Փաշինյանի show-ները` Էկոնոմնախից մինչեւ ցուլեր 

Փաշինյանի show-ները` Էկոնոմնախից մինչեւ ցուլեր 

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում, դժվար է ասել, ավելի ատելություն է իր հանդեպ գեներացրել, թե թյուրիմացություն ու զավեշտ լինելու ընկալում ու ծաղրանք։ Ամեն պարագայում Փաշինյանը ամեն քայլափոխի մի զավեշտ ստեղծում է անմիջապես իր մասնակցությամբ կամ առաջնաբեմում չերեւալու դեպքում՝ իր տեղեկացվածությամբ եւ խմբավարությամբ։ 

Ասենք, մինչեւ կոկորդը օրինախախտումների եւ կոռուպցիայի մեջ թաղված Էկոնոմիկայի նախարարությունում այս շաբաթ տրված show-ն, որտեղ միջոցներ յուրացնելու, կոռուպցիայի ու կաշառակերության ամբաստանություններով մի երկու բարձրաստիճան աշխատակից ձերբակալվեց։ Նախարարության ավելի մեծ ու նեխած ձուկն էլ՝ Վահան Քերոբյանը սկզբում ԱԺ-ում ձեւացրեց, թե իբր իր տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացել է Նիդեռլանդներ մեկնելու համար, հետո երբ «Նիդեռալանդներ մեկնողին» ձեռնաշղթաներ հագցրին ու տարան մեկուսարան, Քերոբյանը այժմ էլ սկսեց լեզվին տալ, թե բացառում է, որ կոռուպցիոն շղթան հասնի իրեն։

Մի ողորմելի անտեղյակ, որն այնքան է արհամարհված, որ տեղակալին ձերբակալելիս չեն էլ բարեհաճում իրեն անգամ տեղյակ պահել (կամ գուցե կասկածում են, որ ինքն էլ է հանցակից եւ չեն տեղեկացնում, որպեսզի ծրագրված ձերբակալությունները սահուն իրականացնեն), ինչի՞ մասին առհասարակ կարող է որեւէ պնդում անել։ Հետո՞ ինչ, եթե այս մի առերեւույթ հանցագործությունների շղթայում ամենաբարձր ներքաշված պաշտոնյան գուցե իր տեղակալն է։ Փոխարենը, այլ, դիցուք հենց պետբյուջեից միջոցների յուրացման սխեմաներում, երբ Էկոնոմնախի հաստիքացուցակով գումարները դուրս են գրվում պետբյուջեից, հետո նախարարությունում հաստիքային աշխատակիցներին անօրինական կերպով վճարում են շատ ավելի քիչ եւ տարբերությունը յուրացնում, իր եւ իր նախորդների գիտությամբ է արվել ու արվում տարիներ շարունակ։ 

Իր գիտությամբ, իր նախարարությունում տարիներ շարունակ գործող հանցավոր սխեմայով եւ հանցախմբով տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր դոլարներ են պետբյուջեից գողացվում եւ յուրացվում։ Որ պահին ՊՎԾ-ն, դատախազությունը, վարչապետի աշխատակազմի КРУ կամ իրավասու մեկ այլ մարմին ստուգի, դիցուք, վերջին 10 տարվա կտրվածքով հաստիքացուցակներով նախարարություն մուտք գործած եւ հաստիքային աշխատակիցներին փաստացի վճարված գումարաչափերը, գումարային տարբերությունները բավարար կլինի տեղում ձերբակալելու համար եւ Վահան Քերոբյանին, եւ իր Ֆինանսական վարչության պետին, եւ Կադրերի վարչության պետին, եւ աշխատակազմի ղեկավարին, եւ տեղակալներից մեկ-երկուսին, գուցե նաեւ այլոց։ Այնպես որ, եթե առայժմ իրեն ձեռնաշղթա չեն հագցրել, թող ավելորդ լեզվին չտա։ 

Իսկ Էկոնոմնախի show-ն որքան էլ որոշ անձանց համար, ում ձերբակալել, կալանավորել, ազատազրկման վայրեր են տարել, ողբերգական իրադարձություն է, ընդհանուր առմամբ ավելի զավեշտ է նման։ Ուղղակի զավեշտ է տեսնել, թե ինչպես է հեղափոխությունը խժռում հեղափոխության զավակներին, ու վերջիններիս առանձնապես կարեկցող էլ չկա։ Սեփական գլխից վերեւ են թռչել, հիմա էլ անդունդն են գլորվում․ ուրիշ ի՞նչ պետք է լիներ։ Մեկը կգլորվի ավելի վաղ, մյուսը ավելի ուշ, բայց վերջնահաշվում Փաշինյանն էլ, իր բոլոր ուսապարկերն էլ կյանքի, պատմության եւ հասարակության անդունդում են հանգրվանելու։ 

Ընդ որում, ինձ թվում է, ինչ-որ պատճառով իրենք այդքանը լավ էլ գիտակցել են։ Չգիտեմ ում շնորհիվ, ինչպես կամ ինչից, բայց Փաշինյանն ու իր խմբակը կարծես հասկացել են , որ երկար չեն մնալու եւ որեւէ էական հարց իրենք չեն լուծելու։ Այն, որ Հայաստանը բարեբախտաբար այսքան արագ եւ սահուն գնում է դեպի Արեւմուտք՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման եւ ինտեգրման, դա միջազգային իրադրության եւ զարգացումների, նպաստավոր հանգամանքների շնորհիվ է կատարվում, ոչ թե Փաշինյանի ու խմբակի մտավոր կամ կազմակերպական ունակությունների։ 

Փաշինյանի մտավոր կամ կազմակերպական ունակությունները այնքան են անկատար եւ հեղհեղուկ, որ երկու ամիս առաջ, ինչ է թե Վաշինգտոնում մի քիչ ակտիվ խոսեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելուց, ոչ մի երկկողմ, բազմակողմ հանդիպում կամ բանակցություն չկայացած, Փաշինյանն ու back-vocal-ները տարեվերջին մեջտեղ էին ընկել եւ գլուխ էին ցավեցնում, թե հենց այսօր, հենց վաղը, հենց մյուս օրը կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հետո, երբ անցյալ տարեվերջից, ավելի ցայտուն՝ այս տարեսկզբին ԱՄՆ-ից ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ներկա պահին իրենց օրակարգում չէ եւ 2024-ի ընթացքում չի էլ լինի, հիմա էլ Փաշինյանն ու խմբակը սկսեցին ուրիշ երգ երգել՝ իբր Իլհամ Ալիեւի ելույթները խաթարում են պայմանագրի կնքումը։ Իլհամ Ալիեւի ելույթ կոչվող վայրահաչոցները մշտակա երեւույթ են, եւ որեւէ պայմանագրի գործընթաց չի կարող կախման մեջ դրվել դրանից։ Ալիեւը որպես կանոն վայրահաչում է տարբեր, հաճախ հակասող բաներ, հո՞ չի կարող դրանից կախված պայմանագիր կնքվել ու չեղարկվել, կնքվել ու չեղարկվել։ Խելապակասության ներկայացո՞ւմ է, ի՞նչ է․․․

Անձամբ ես ցանկանում եմ հավատալ, որ Փաշինյանն ու իր խմբակը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման թեման գրում են սառույցին, ոչ միայն որովհետեւ ԱՄՆ-ն այս տարի դրանով չի զբաղվելու, ոչ միայն որովհետեւ Ադրբեջանի հետ ոչ մի կարգի հարաբերություն առհասարակ պետք չէ Հայաստանին՝ առավել եւս Արեւմուտքի հետ խորացող կապերի եւ հեռանկարի խորքին, այլեւ որովհետեւ, հուսանք, Փաշինյանն ու ուսապարկերը վերջապես գիտակցել են, որ իրենց մտավոր ունակությունները խիստ սահմանափակ են ու համեստ՝ Հայաստանի կողմից միջազգային կարեւորության պայմանագիր կազմել, բանակցել, կնքելու համար։ Լավ կանեն, դրանից հեռու մնան։ Փաշինյանի կողմից բանակցված որեւէ պայամանագիր ոչինչ չի կարող տալ Հայաստանին կամ աշխարհին՝ խնդիրների թնջուկից բացի։ Իսկ խնդիրների ներկա թնջուկը ապագա թնջուկով փոխարինելու իմաստը ո՞րն է։ 

Փաշինյանը, անշուշտ, Ադրբեջանի հետ պայմանագրի թեման սառույցին գրելու փայլուն ուղի է գտել, պայմանագիրը կապելով սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հետ։ Նախ մի քանի տարի սահմանադրության նոր նախագիծ մշակելու կարիք կլինի, վերջում էլ երաշխավորված է․ որ հանրաքվեով այն կմերժվի։ Հայաստանի ժողովուրդը առհասարակ բոլոր սահմանադրական փոփոխություններին է դեմ քվեարկել, ե´ւ 2005-ի , ե´ւ 2015ի, ուղղակի այն ժամանակվա իշխանությունները կեղծել են քվերակության արդյունքները, Փաշինյանի համար կեղծելու տարբերակն էլ չի գործի, երաշխավորված է, որ իր մշակած նախագիծը ճնշող ձայներով կմերժվի։   

Չի բացառվում նաեւ, որ սահմանադրություն փոխելու մասին Փաշինյանի դատարկախոսությունները հերթական պարապ վախտի խաղալիք են, սակայն եթե նույնիսկ այդպես է, Փաշինյանը պետք է ոչ թե իրեն խողովակի տեղ դրած գա եւ Հայաստանում Ալիեւին ցուլ կոչելով այնուամենայնիվ նրա դատարկախոսությունները շարադրի մեր սահմանադրության առնչությամբ, այլ Ալիեւը ցուլ է, խոճկոր է, թրթուռ, թե ուտիճ, ինքը պետք է տեղում նրան հակադարձի եւ Ադրբեջանից պահանջի, որ իրենց՝ Coca-Cola-ի չափ էլ տարիք ու պատմություն չունեցող խեղկատակ պետության սահմանադրության մեջ վերականգնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար կազմավորում եւ Նախիջեւանի ինքնավար կազմավորում տերմինները՝ կուզեն մարզի, կուզեն հանրապետության, կուզեն մեկ այլ ձեւաչափով, բայց պարտադրաբար «հայկական» բառը ընդգրկելով, այն է՝ Լեռանային Ղարաբաղի հայկական ինքնավար կազմավորում, Նախիջեւանի ինքնավար հայկական կազմավորում։ 

Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքները, որ մաս են կազմում հազարամյակներ գոյություն ունեցած Մեծ Հայքին․ վերջինիս՝ Վասպուրական, Արցախ, Ուտիք աշխարհներին, հազարամյակներ բնակեցված են եղել հայերով եւ Ադրբեջանական ՍՍՀ կազմում (որի սահմաններում հռչակվել է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը), ունեցել են հայկական ինքնավարությունների կարգավիճակ, ինչը պետք է վերականգնվի եւ երաշխավորվի նաեւ այսօր։ Ադրբեջանում թող գնան եւ այդքանը անեն, նոր մեր սահմանադրության դրույթների հետ խնդիրներ ունենան։