Աբդուլ Մաջիդ Նաջաֆի. Ֆայտոնչին

Աբդուլ Մաջիդ Նաջաֆի. Ֆայտոնչին

Իրանցի արձակագիր Աբդուլ Մաջիդ Նաջաֆին ծնվել է 1960 թվականին, Թավրիզում: Նա պարսից լեզվի եւ գրականության մագիստրոս է: Հեղինակ է պատմվածքների բազմաթիվ ժողովածուների եւ վեպերի: Նրա «Փարիա անունով աղջիկը» վեպը 2004 թվականին Իրանում ճանաչվել է որպես տարվա լավագույն մանկական գիրք: «Ֆայտոնչին» ընդգրկված է «Սեւ արեւ» ժողովածուում:

Ծերունուց թութունի հոտ էր փչում: Պարզ չէր` ստույգ ինչին կամ որտեղ էր նայում: Փոքր-ինչ կարճահասակ էր եւ սրճարանի սեղանի մոտ հացը, մածունն ու կանաչին ուտում էր առողջ ու մարմնեղ երիտասարդի ախորժակով: Ալարկոտ պտտվում էր առաստաղի հովացուցիչը, որի երեք դեղնած թեւերին կային մանր բծեր. դրանք թողել էին ճանճերը, որոնցից յոթ-ութ-տասը ուժասպառ թրեւ էին գալիս հովացուցիչից ալիքվող օդից հեռու: 

Դպրոցներում արձակուրդ էր: Շրջակա գյուղերի բոլոր ուսուցիչները կողպել էին իրենց սենյակների դռները եւ գնացել քաղաք: Բայց ես չէի մեկնել: Եթե մեկնեի, պիտի մինչեւ ուշ գիշեր թրեւ գայի լողափին: Ընկերներիս քաջալերանքով տեղը տեղին թրջեի բերանս մինչեւ անշունչ փռվելս, իսկ վաղը` կեսօրի կողմերը, արթնանայի գլխացավով ու գլխապտույտով եւ անդադար հայհոյեի երկիրն ու ժամանակը: Երբ Մահթաբն ինձ հետ էր, նույնիսկ եթե շվայտություն էի անում, էլի կարգ ու կանոն կար: Անծանծաղուտ ջուրը չէի մտնում: Իր խոշոր ու սեւ աչքերը հառում էր վրաս եւ տարուբերում գլուխը: Այնքան էր ինձ սիրում, որ պատրաստ էր մինչեւ դժոխք հետս գալ: Երբեք մտքովս չէր անցնի, որ այդպես վրեժ կլուծի: «Հոմա Բեյզի» ծխախոտատուփը բացեցի ու մի գլանակ վերցրի: Նստած թախտին, որի վրա կարպետ էր փռված, Նաղին տնտղում էր հին ինքնաեռը: Մի կտոր մետաղալարով փորձում էր բացել փակ խողովակը:

- Վարժապե՛տ ջան, ե՞րբ եք բարով-խերով քաղաք գնալու:
Երբ Նաղին խոսում էր, ադամախնձորը վեր ու վար էր լինում: 
- Շա՞տ ես շտապում, թե երբ եմ անհետանալու:

Ապշահար Նաղին ինքնաեռը մի կողմ դրեց: Արագ եկավ, կռացած նստեց թախտին:
- Ղալաթ եմ անում, վարժապե՛տ ջան:
Ձեռքի կապույտ երակները ցցվել էին: 
- Աստված ողորմի կնոջդ… Ուզում էի ասել` հոգնած եք:
Ծխախոտատուփը փութկոտ հրեցի մի կողմ: 
- Անհո՛գ եղիր, Նաղի՛:

Նաղին մի գլանակ հանեց ու կրակայրիչով վառեց այն: Մեծ ու արծվային քթի անցքերից դուրս մղեց թանձր ծուխը: 
- Սրան ճանաչո՞ւմ ես:
Ձայնն իջեցրել էր: 
Անծանոթ ծերունին նիրհում էր` գլուխը փայտե սյունին հենած: 
- Ասում են` կախարդ է:

Հետո շարունակեց պլշած աչքերով.
- Հեչ պարզ չի` որտեղացի է: Երկու-երեք տարին մեկ հայտնվում է էս կողմերում: Միշտ էս ջլոտ-մլոտ շորերն է հագին: Ով ուզում է՝ բախտը նայում է: Փողի հանդեպ էլ անտարբեր է: 
Մահթաբի մասին էի մտածում: Գնացել էինք ամառանոց: «Սեփահե դանեշ»-ի ընկերներիցս մեկը տնակ ուներ անտառի խորքում: Ծովափին տապից ողջ-ողջ եփվում էիր, իսկ այնտեղ պետք էր բաճկոն հագնել: Ծառայությունից հետո երկուսս էլ ուսուցիչ էինք դարձել: 
- Ուզո՞ւմ եք` թող ձեր բախտն էլ նայի:
- Հանգի՛ստ թող, Նաղի՛:
Խոսքը բերանումս էր, բայց երբ տեսա ծերունուն, որն անքթիթ երեսիս էր նայում, ձայնս կտրեցի: Նաղին վեր կացավ: Կարծում էր` ասածից վիրավորվել եմ: Այժմ փորձում էր ամեն գնով սիրտս շահել: 
- Մինչեւ դու մեր սիրելի վարժապետի բախտը նայես, նոր թրմած թեյը պատրաստ կլինի:
Ծերունին հայացքը չէր կտրում ինձնից: Թավ հոնքերի տակից աչքերն ինձ էր հառել: Չգիտեմ` ինչու էի նրա հայացքի ներքո կամաց-կամաց թուլանում: Ճաշին քաբաբ ու մի աման մածուն էի կերել: Նվաղելս ճաշի հետ կապված չէր: Ծերունին նստեց կողքիս: Թութունի հոտից խելագարվում էի: 
- Մի բան տուր, որը քոնն է:

Ասածը չէի ընկալում: Ծերունին տարօրինակ հայացքով աչքերիս մեջ էր նայում: 
Նաղին գոռաց.
- Գրիչ, ինքնահոս, կոշիկի թիակ, տերողորմյա…
Գծավոր վերնաշապիկիս գրպանից հանեցի շահ Մաղսուդ քարերով տերողորմյան եւ դրեցի նրա ափի մեջ: Վերցրեց համրիչն ու աջ ձեռքը բռունցք արեց:

Դիմացի պատին` կեղտոտ պաստառի վրա, Հերակլեսն աշխարհը տանում էր գլխի վրա: Նկարի տակ գրված էր. «Ատլաս յուղը կարագի համ ունի»: 
Մահթաբը տեղական հացին կարագ քսեց եւ տվեց ձեռքս:
- Գիտե՛ս ինչքան եմ քեզ սիրում:
- Ահան:
- Բա ինչո՞ւ ես ինձ էդքան տանջում:
- Բայց ես ի՞նչ եմ քեզ արել:
- Կա՛մ դպրոցում ես, կա՛մ անտառ ես գնում՝ ընկերներիդ հետ ֆռֆռալու, կա՛մ…
- Կամ` ի՞նչ:
- Ախր չես ասում` ջահել կինս տանը մենակ է:
- Տե՛ս, էս ուրբաթ չգնացի ընկերներիս հետ: Հիմա անդադար գլուխս կտանես:
Վեր կացա: Ծերունին հարցրեց` ո՞ւր:
Նստեցի: Նոր թրմած թեյի գոլորշին բարձրանում էր բարակիրան բաժակների միջից:
Ծերունին ասաց.
- Երեք բան կպատահի: Երրորդ անգամ կարեւոր մարդկանց կտեսնես:
Տնտնաց ու աչքերը փակեց: Թվում էր` անմեղ խելագար է: Երկու թումանանոց թղթադրամը դրեցի կողքին` թախտի վրա, եւ թեյս չխմած` դուրս եկա: Զգացի` ծերունին ուշադրություն չդարձրեց փողին:
- Վարժապե՜տ:

Նաղին էր կանչում հետեւիցս: Բանի տեղ չդրեցի:

Տան չորսբոլորը ծառ ու թուփ էր, խոտ ու կանաչ: Գիշերները ճրագը կախում էինք մեր փոքրիկ պատշգամբի փայտե սյունից: Մահթաբի հետ էինք ընթրում: 

Ես սիրում էի շրջել այդ կողմերում, ծխել եւ ականջ դնել անտառից հնչող արտասովոր ու անծանոթ ձայներին: Երբ գալիս էր աշունը, տերեւները դառնում էին դեղին, կարմիր, շագանակագույն ու հազարաթույր, եւ մենք կարծես մի կտավի մեջ էինք ապրում: Այնտեղ աշխարհի ամենալավ տունն էր, եւ Մահթաբն իմ ամեն ինչն էր: Դա հասկացա նրան կորցնելուց հետո: 

Այն օրը, երբ գնացել էինք ընկերոջս տնակը, ես եւ նա ներսում կարտ էինք խաղում: Մահթաբն ու ընկերոջս կինը գնացել էին անտառ: Կեսօրին մոտ ճիչ ու աղաղակ լսվեց: Վեր թռանք ու վազեցինք դուրս: Ընկերոջս կինն իրենց բարբառով ինչ-որ բան էր ասում` դեմքին խփելով: 
- Ի՞նչ է պատահել:
Ընկերս, կոշիկները հագնելուն զուգահեռ, ասաց.
- Արագացրո՛ւ: Ասում է` Մահթաբն ընկել է:
Անտառը պտտվեց գլխավերեւս: Ընկել է… Ընկել է… Ընկել է:
Մահթաբը ձիուն նստած է եղել, երբ ձիու ոտքը գայթել է, նա, որ ձիավարելու հմտություն չուներ, գլխիվայր ընկել է գետնին:

Մինչեւ բերեցինք գյուղ, մինչեւ բաց բեռնաթափքով մեքենա գտանք, մինչեւ նրան քաղաք` հիվանդանոց տարանք, վերջացավ կյանքս` Մահթաբը:

Նրանից հետո տունը չհանձնեցի: Վարձն ամսեամիս տալիս էի, բայց բնակիչներն օտար հայացքով էին ինձ նայում ու փսփսում էին հետեւիցս: Տղամարդիկ սիրալիր էին, ա՛յդ կողմերի տղամարդիկ: Նույնիսկ մի օր, երբ ինձ մխիթարելու համար դպրոցից մեր տուն եկան, եւ լացուկոծի արանքում ուշքս գնաց, երբ աչքերս բացեցի, բնակիչներն ինձ սայլով տարել էին բժշկական կենտրոն:
Մորդադ ամսվա երեսունմեկին մեկ տարին կլրանա, ինչ Մահթաբը լքել է ինձ: Մահթաբը, որ ոչինչ չուներ: Եկել էր, որ ես մռայլ ու մենակ չմնամ, իսկ ես նիրհի մեջ էի: 

Անցած գիշեր, առանց ճրագը վառելու, նստել էի պատշգամբում եւ ծխում էի: Չգիտեմ` որերորդ գլանակն էր, երբ սայլի ձայն լսեցի: Զարմացած կռացա եւ ձեռքս դնելով պատշգամբի փայտե բազրիքին` ծիկրակեցի: 

Զով քամին խփեց երեսիս: Սեւ կառքը, որ ասես գիշերվա խավարից էր պոկվել, անտառի նեղ ճանապարհի խորքից դուրս եկավ եւ իր հետ սառնության ալիք բերեց: Նախկինում չէր եղել, որ գիշերվա այդ ժամին այդ տեսակ կառք այդ կողմերում երեւար: Ուզում էի կանչել եւ թեյ հյուրասիրելու պատրվակով կառապանի գաղտնիքը բացահայտել: Բայց ձայնը կոկորդիցս դուրս չեկավ: Քրտինքը եռում էր գլխիս վրա, եւ սիրտս խելահեղ զարկում էր:
- Հարգելի՛ս, ձեր սրտին ավելի մեծ ուշադրություն դարձրեք: 

Միջին տարիքի, փողկապավոր, կոկիկ հագուկապով բժիշկն ասաց, երբ նայեց ժապավենը: Սառնությունը սողոսկել էր էությանս խորքերը: Աչքերիս առաջ հայտնվեց կառապանը` գիշերային ճրագի աղոտ ցոլքի ներքո. ճրագը կախված էր նրա կողքից. կարծես կռացած էր ու սեւազգեստ: 
Դասերն սկսվելուն մեկ շաբաթից ավելի չէր մնացել: ԱնՄահթաբ ամառն այդ տարի էլ էր ավարտվում: Իրիկնամուտին մի աման մածուն, չորս հատ տեղական հաց ու մի տոպրակ ծիրան առած՝ հասա տուն: Ճրագը վառելուն պես մոծակները վրա տվեցին: Փչում էր մեղմ զեփյուռը:

Լվացվեցի եւ ցանկանում էի թերթել ամսագիրը, որի մեջ իմ բանաստեղծություններից մեկն էր տպվել, երբ լսեցի կառքի անիվների ձայնը: Սկզբում սառեցի: Ձայնն ուժգնացավ: Դուրս եկա պատշգամբ: Ամեն ինչ անցած անգամվա նման էր: Այս անգամ համարձակությունս հավաքեցի ու մի քանի քայլ վազեցի կառքի հետեւից: 

Ներսս լցվեց տարօրինակ թուլությամբ: Ցավն սկսվեց կրծքավանդակիցս եւ սուրաց դեպի ձախ ձեռքս: Սրճարանի ծերունու խռպոտ ձայնը թնդաց գլխիս մեջ` երեք բան կպատահի, երրորդ անգամ կարեւոր մարդկանց կտեսնես: 

