Նորից քաղաքական «բոստանում»

Նորից քաղաքական  «բոստանում»

Պարույր Սեւակի տողերից մեկն ասում է․ «Նորից մեջս խոսեց ֆրանսիացին․․․»։ Հիմա նորից ինձ կանչում է քաղաքականության բոստանը, ինչպես ․․․ մեր էպոսի այն պառավի կորեկի արտը՝ լոր որսացող թլոլ Դավթին․․․ Կեղտոտ բոստան է, ծախվածները շատ են, վտանգ կա, որ լինչի կենթարկեն քեզ՝ գրողիդ, քո իսկ գրչածայրին խաչելով: Բայց ես լոռեցի եմ, լոռեցու սիրուն թեւավոր խոսքեր կան, օրինակ․ «Բա արջից էլ վախենամ, արջի քաքից է՞լ»։ Կամ այսպես է ասում․ «Էն տեղս ղազուխ եք մտցրել, բա մի հատ չփաքահանվեմ է՞լ, ուշունց չտա՞մ․․․»։

Ղարաբաղյան շարժումն ինչպե՞ս սկսվեց։ Ես՝ ինքս, ստորագրել եմ այն հայտնի ստորագրահավաքի թղթի՝ «ղարաբաղյան պետիցիայի» թղթի տակ, որը ստորագրել տվողները ներկայացնում էին որպես Մոսկվա ուղարկելիք պահանջատիրական թուղթ։ Ասում էին՝ Յակովլեւն է ասել, Գորբաչովի քաղբյուրոյի՝ գաղափարական գծով ղեկավարը, տխրահռչակ շովինիստ Սուսլովին փոխարինողը։ Ասում էին՝ Յակովլեւն ասել է՝ էդ թուղթը բերեք՝ Ղարաբաղը կտանք ձեզ․․․ Գուցե իսկապես շարժումը Յակովլեւն էր հրահրել՝ բոլշեւիկյան քաղբյուրոյի դիրքերը խարխլելու եւ Գորբաչովի տեղն ամրացնելու համար, որովհետեւ Գորբաչովի կառավարման սկիզբը նրա համար ողբալի էր, նա գրեթե իշխանություն չուներ, հին բոլշեւիկ ճուռակներն էին իրադրության տերը․․․

Արցախի նախիջեւանացում էր գնում, դպրոցի թուրք տնօրենը հայ աշակերտուհի էր բռնաբարում, Ադրբեջանով մեկ ավտոմայրուղիներ էին գցվում, իսկ Ղարաբաղում նույնիսկ էշի արահետ չկար, միջշրջանային ճանապարհները սայլի դարուփոս ճանապարհներ էին․․․ Մի խոսքով, անկախ նրանից, թե շարժումն ինչպես էր «նախագծվել», Արցախի հարցը բարձրացնել պետք էր։ Բայց եթե հասանք հարցի լուծման ռազմական էտապին, ո՞ւմ վրա էինք հույս դրել, բա մեր խոշոր հայկական աչքերով չէի՞նք նայել քարտեզին, որ Ադրբեջանի կողքին Թուրքիա կա, իսկ մեր կողքին ո՞վ կար․․․ Ուռո՛ւսը, որի վրա հույս դրեցինք՝ դարերով չխրատվելով, որ ռուսի պարանի վրա լվացք չի կարելի փռել, նույնիսկ վերը հիշատակված մեր էպոսի այն պառավի թումբանը․․․ Հույս դրեցինք ռուսի վրա՝ իբրեւ Թուրքիայի հակակշռի եւ մեր դաշնակցի, ռուսն էլ, ինչպես միշտ, մեզ օգտագործեց, որքան էլ որ սա վիրավորական արտահայտություն լինի․․․ Հետո եկան ղարաբաղցի հայտնի «թագաժառանգները», մտան ռուսի փեշի տակ ու ասացին՝ կարճ է կյանքը, մերը հիմա թալանն է, իսկ թուրքից մեր «ողորմած տերը»՝ ուռուսը կպաշտպանի, երկիր հզորացնելը, կարգին զինվելը, այլ դաշնակից երկրներ փնտրե՞լս որն է․․․
Եղավ այն, ինչն անխուսափելիորեն պիտի լիներ։ Հիմա վայվլիկի ժամանակը չէ, մեզ դուխից գցող «եղերամայրերին» ու «եղերահայրերին» պիտի սաստենք. մենք պատմություն ենք կերտել, 30 տարի կըզըցրած ենք պահել իլհամի աշիրեթին, եւ դեռ հիմա է՛լ էդ քաքլանը վախենում է ռեւանշից, մեր մեջքի ուղղվելուց․․․ Պայքարն իզուր չի եղել, թեկուզ պարտվել ենք, բայց հո չէի՞նք կարող դիվանագիտորեն լուռ նայել, թե մեր սարերից մի քիչ այնկողմ դպրոցի թուրք տնօրենը հերթական որ հայ աշակերտուհու վրա է սեւեռել իր մունդառ հայացքը․․․

․․․ Նիկոլի պարագան այլ է, դա այլ թեմա է: ՀԵՏԱԳԱՅՈՒՄ՝ իրենից հետո պարզվելիք հարցեր են, աչքիս լույսը չի՝ պարզ ասեմ, բայց թող ձենները կտրեն նրանք, ովքեր ամեն ինչ բարդում են Նիկոլի վրա, նրա փոխարեն եթե Սասունցի Դավիթն էլ լիներ, պարտվելու էինք, որովհետեւ նախկին ջիգիթների թողած տկլոր-անզեն վիճակով կռվեցինք երեք պետության դեմ՝ Ուռուսիա, Թուրքիա, Ադրբեջան։ Այլ բան է, որ կարելի էր անել՝ ինչ հիմա արվում է, առանց պատերազմի, առանց 5 հազար զոհերի եւ երկու այդքան հաշմանդամների (էս մի թիվը «մոռանում» ենք, 10 հազար հաշմանդամը մեր պուճուր երկրի համար աղետ է․․․)։

Հիմա էլ ասում ենք՝ Ալիեւն էս է ուզում, էն է ուզում, էս քֆուրն է տալիս, էն է տալիս․․․ Բա ի՞նչ էինք սպասում։ Համաշխարհային պատմություն չգիտե՞նք․․․ Չգիտե՞նք, որ ամեն հաղթած պետություն իր ուլտիմատումներն է դնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը գուցեեւ չսկսվեր, եթե առաջինից հետո Վերսալում Անտանտան Գերմանիայի վզին այնպիսի պատժամիջոցներ չդներ, որ գերմանացիներին սովի չմատնի, որ ահավոր ծանր վիճակում Գերմանիան փրկելու համար հիտլեր չբուսնի․․․
Պետք է միջոցներ գտնել մեր հասարակության բարոյալքվածությունը, հուսահատությունը շտկելու համար, ոգին բարձրացնելու համար, «եղերամայրերին ու եղերահայրերին» ասպարեզից հեռացնելու համար, եւ ինչո՞ւ չէ` ավելի լավ իշխանություն ունենալու երազանքն ի կատար ածելու համար․․․

Զավեն ԲԵԿՅԱՆ