Եռաբլուրում կառուցվելիք վարչական շենքի գումարը ռազմական գաղտնի՞ք է

Եռաբլուրում կառուցվելիք վարչական շենքի գումարը ռազմական գաղտնի՞ք է

«Հրապարակին» ահազանգել էին 44-օրյա և սեպտեմբերյան պատերազմներին անմահացած հերոսների ծնողները, որ Եռաբլուրում հերոսների շիրիմները ծնողներն իրենց միջոցներով են կանաչապատել և այլ հարդարման աշխատանքներ կատարել։ «Հրապարակը» հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, հասկանալու համար, թե բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել Եռաբլուրի բարեկարգումների համար՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ 2021-2023 թվականների ընթացքում գերեզմանների կառուցման աշխատանքների համար ծախսվել է 958 մլն 37 հազար դրամ գումար, իսկ շիրմաքարերի լրակազմերի տեղադրման համար՝ 1 մլրդ 086 մլն 159 հազար դրամ։

««Ներկայումս գործող ծրագրերից է Եռաբլուր զինվորական պնաթեոնում վերակառուցման աշխատանքների իրականացումը, որն իր մեջ ներառում է նաև տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Այն փուլային է, վերջնաժամկետը նախատեսված է 2024 թվականին»»,-ասվում է մեզ ուղարկված պատասխանում։

2024 թվականին նախատեսում են կառուցել վարչական մասնաշենք, որի համար ներկայումս իրականացվում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։ Եռաբլուր զինվորական պանթեոնում վերակառուցման և վարչական մասնաշենքի կառուցման աշխատանքները ներառված են գնումների պլանի գաղտնի հավելվածում, հետևաբար դրանց ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

««Ներկայումս իրականացվող և իրականացման ենթակա աշխատանքների մասով հայտարարվել էր թվով 5 մրցույթ, որից գերեզմանների կառուցման նպատակով հայտարարված մրցույթը գնային առաջարկի բացակայության պատճառով երկու անգամ չի կայացել, իսկ վերակառուցման աշխատանքների, վերակառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և վարչական մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով հայտարարված մրցույթները կայացել են՝ երեք մրցույթ՝ մեկական հաղթող կազմակերպություն»»,-ասվում է ՊՆ պատասխանի մեջ։

Ինչ վերաբերում է հերոսների հարազատների կողմից գերեզմանների հարդարման աշխատանքին, ապա նշվում է, որ զոհվածների հարազատները իրականացնում են գերեզմանների և սիզամարգերի խնամք, իսկ որոշ տեղերում նաև ծառատունկ։