Ո՞ր երրորդ անգամը: Կարեւոր մարդ ասելով ի՞նչ նկատի ուներ: Դժվարությամբ քարշ եկա դեպի տուն: Ծերունու մանրիկ ու սեւ աչքերը թավ հոնքերի տակից` ինչ-որ տեղից, գիշերվանից գամված էին ինձ: Այս անգամ ոչ մեկին ոչինչ չպատմեցի: Հավանաբար կասեին` Մահթաբից հետո խելքս թռցրել եմ, բայց որոշեցի` վաղը քաղաք կգնամ եւ կզրուցեմ սրտաբանի հետ: Արդյոք այն, ինչ տեսնում եմ, իրակա՞ն է, թե՞ օրուգիշերվա հոգնածության ու երեւակայության հետեւանք է, եւ նյարդերս են: 

Հաջորդ օրը՝ արեւը դեռ չծագած, կողպեցի դուռն ու ճամփա ընկա: Պիտի անցնեի հողոտ ճանապարհն ու հասնեի մայրուղուն: Այնտեղ միկրոավտոբուսներից մեկով, որոնք գնում էին քաղաքից քաղաք, տեղ կհասնեի եւ կգնայի բաղնիք: Հետո կնախաճաշեի, մինչեւ բժիշկը հիվանդանոց գար: Մի քանի րոպե էր մնացել, որ հասնեմ մայրուղուն: Վաղորդյան զեփյուռը ծովի աղիությունը շաղ էր տվել ամենուր: Հորիզոնն ամբողջովին լուսավորվել էր, տեղ-տեղ երեւում էին արեւածագի պատառները: Հանկարծ հիշեցի, որ չեմ վերցրել այն դեղերը, որոնք պիտի ցույց տայի բժշկին: Կանգ առա, եւ հենց նույն պահին սկսվեց կրծքավանդակիս ցավը: Թեեւ օդը գաղջ ու տաք չէր, բայց մարմնիցս քրտինքը ծորում էր այնպես, ինչպես օձը՝ կծած ձիու վրայից: Դադարեցի դեղերի մասին մտածելը եւ ցանկանում էի ճամփաս շարունակել, երբ տեսա սեւ կառքը, որը հայտնվեց գյուղական փոշոտ ճանապարհի ոլորանին: Քարացա: Սրտիս թփթփոցը լսում էի շրջակայքից` խոտերից, քարերից եւ անտառածածկ սարի ամեն հատիկ ծառից: Կառքից հող ու փոշի էր բարձրանում: Այն շարունակում էր առաջանալ: Մի կողմ քաշվեցի: Կառքը լծված էր սեւաթույր, ուժեղ ձիուն: Եկավ եւ այս անգամ, ի տարբերություն մյուս անգամների, մի փոքր այն կողմ կանգնեց:

Շարժվելու ուժ չունեի: Քրտնաշաղախ էի: Թվում էր` ամեն ինչ ալեկոծվում է, եւ ես ծորում էի այդ ընթացքի մեջ: Կառապանը կռացավ ու մատի շարժումով կանչեց ինձ: Հանգիստ քայլեցի դեպի կառքը, որ մի հին ֆայտոն էր, բայց թվում էր` ամուր է: Կառապանի դեմքը տեսնելով` հանկարծ ծնկներս ծալվեցին, եւ ձեռքերս անօգուտ ճանկռեցին օդը: Կառապանը ոչ այլ ոք էր, քան ծերունին, որը Նաղիի սրճարանում բախտս էր գուշակում: Երկու ձեռքերով կախվեցի կառքի անիվներից: Ուզում էի ոտքի կանգնել եւ բռնել նրա օձիքը: Հանկարծ ֆայտոնի ներսից, ինչպես մեղմ հովիկը, մի ձայն եկավ դեպի ինձ.
- Շա՞տ ես հոգնել: Արի՛, բարձրացի՛ր:

Տեսա Մահթաբի փոքր-ինչ գունատ, բայց ծիծաղկոտ դեմքը, որ ճերմակ շալի պես լուսապսակով՝ ասես նկարակալից նայեր: 
- Մահթա՜բ:

Ծերուկ ֆայտոնչին անձայն ծիծաղում էր: Բերանում ատամ չկար: Բմբուլի նման ազատ ու թեթեւ՝ նստեցի Մահթաբի կողքին: 
- Հե՜յ:

Ծերունին խռպոտ ձայնով քշեց ձիուն, եւ ճամփա ընկանք: Արեւը նոր էր ծագել, եւ ծովը պսպղում էր հեռվում: 

Պարսկերենից թարգմանեց՝ Նունե Հովհաննիսյանը 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