Կորոնավիրուսը և Հայաստանը

Կորոնավիրուսը և Հայաստանը

Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճի հետ աճում են նաեւ այլ երկրների հետ մեր ցուցանիշների համեմատությունները: Լայն պրոֆիլի տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղտեխնոլոգներ, քաղաքագետներ եւ քաղաքականության հետ աղերսներ ունեցող զանազան այլ մասնագետներ այս օրերին դարձել են կորոնավիրուսի վիճակագիրներ եւ տխուր դեմքով ամեն օր արձանագրում են, թե այսպես ու այսպես, Հայաստանը համաշխարհային հակառեկորդներ է սահմանում, բնակչության հաշվով ունենք վարակվածության խայտառակ ցուցանիշներ, թեստերը քիչ են, մահճակալներն արդեն չեն բավարարում, եւ այսպես շարունակ: Առաջին հայացքից սա կարող է նորմալ համարվել: Դե, սրտացավ մարդիկ են, դողում են ժողովրդի առողջության վրա, գրում են, մատնացույց են անում, իշխանություններին սթափության են կոչում:

Բայց այս պահին խոսքն այն մասին չէ, որ մենք ունենք սրտացավ «վիճակագիրներ»: Ես կուզենայի, որ մենք հասկանանք՝ ինչի՞ց է, որ Հայաստանը Վրաստանից ու մյուս երկրներից առաջ է անցել նաեւ կորոնավիրուսի վիճակագիրների թվով: Տարօրինակ չէ՞, որ 2,5 միլիոնանոց Հայաստանում ավելի շատ «վիճակագիր» կա, քան 1,5 միլիարդանոց Չինաստանում: Իհարկե, տարօրինակ է: Փորձենք հասկանալ պատճառը:

Նախ՝ ոչ մի երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում չկա վարակվածության նոր դեպքերի եւ մնացած ատրիբուտների մասին հայտնելու ֆիքսված ժամ: Մինչդեռ Հայաստանում կա, եւ մեր օրը, կարելի է ասել, սկսվում է ժամը 11։00-ից ու, նայած ինչ թիվ կկրակեն, ըստ այդմ էլ շարունակվում է մինչեւ հաջորդ օրվա ժամը 11։00-ն: Համամիտ չե՞ք, որ քաղաքական քննարկումները հիմնականում պայմանավորված են օրվա թվով, եւ հենց այդ թվի շուրջ են կառուցվում դրանք: Ասում է՝ կույրն ի՞նչ կուզի՝ մի զույգ աչք: Իշխանությանն ուրիշ էլ ի՞նչ է պետք, եթե նրան արդեն իսկ հաջողվում է թիվ կրակելով՝ կեղծ օրակարգ թելադրել հանրությանն ու քննարկումներն ուղղորդել իր ուզած հունով: Տեսեք՝ պարետատունը մի քանի անգամ փոփոխել է արտակարգ ռեժիմը՝ խստացրել, թուլացրել, նորից խստացրել, նորից թուլացրել: Եվ ամեն անգամ խստացնելու եւ թուլացնելու օրը, ուղիղ ժամը 11։00-ին հայտարարվել է վարակվածության ռեկորդային թիվ: Եվ ամեն անգամ սկսվել է՝ «արա, էս ով են սրանք, կարանտին են հայտարարում, իսկ թիվն աճում է», կամ՝ «արա, էս ով են սրանք՝ տրանսպորտն են բացում, բայց թիվն աճում է»:

