Փաշինյանը ՔՊ նախընտրական ցուցակն է գրում․ 2 անուն արդեն ջնջել է

Փաշինյանը ՔՊ նախընտրական ցուցակն է գրում․ 2 անուն արդեն ջնջել է

Նիկոլ Փաշինյանի մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը շատ լավ գիտի, որ իր եղբոր կնոջը կալանավորելու հրամանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ավելին գիտի, որ այդ հրամանը չէր լինի, իր եղբոր կինն ազատության մեջ կլիներ, եթե ինքը չզբաղեցներ ԱԺ նախագահի պաշտոնը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը կազմելով: Կալանավորելով ԱԺ նախագահի եղբոր կնոջը՝ նա Ալեն Սիմոնյանին ջնջում է այդ ցուցակից, զրկում նրան ապագա խորհրդարանում նույնիսկ շարքային պատգամավոր լինելու հավակնությունից:

Քաղաքական տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ցուցակը կազմելիս իր անունից հետո պետք է գրեր Ալեն Սիմոնյանի անունը: Բայց նրա եւ Սիմոնյանի հարաբերություններում ինչ-որ բան է փոխվել, եւ նրա նկատմամբ Փաշինյանը թաքուն դժգոհություններ ունի: Իհարկե, Ալեն Սիմոնյանն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ ինքը փաշինյանական գծի նվիրյալ է, նրա ամենահավատարիմ դաշնակիցը, հլու հպատակը` եթե Փաշինյանը հայտարարում է, որ պետք է հիմն ու գերբ փոխել, Սիմոնյանը պատրաստ է ասել, որ Հայաստանին ոչ թե գերբ ու հիմն է պետք փոխել, այլ գերբի փոխարեն կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, իսկ հիմնին կարող են փոխարինել նրա ցանկացած ելույթ ու խոսք: Բայց, հավանաբար, Փաշինյանը դա համարում է կեղծ կամ կարծում է, որ Ալեն Սիմոնյանը պատրաստ է նույնն անել անգամ այն պարագայում, երբ ինքը նրա հարսին բերդ է տանում: 

Փաշինյանն ապագա նախընտրական ցուցակից դուրս թողեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նա արդեն ակնարկում է, որ փոխնախարարից հետո հերթը հասնելու է նախարարին, նրան է ազատելու աշխատանքից ու կալանավորելու: Ճիշտ է` ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, Վահան Քերոբյանը դիրքորոշում արտահայտեց ի պաշտպանություն կալանավորված փոխնախարարի՝ ասելով, որ գործով «չկա կաշառք եւ չի էլ կարող լինել», իսկ կալանավորումն անհիմն է: Եթե մի քիչ էլ Քերոբյանի համարձակությունը հերիքեր, պետք է ասեր, որ այն նույն տրամաբանությամբ, ինչ Անի Իսպիրյանին են մեղադրում առերեւույթ կոռուպցիայի մեջ, Փաշինյանին էլ պետք է մեղադրեն ու կալանավորեն ոչ թե ամեն օր, այլ ամեն կես ժամը մեկ: 

Փաշինյանը մեկ գնդակով 2 նապաստակ խփեց, մի քրեական գործով իշխանական համակարգից դուրս մղեց իր մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանին եւ էկոնոմիկայի նախարար աշխատող Վահան Քերոբյանին: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն ազատվում նրանցից, ո՞րն է նրանցից դժգոհության առիթը, եւ ի՞նչն է միավորում Ալեն Սիմոնյանին ու Վահան Քերոբյանին: Կարծում եմ՝ դրա բացատրությունը մեկն է. իշխանության ներսում առկա պրոարեւմտյան ուժերը վաղուց ունեն բացահայտ եւ քողարկված ռուսամետ գործիչների ցուցակ եւ Փաշինյանից անվերջ պահանջում են, որ իշխանության պաշտպանունակությունը բարձրացնելու համար պետք է ազատվել այդ գործիչներից: Այդ ցուցակը գլխավորում է Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը բազմաթիվ փորձեր է արել՝ հերքելու այդ մեղադրանքները, ապացուցելով, որ ինքը թունդ հակառուս է, մոլի արեւմտամետ, քնում է ԱՄՆ հիմնի տակ` զարթնում այդ հիմնի ձայնից, բայց ցուցակը գրողների վրա դա չի ազդում: Ի վերջո, այդ ցուցակ գրողներն էլ ինքնուրույն չեն գրել ցուցակը, նրանց այդ ցուցակը թելադրել են համապատասխան կառույցներից՝ հրահանգելով առաջնորդվել դրանով:

Կառավարության մեջ ռուսամետի համարում ունեն Վահան Քերոբյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արեւմտամետները Քերոբյանին մեղադրում են Ռուսաստանին օգնելու մեջ, թե նրա աջակցությամբ է, որ Ռուսաստանը կարողանում է հայկական ընկերությունների միջոցով շրջանցել արեւմտյան պատժամիջոցները, արգելված ապրանքների ներմուծում կազմակերպել: Իհարկե, Հայաստանի բյուջեն եւ հայկական ընկերություններն այդ զուգահեռ ներմուծման արդյունքում միլիարդների շահույթ են ստանում, բայց արեւմտամետներին չի հետաքրքրում ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա պետական շահը, իրենք աշխատում եւ վարձատրվում են բոլորովին այլ տեղից` ծառայելով այլ շահերի: Փաշինյանը մեծ հաճույքով աշխատանքից կհեռացներ նաեւ Մհեր Գրիգորյանին, բայց նա Ադրբեջանի հետ միակ ուղիղ բանակցողն է, եթե նրան ազատի, ո՞վ է բանակցելու: Չլինի՞ թե ինքը, ինքն ի՞նչ բանակցող, ինքը միայն ադրբեջանական կողմի հրահանգները ճշգրիտ կատարող է:
Շատերին ներիշխանական գզվռտոցը գրավիչ եւ նույնիսկ օգտակար է թվում, բայց ի՞նչ օգուտ, երբ շնագայլերի մի խումբն ուտում է մեկ այլ խմբի, դրանով ո՛չ նրանց ախորժակն է սպառվում, ո՛չ էլ վերաբերմունքը նորմալ մարդկանց նկատմամբ: Հակառակը` հաղթողները դառնում են ավելի ագահ ու վտանգավոր:

Ավետիս Բաբաջանյան