Իրե՞ն է համոզում, թե՞ մեզ

Իրե՞ն է համոզում, թե՞ մեզ

Մի ողջ երկիր, գոնե նրա մտածող եւ ոչ իշխանական հատվածը, գիշեր-ցերեկ զբաղված է վարչապետ Փաշինյանի խոսքի հակասություններն ու ստերը բացահայտելով, նրա հայտարարությունները հերքելով, հակափաստարկներ գտնելով եւ ապացուցելով, որ այդպես չէ: Որ Արցախը Հայաստան է, որ պատերազմ տենչացող թշնամուց չի կարելի խաղաղություն մուրալ, որ ոչ մի փաստաթուղթ եւ պայմանագիր խաղաղություն չեն բերելու մեզ: Որ չի կարելի ենթարկվել Ադրբեջանի պահանջներին ու զիջել, ենթարկվել, տալ: Որ ոսոխը, որի ախորժակն օր-օրի բացվում է, շարունակելու է ուզել, պահանջել, եւ նա կանգ չի առնելու, մինչեւ մեր «արյունը չխմի»:

Փորձում են համոզել, որ սխալ է սահմանազատումը Տավուշից սկսելը: Իսկ եթե դա սահմանազատում չէ, ինչպես պնդում են սահմանազատման հանձնաժողովի անդամները, ապա ինչո՞ւ եք շտապում տարածքները հանձնել, ինչո՞ւ հենց Տավուշից, ինչո՞ւ ձեր թմբկահարած հայելային գործողությունների սկզբունքը չեք պահպանում: Եվ եթե անգամ չեք պայմանավորվել, թե որ թվականի քարտեզներով եք կատարելու սահմանազատումը, ինչո՞ւ եք շտապում այդ հողերը հայտարարել ադրբեջանական, իսկ բուն հայկական, պատմական հողերի մասին ոչինչ չեք խոսում:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում` նա այս իրավիճակից ելքը չի տեսնում եւ լուծումներ չունի: Այս բոլոր տարիներին նա տասնյակ մտքեր է հայտնել` իրար հակասող, որոշումներ կայացրել, որոնք մնացել են թղթի վրա ու մոռացվել, խոստումներ տվել, որոնք չեն իրագործվել: Հետզհետե նրա գործողությունների ամպլիտուդը փոքրացել է` նեղացել, բայց նա դեռ շարունակում է համոզել ինքն իրեն եւ մեզ, որ սա պարտություն չէ, ձախողում չէ, որ դեռ ելք կա: Ճիշտ է` հող տալն էլ խաղաղության երաշխիք չէ, բայց եկեք սա էլ փորձենք, մեկ էլ տեսար` ստացվեց: Չի ստացվելու: