Արուսյակ Ալեքսանյանը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ Ալեքսանդր Ազարյանի 

Արուսյակ Ալեքսանյանը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ Ալեքսանդր Ազարյանի 

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ մամուլում հայտնված ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, Դատավորների միությունը որևէ կերպ չսատարեց նրան։ Ալեքսանյանն էլ, ըստ այդմ, որոշել է դիմում գրել և դուրս գալ Միությունից։

Ալեքսանդր Ազարյանը երեկ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․ «Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը»։ Ապա ավելացրել էր․ «Ամեն դեպքում Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով Միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։

Ազարյանը նաև գնահատական էր հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»։

Մենք կապ հաստատեցինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե ո՞րն էր Դատավորների միությունից դուրս գալու պատճառը, արդյոք ճի՞շտ են մամուլում հայտնված տեղեկությունները, որ Միությունն իրեն չի սատարել, դրա համար է դիմում գրել, որ դուրս գա։ Նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է ասել Դատավորների միության նախագահի արած հայտարարություների մասով։

«Միակ փաստը, որ ես կարող եմ հավելել, այն է, որ այսօր ես համապատասխան գրություն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն պարոն Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության և իմ վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու, և, որ ամենակարևորն է, իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու և կասկածի տակ դնելու հանգամանքը»,-ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Դատավորների միությունից դուրս գալուն, ապա Ալեքսանյանը չցանկացավ իր այդ որոշումը մեկնաբանել կամ բացատրել։

«Եթե ես նպատակահարմար գտնեի դա որևէ կերպ պատճառաբանել, ապա կպատճառաբանեի իմ դիմումում։ Բայց դրա վերաբերյալ ես որևէ պատճառաբանություն չեմ ցանկանում ներկայացնել»,-ասաց Ալեքսանյանը։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում