Նշանակվելու են այն մարդիկ, որոնք մինչ այս նշանակվել են

Նշանակվելու են այն մարդիկ, որոնք մինչ այս նշանակվել են

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ-ի հայտարարած դասընթացների արդյունքում ստացել են լիցենզիա։ Որպես կանոն, յուրաքանչյուր ընտրություններից առաջ այդ մասնագետների համար ԿԸՀ-ն դասընթացներ է կազմակերպում, նախապատրաստական աշխատանքներ տանում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, և ահազանգեր ստացանք, որ ո՛չ դասընթացներն են կազմակերպվել, ո՛չ էլ կապ են հաստատել նախորդ ընտրությունների համար աշխատած մասնագետների հետ։ Վերջիններիս խոսակցություններ են հասել, որ ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» տեխնիկական սարքավորումների վրա աշխատելու։ Մենք կապվեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, վերջինս, բացատրելով իրավիճակը, վստահեցրեց, որ նոր մարդիկ չկան, նշանակվելու են այն մարդիկ, որոնք մինչ այս նշանակվել են․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին կազմակերպել է դասընթացներ, դասընթացներով ընտրվել են այդ մարդիկ, անհրաժեշտության դեպքում այդ կազմի համալրման նպատակով դասընթացներ կազմակերպվում են, վերջին դասընթացը եղել է համապետական ընտրությունների նախաշեմին, և նշանակումները, որոնք հետագայում կատարվում են, կատարվում են հենց այդ նույն կազմից, նույն մարդկանցից, այսինքն՝ որևէ լրացուցիչ անձ չի ներգարվվում այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է պայմանագրերի կնքման ժամկետներին, ապա յուրաքանչյուր ընտրության համար կնքվում են առանձին պայմանագրեր, հիմա արդեն հեռախոսազանգերով փորձում են զանգել բոլոր այն մարդկանց, որոնք նախկին ընտրությունների ժամանակ աշխատել են, որովհետև բավականին մեծ թվով մարդկանց մասին է խոսքը, բազմաթիվ են տեղամասերը, մեծ թվով տեխնիկական սարքավորումներ են աշխատելու, բոլոր բնակավայրերում, որտեղ կան ընտրություններ, բնական է, այդտեղ ձևավորվելու են տեղամասային հանձնաժողովներ, և հետևաբար այդ մարդկանց զանգահարում են։ Իրենցից փորձում են ճշտել՝ իրենք ցանկություն ունե՞ն, թե՞ չունեն։ Հավանաբար, խնդիրն առաջացել է հետևյալ պատճառով․ նախկինում մենք աշխատանքը սկսում էինք ավելի շուտ , հիմա, հատկապես նաև նկատի ունենալով կորոնավիրուսով պայմանավորված առանձնահատկությունները, մենք ժամկետները միանշանակ պահում ենք, բայց փորձում ենք առավելագույնը մոտ ժամկետներում կազմակերպել, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ, որ մարդը, օրինակ, հիվանդության ի հայտ գալու պատճառով հրաժարվի աշխատելուց։ Մնացածը՝ գրաֆիկը կա, աշխատանքներ արվում են, նշանակվելու են այն մարդիկ, որոնք որ նշանակվել են»,- ասաց Մուկուչյանը։