ունի մի քանի բարբառներ եւ խոսվածքներ: Սլովենիայի ներկայիս բնակչությունը շուրջ երկու միլիոն է, որից իրեն ծագումով սլովեն է համարում միայն 1,6 միլիոնը: Դավանանքով սլովենների մեծամասնությունը կաթոլիկ է, կան նաեւ ուղղափառ եւ իսլամադավան սլովեններ: Կա՞ն հայերիս հետ նմանություններ: Անշուշտ: Բաժանված ազգ, կրոնական եւ լեզվական բազմազանություն: Տարբերությունն այն է, որ սլովենները թշնամի հարեւան չունեն: Գուցե դա՞ է պատճառը, որ այսօրվա Սլովենիան բարեկեցության եւ քաղաքացիական համերաշխության երկիր է: Դժվար է ասել: Իրողությունն եմ արձանագրում: