Նիկոլի իշխանությունը ո՜ւր, մեր շահերը` ուր․․․

Նիկոլի իշխանությունը ո՜ւր, մեր շահերը` ուր․․․

Կասկածի ենթակա չէ այն, որ Նիկոլի ու ԱԳ նախարար Արոյի ջրերը մի առվով չեն հոսում: Խոսքն այն մասին է, որ Իլհամի սպառնալիքների կամ պահանջների առումով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ինչ-որ բան է բլթացնում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն, իրավիճակին ոչ համապատասխան, համարձակ հայտարարություն է անում, սակայն վերջում էլ հավատարմություն է հայտնում Նիկոլի նախաձեռնած պարտվողական խաղաղության գործընթացին: Այդ հակասությունը բերում է ոչ թե Հայաստան պետության դիրքերի ամրացմանը, այլ՝ թուլացմանը: Չնայած դա էական չէ՝ մեր երկրում արդեն հինգուկես տարի ոչինչ էական չէ: Էականը սկզբում Արցախի, այնուհետեւ հայաստանյան տարածքների հաշվին ՔՊԿ-ականների իշխանության պահպանումն է: Եվ որպես վերջնարդյունք՝ Հայաստանի Հանրապետության վիլայեթացումը:

Այնպես որ, նորություն չէ այն, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իր տեղում չէ: Թեեւ խոստովանեմ, որ Նիկոլի վարչապետության պարագայում պետական կառույցների ղեկավար կազմում ադեկվատ անձ գտնելը զարմանալի կլիներ: Նաեւ զարմանալի է, որ փիառի ու պրոպագանդայի առումով երկրի ներսում աչքի ընկնող իշխանությունը թույլ է տալիս անթույլատրելի կիքսեր: Ընդ որում, դա միակ ոլորտն է, որում այս իշխանությունը գերազանց է դրսեւորվում, բայց` Հայաստանի շահերին հակոտնյա ուղղվածությամբ: Ինչեւէ, ԱԳՆ-ում երեւի չեն հասկանում, որ չի կարելի հիմարի տեղ դնել լսողին: Եթե վերջինս ոչ միայն եւ հատկապես ոչ թե ներքին լսարանն է, այլ՝ միջազգայինը: Այն միջազգայինը, որը, շնորհիվ Նիկոլի ավելի քան հնգամյա վարչապետության, ներկայացված է միայն թշնամիներով ու կեղծ բարեկամներով:

Ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունում առկա է մի այսպիսի նախադասություն. «ՀՀ-ն երբեւէ, որեւէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որեւէ սահմանափակման, եւ իր սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»: Այս հատվածի առաջին մասի ընթերցանությունը կարող է առաջացնել հպարտություն սեփական երկրի նկատմամբ: Սակայն միայն այն դեպքում, եթե ընթերցողը կա՛մ նոր է իջել Լուսնից, կա՛մ ունի հիշողության լիակատար կորուստ: Որովհետեւ մյուսներն անպայման կհիշեն, որ 44-օրյա պատերազմի ավարտն ավետող՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (համարյա թե կապիտուլյացիոն) հայտարարության 9-րդ կետում առկա է այսպիսի մի նախադասություն. «Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները»: 

Այդ նախադասության առկայությունը վկայում է, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահները պարտավոր են իրականացնել տրանսպորտային երթեւեկության հսկողություն: Եվ եթե դա ՀՀ սուվերենության սահմանափակում չէ, ապա ի՞նչ է: Ուրիշ հարց, որ այդ փաստաթուղթն այսօր պրակտիկորեն չի գործում, քանի որ դրա հիմքում հայկական Արցախի պահպանումն էր, որն արդեն գոյություն չունի: Բայց, նախ, այդ փաստաթղթով Արցախում հայտնված ռուսական խաղաղապահ զորախումբը դեռեւս գտնվում է այնտեղ, այսինքն` դեռեւս գործում է: Երկրորդ․ այդ փաստաթուղթը պետական մակարդակով չեղյալ չի հայտարարվել: Երրորդ․ այն չէր կարող միակողմանի չեղյալ հայտարարվել, քանի որ դրանում առկա է չեղյալ հայտարարելու լրիվ այլ մեխանիզմ: Չորրորդ․ Հայաստանը ոչ թե հաղթանակած, այլ պարտված ու այսօր թույլ երկիր է, որպեսզի իրեն թույլ տար միակողմանիորեն չեղյալ հայտարարել այն: Հինգերորդ․ Հայաստանը չունի այնպիսի հզոր դիվանագիտություն (ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատը հաշիվ չէ), որը թույլ կտար պարտված երկրին դիվանագիտական ճանապարհով ժամանակի ընթացքում ետ բերել կորցրածը, ինչպես դա արել է, օրինակ, 19-րդ դարի երկրորդ կեսի Ռուսաստանի ԱԳ նախարար (1856-1882) Ալեքսանդր Գորչակովը, ով կարողացել է չեզոքացնել Ղրիմի պատերազմում (1853-1856) ռուսական պարտության բացասական հետեւանքները:

ՀԳ. Այս հոդվածը չէր գրվի, եթե Միրզոյան Արարատի ղեկավարած հիմնարկն իր հայտարարության մեջ չնշեր, որ «ՀՀ-ն երբեւէ, որեւէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որեւէ սահմանափակման...», քանի որ դա ակնհայտ կեղծիք է, եւ բոլորը գիտեն դրա մասին: Վերջինս պետք է ընդամենը բավարարվեր «ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող» դատողությունն արձանագրելով: Եվ դա հիմնավորեր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստացի չգործելն արձանագրելով: Բայց դե Նիկոլի իշխանությունը (Արոն էլ՝ մեջը)՝ ո՜ւր, հայաստանյան իրական շահերը` ուր...