Ովքեր են կամավոր ատեստավորման թեստերը կազմում․ պարզաբանում է փոխնախարարը

Ովքեր են կամավոր ատեստավորման թեստերը կազմում․ պարզաբանում է փոխնախարարը

Ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորումներն ավարտվել են։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այնպես էլ այս տարի դժգոհությունների պակաս չկար։ Դրա մասին խոսում են նախեւառաջ մասնակցության թվերը։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ արդեն ավարտվել է նաեւ կամավոր ատեստավորումների բողոքարկման փուլը։

Ըստ այդմ՝ այս տարի կամավոր ատեստավորմանը հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը եղել է 6 հազար 320: Նրանցից 4 հազար 323-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, որոնցից շուրջ 240-ն է ցուցաբերել 90-100 տոկոսանոց արդյունք, 80-89 տոկոս հավաքել է 700-ից ավելի ուսուցիչ, 70-79 տոկոս՝ մոտ 1020, 60-69 տոկոս՝ շուրջ 680, եւ մինչեւ 59 տոկոս՝ մոտ 1400 ուսուցիչ։ Նոր փոփոխության համաձայն՝ 60-69% հավաքած ուսուցիչները եւս կունենան դրույքաչափի բարձրացում, բայց՝ առանց հավելավճարի։

«Մեր հաջորդ փոփոխությունը վերաբերում էր այն ուսուցիչներին, ովքեր 2 տարի չէին հաղթահարել ատեստավորումը։ Հասկանալով, որ սա նաեւ կրթական համակարգի համար է խնդիրներ առաջացնում, եւ ուսուցիչներն էլ պետք է հարմարվեն այս նոր գործընթացին, մենք մի քանի ցուցանիշներ ենք դրել, որով այն ուսուցիչները, ովքեր բավարարին մոտ արդյունքներ են գրանցել, փորձել ենք իրենց 3-րդ հնարավորությունը տալ, խոսքը վերաբերում է 50-59 միավոր գրանցած ուսուցիչներին եւ 2 տարվա ընթացքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչներին։ Այդ ուսուցիչները 3-րդ տարում մասնակցելու եւ ատեստավորվելու հնարավորություն կունենան, իսկ այն ուսուցիչները, ովքեր այս չափանիշներին չեն համապատասխանում, եւ այն ուսուցիչները, ովքեր ունեն միջին մասնագիտական կրթություն եւ բավարար արդյունքներ չեն գրանցել, առաջիկայում շրջաբերական կուղարկենք դպրոցներ, որպեսզի այդ ուսուցիչների հետ պայմանագրերը խզվեն»։

Մե՞ծ է կրճատվող ուսուցիչների թիվը, ԿԳՄՍ փոխնախարարը դժվարացավ ասել, քանի որ այս պահին ամփոփում են թիվը․ «Թույլ տվեք՝ թիվ չբարձրաձայնել, քանի որ կարգը դեռ չի հաստատվել, եւ այս բոլոր պարամետրերով, կարգի հաստատումից հետո միայն մենք վերլուծությունը կանենք, որից հետո հստակ թվերը կունենանք»։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձավ նաեւ միջին մասնագիտական կրթությամբ շուրջ 700 ուսուցիչներին, որոնք այս տարի եւս դիմել էին ատեստավորվելու համար։ Ի՞նչ պատկեր է այստեղ։ «Բավականին մեծ քանակով ուսուցիչներ ունենք, որոնք հաղթահարել են ատեստավորումը, նրանք հիմնականում դասվարներ էին, բայց ունենք ուսուցիչներ, որոնք չեն հաղթահարել, ցավոք, իրենց հետ էլ պետք է դադարեցնենք պայմանագրերը»։

Ինչ վերաբերում է կամավոր ատեստավորման թեստերին ու դրանց որակին, որոնց հետ կապված՝ ուսուցիչների կողմից 3 տարի շարունակ դժգոհություններ են հնչում, ի վերջո, ովքե՞ր են դրանք կազմում, եւ արդյո՞ք ամեն տարի փոխվում են թեստերը կազմող հեղինակները։ «Թեստերի վրա աշխատում են խմբեր, եւ մեկ հոգով թեստը չի կազմվում, բայց այդ խմբերը փորձագիտական խմբեր են՝ մի քանի հոգուց բաղկացած։ Տարբեր առարկաների դեպքում տարբեր ձեւաչափով է իրականացվում, այն առարկաները, որոնք առաջին անգամ էին, բուհերի հետ ենք փորձել իրականացնել, օրինակ՝ դասվարների ատեստավորումը Մանկավարժական համալսարանի հետ է իրականացվել, որովհետեւ իրենք են դասվարներ թողարկող ամենամեծ բաձրագույն ուսումնական հաստատությունը,- ասում է Սվաջյանն ու անդրադառնում ատեստավորման տեւողությանը, որից եւս դժգոհություններ կային։- Միակ խնդիրը, որ գրեթե բոլոր առարկաների մասով բարձրաձայնվում է ուսուցիչների կողմից, ոչ թե թեստերի բարդությունն է, այլ թեստերի ծավալն է, քանի որ ուսուցիչները ժամանակի մեջ չեն տեղավորվում, եւ մենք այդ խնդիրը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ քննարկել ենք։ Այդ խնդիրը դրված է, որովհետեւ մենք ատեստավորման միջոցով ուզում ենք ստուգել ոչ թե ուսուցիչների արագությունը, այլ՝ տվյալ առարկայից իրենց գիտելիքների իմացությունը, եւ, հետեւաբար, թեստերն այնպիսին պետք է լինեն, որ մարդը լարվածություն չունենա՝ այդ ժամանակային սահմանափակման մեջ աշխատանքը չհասցնելու։ Հուսով եմ՝ հաջորդ տարի նմանատիպ խնդիրներ այլեւս չենք ունենա, եւ բոլոր թեստերն այնպես կառուցված կլինեն, որ ժամանակի մեջ հանգիստ տեղավորվեն եւ կարողանան բոլոր առաջադրանքները լուծել»։    

Չնայած փոխնախարարի համոզմունքին, ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների կարծիքով՝ վերադասի կողմից կազմված թեստի գիտելիքները ո՛չ դասարանի կարգապահական մասն ապահովելու համար են անհրաժեշտ, ո՛չ էլ գիտելիքներ փոխանցելիս: Ավելին՝ թեստերը լավ տարբերակ չեն, եթե մենք ուզում ենք ուսուցչի գիտելիքը ստուգել դրանցով, քանի որ, դիցուք, ուսուցիչը կարող է ունենալ բավարար գիտելիք, բայց ընդհանրապես չունենալ մանկավարժական հմտություն, որովհետեւ մանկավարժությունը նախեւառաջ երեխայի հետ աշխատանք է, հետեւաբար՝ թեստն այս խնդիրները չի լուծում։

Իսկ եթե հանրագումարի բերենք կամավոր ատեստավորման 3 տարիների արդյունքները, ապա, համաձայն ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4 հազար 700 ուսուցիչ է ունեցել աշխատավարձի բարձրացում: Իսկ դա հանրապետության 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում։