ՀԱԿ-ի գնահատականը ներքաղաքական դասավորումների ժամանակ առիթն օգտագործելու համար է

ՀԱԿ-ի գնահատականը ներքաղաքական դասավորումների ժամանակ առիթն օգտագործելու համար է

Մեր զրուցակիցը ԳԽ նախկին պատգամավոր ԱԺԲ-ի անդամ Ալբերտ Բաղդասարյանն է։

- Հայ ազգային կոնգրեսը 2 տարի իշխանություններին սատար կանգնելուց հետո հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իմքայլականները չհասկացան էլ, թե ինչ աղետ բերեցին ժողովրդի գլխին։ Ինչո՞ւ նման գնահատական հնչեց այսօր, երբ կատարվածն արդեն փաստ է, ռուսական խաղաղապահներն արդեն Արցախում են։ Մյուս կողմից, այստեղ կա՞ կոլեկտիվ անպատասխանատվություն։

- Ձեր հարցում պատասխանը տվեցիք։ Ուղղակի կարող եմ ավելացնել, որ այդ հայտարարությունը հայկական ներքին վերադասավորումներում առիթն օգտագործելու համար է։ Ոչ թե ընդհանուր խնդրին մոտենալու կամ լուծում փնտրելու։ Սա դիտվում է որպես խնդիր, որը կարելի է օգտագործել իշխանությանը մոտենալու, դիրքավորման համար։ Հետագա։ Որովհետեւ հակառակ դեպքում, եթե խնդիրը դա թույլ չտալն էր, պետք է արվեր մինչեւ դա։ Խոսեին վտանգի մասին, ինչպես մենք էինք հանդես գալիս։ Կամ գոնե հիմա հրապարակային հայտարարեն, որ իրենց համար անընդունելի է այդ եռակողմ հայտարարությունը։

- Դե, ասում են՝ արհավիրք։ Որ ասեն՝ անընդունելի է, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու։

- Այո, իհարկե, պետք է ոչ լեգիտիմ դարձնես այս հայտարարությունը։ Ապագայի համար։

- Պարոն Բաղդասարյան, ռուսական կողմի մեկնաբանությամբ՝ գնացքը գնացել է։ Այսինքն՝ Արցախում արդեն իսկ խաղաղապահներ են, զինտեխնիկա, շուտով կլինեն նաեւ ադրբեջանցիներ։

- Ոչ մի բան էլ չի մեկնել։ Թող հեքիաթ չպատմեն։ Գլուխները պատին են տվել։ Ու ոնց տեխնիկան մտցրել են, այդպես էլ վաղը ․․․ որովհետեւ միջազգային մանդատ ստանալու համար պետք է համաձայնեն ուրիշների մուտքին, ուրիշ պայմաններով մուտքին։ Ամբողջ խնդիրն այն է, թե մենք՝ հայ ժողովրդով համակերպվո՞ւմ ենք, թե չէ էդ տուպիկի մեջ, որ մեզ դրել են ռուս-թուրքերը։ Դրա հետ մեր քաղաքական միտքը համաձայնո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք կոնկրետ՝ Բեւեռը չի համաձայնում։ 

- Ովքեր փորձում են ընդդիմանալ, օրինակ՝ 17 քաղաքական ուժերի ղեկավարները ձերբակալվում են, մեկնաբանում են, թե ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են։

- Ես չեմ կարդացել «17»-ի ի հայտարարությունը։ Որ իրենք համարում են, որ դա Մինսկի խմբի ձեւաչափի խախտում է, որ միջազգային խաղաղարար ուժեր չեն կարող լինել ռուս-թուրքական համաձայնության արդյունքում ձեւավորված ո ւժերը։ Չեմ լսել մի բան, ուղղակի ասում են՝ Նիկոլը դավաճան է, Նիկոլը դավաճանել է, մերժում ենք։ Բայց ինչո՞ւ, ի՞նչն են մերժում։ Իմ համար կարեւորը, որ ասեն, թե ինչն եմ մերժում։ Ես Ձեզ հարցնում եմ՝ պաշտոնական հայտարարություն կա՞։ Ելույթներ են միայն։ Պատմությունը ոչ մի ելույթ չի հիշում, ոչ մի կուսակցություն պատասխանատու չէ կուսակցական ելույթի համար։ Կուսակցությունը պատասխանատու է իր կուսակցական դիրքորոշման համար։ Կարո՞ղ եք նշել որեւէ կուսակցության պաշտոնական դիրքորոշում։

- Օրինակ՝ ՀԱԿ-ինը, որ այդ հայտարարությունը աղետ է։

- Դե, աղետ է, աղետ է։ Կարող է անձեւ էլ գա, ասել՝ աղետ է։ Մենք ասում ենք՝ կա՞ պաշտոնական դիրքորոշում հայտարարության վերաբերյալ, ռուսական զորքին էդ մանդատը տալու վերաբերյալ։ Հետեւաբար, էդ ներիշխանական պայքարը, որում կօգտագործվի կարկուտը, անձրեւը, թե Շուշի հանձնելը, դա իմ կարծիքով, նույն հարթության վրա են։ Արդյունքը, իմաստը, նպատակը, որ Նիկոլը հրաժարական տա, որ գան իրենք, որ ի՞նչ անեն։