Ահա եւ ձեզ կեղծ օրակարգ, որտեղ ինֆորմացիոն առաջին դիրքերում հայտնվելու համար մարդիկ ամեն օր ժամը 11։00-ին իրենց գցում են էկրանների առաջ, որ բան բաց չթողնեն:
Աշխարհի ոչ մի երկրում իշխանությունն իրեն այնքան չի հակասել, որքան Հայաստանում: Միայն Նիկոլ Փաշինյանի ինքնահակասումների փաստերն արձանագրելու համար մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ կարող է աշխատել լրիվ ծանրաբեռնվածությամբ: Աշխարհի ոչ մի ղեկավար կորոնավիրուսի մասին իր գիտելիքներն այնքան չի հանրայնացրել, որքան Նիկոլ Փաշինյանը: Դիցուք՝ մեր բարեկամ Պուտինը երբեք գյալաջի չի արել, թե ինչպես պետք է ձեռքերը լվանալ, դիմակ ու ձեռնոց կրել, կեղտոտ ձեռքերով քիթը չփորել, չախտահանված սպասքից չօգտվել, փռշտալիս բերանը փակել, պինցետով վիրուսը դուրս քաշել, արաղ խմել եւ այլն: Ռուսաստանում, Պուտինին խոսեցնելու փոխարեն, հստակ ասում են՝ հետեւեք առողջապահության նախարարության ցուցումներին: Եվ՝ վերջ: Կորոնավիրուսի մասին Թրամփի բոլոր գրառումները մասշտաբային բնույթի են, վերաբերում են վարակի սկզբնաղբյուրներին, տարածման համաշխարհային քարտեզին, միտումներին եւ այլն: Կորոնավիրուսի թեմայով Փաշինյանի գրառումներն ու լայվերը, ինչու ոչ, նաեւ զանգերը, ցույց են տալիս, որ նա մտածում է «պողոս առ պողոս» մասշտաբով եւ համալիր պատկերացում չունի վտանգի մասին: Ու թերեւս դա է պատճառը, որ Փաշինյանը մի լայվից մինչեւ հաջորդ լայվ հասցնում է մի քանի անգամ հակասել ինքն իրեն: Իսկ այստեղ արդեն վիճակագիրների բանակ է պետք, որ գրանցի այդ բոլոր հակասություններն ու քաղաքական դիսկուրս սկսի դրանց շուրջ:

Իշխանության հակասական հայտարարությունները Փաշինյանի հայտարարություններով չեն սահմանափակվում: Առողջապահության նախարարն իր հերթին է ինքնահակասում, պարետը՝ իր հերթին, գործադիրը մի բան է ասում, օրենսդիրը՝ մի ուրիշ բան, առողջապահության նախարարը հակասում է վարչապետին, վարչապետը` պարետին, պարետը` առողջապահության նախարարին ու վարչապետին: Ահա՝ քաղաքական կորոնավիրուսի վիճակագրությամբ զբաղվողների նկատելի ավելցուկ ունենալու եւս մեկ հիմնավոր պատճառ:

Ամփոփենք: Իմ համեստ կարծիքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքար, որպես այդպիսին, ուղղակի չկա: Հետեւաբար, սխալ է Հայաստանի ցուցանիշներն այլ երկրների ցուցանիշների հետ համեմատելը: Ոմանք Հայաստանն այս առումով համեմատում են Բելառուսի հետ: Դա նույնպես ճիշտ չէ: Բանն այն է, որ Բելառուսը գիտակցաբար եւ պաշտոնապես չի պայքարում այս վարակի դեմ, մինչդեռ Հայաստանում ոչինչ չեն անում, բայց հայտարարում են, թե իրենք կորոնավիրուսի դեմ պայքարում համաշխարհային առաջամարտիկներ են: Տարբերությունը, կարծում եմ, հասկացանք:
Իսկ հիմա, գալով կորոնավիրուսի հայրենի վիճակագիրներին, կուզենայի հորդորել նրանց՝ չզբաղվել այդ անիմաստ գործով ու խելացի-խելացի ելույթներով չօգնել Նիկոլ Փաշինյանին՝ կեղծ օրակարգեր մեջտեղ բերելու գործում: Սիրելիներս, հաստատ այնպես չէ, որ դուք Նիկոլից ավելի շատ եք հասկանում կորոնավիրուսից: Ուստի ավելի լավ է՝ հանգիստ թողնեք հանրությանը եւ չտանեք կեղծ թիրախների հետեւից: