Շոուների նոր եթերաշրջանը բացված է

Շոուների նոր եթերաշրջանը բացված է

Իշխանության գալով՝ Փաշինյանը «նախկինների թալանը քաբաբ-առ քաբաբ ետ բերելու» մոտիվներով շոուների ցուցադրում սկսեց. ձերբակալվեցին նախկին կարկառուն իշխանավորներն ու նրանց մերձավորները: Եվ դա արվում էր հոլիվուդյան ֆիլմերի նմանակությամբ. դիմակավորված անձինք անսպասելի կանգնեցնում էին երբեմնի անձեռնմխելի թվացող դեմքերին՝ Սաշիկ Սարգսյանին, նրա Գոնսալես որդուն, Վաչոյին ու մյուսներին: Հասարակությունը հոգեխանգարմունքի մեջ էր ընկնում ձերբակալությունների տեսարաններից, հիանում, թե ինչպես է իրենց փրկիչ Նիկոլը նախկինների հախից գալիս: Սակայն մի քանի օր անց այս մարդիկ ինչ-որ գումար վճարելով կամ բազմամիլիոն գրավի դիմաց, անաղմուկ հայտնվում էին ազատության մեջ: Ու քանի որ ազատվելն արվում էր առանց աղմուկի, շատերը չէին էլ իմանում դրա մասին եւ հիասթափվելու առիթ չէին ունենում: Սակայն մախաթը պարկում չես թաքցնի, եւ աստիճանաբար այս իրավիճակը հասանելի դարձավ նաեւ պողոսներին, եւ այս շոուները կորցրին իրենց հետաքրքրությունը, քանի որ պողոսը նաեւ տեսավ, որ այդ շոուներից հետո իր կյանքը ոչնչով չի բարելավվում, ոչինչ չի փոխվում: Իսկ իր վատ ապրելու «մեղավոր» նախկիններն ազատության մեջ են: Հետո իրենց փրկիչն ասաց, որ մեղավորն իրենք են, որ աղքատ են. «Աղքատությունը մարդու գլխում է»: Ու պողոսը հաշտվեց իր «խարաբ» գլխով վատ ապրելու մտքի հետ՝ մխիթարվելով նրանով, որ իր հարուստ հարեւանի գործերն էլ են վատացել: 

Փաշինյանը տեսնում է, որ իր վարկանիշը գահավիժել է, Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն, ասել է թե` Նիկոլը, խայտառակ արդյունք գրանցեց: Իսկ անելիք դեռ շատ կա. էն կիրթ ու կառուցողական ընկերոջը շատ բան է խոստացել, պիտի հասցնի անի: Բայց ո՞նց անի… Պետք է մի բան մտածել: Եվ նորից հիշեց շոուների ազդեցության մասին, ուղղակի պետք է փոխել բովանդակությունն ու զոհերին… Ու սկսվեց հուժկու պայքար ցնցուղների, կախիչների, բասկետբոլի ցանցերի դեմ: Հետո ավելի լուրջ ու ցնցող բան էր պետք մտածել, եւ հերթը հասավ յուրայիններին: Աղմուկով ձերբակալվեցին էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ, այնուհետեւ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, հայտնի IT կազմակերպության տնօրենը... 

Ամեն ինչ բնական, օրինաչափ եւ արդարացի կհամարվեր, եթե Փաշինյանն այդպես օպերատիվ արձագանքեր մամուլի բոլոր այն հրապարակումներին, որոնք առնչվում են իր թիմի կոռուպցիոն դրսեւորումներին: Բազմիցս ենք գրել փաշինյանական իշխանության կարկառունների կոռուպցիոն քայլերի մասին, գրել ենք փաստերով, թվերով: Բայց դրանք մնացել են անարձագանք, լավագույն դեպքում այդ անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոնից՝ առանց քրեական պատասխանատվություն կրելու: Շատ են դեպքերը, երբ մամուլը գրել է այն մասին, որ առանց տենդերի գնումներ են կատարվել, պայմանագրեր են կնքվել: 2020-ին Գյումրու մաքսատան կառուցման համար ծախսվել է 2 մլրդ դրամ: Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով, առանց տենդերի՝ ուղիղ գնման ճանապարհով, թույլատրեց կազմակերպել այդ աշխատանքները՝ նախագծերը, հաշվարկները` «Ատրիում թիմ» ՍՊԸ-ին, որը չուներ լիցենզիա, որովհետեւ «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն մի կազմակերպություն է, որը երբեք չէր մասնակցել որեւէ տենդերի, երբեք չէր արել որեւէ խոշոր պետական աշխատանք եւ անհայտ կազմակերպություն էր: 

Բերենք վերջին ամենաթարմ օրինակը. Երեւանի քաղաքապետի երդմնակալության վրա ծախսված 87 միլիոն դրամը վճարվել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին` միանվագ, առանց մրցույթի, հոկտեմբերի 9-ին կնքված պայմանագրի հիման վրա։ Օրինակները շատ են, երկար կարելի է թվարկել: Բայց վերադառնանք Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, ով կալանավորվեց չկայացած տենդերի գործի առնչությամբ, երբ պետությունն անգամ մի դրամի վնաս չի կրել: Այս գործը փաշինյանական իշխանության օրինազանցությունների օվկիանոսի մեջ կաթիլ է: Ի՞նչ կա թաքնված այս ամենի ետեւում: Իհարկե՝ շոու, տեսարաններ ու նորից տեսարաններ, թե բա՝ տեսեք, որքան անաչառ է Նիկոլը, որ անգամ իր ամենակարկառուն թիմակցին չի խնայում խայտառակությունից: Իսկ թե ինչ է կատարվում վարագույրից այն կողմ՝ հայ-ադրբեջանական բանակցային սեղանի շուրջ, կարեւոր չէ: Կարեւորը՝ այսօր հասարակությունը քննարկելու նոր թեմա ունի: Իսկ Ալե՞նը… Ալենին կհամոզի, որ դա շատ անհրաժեշտ է մեզ, իսկ խաթրն էլ հետո կառնի` հո այդպես չի՞ մնա: