Դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, եկե՛ք ու տեր կանգնե՛ք Արցախին՝ հենց Արցախում

Դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, եկե՛ք ու տեր կանգնե՛ք Արցախին՝ հենց Արցախում

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի չարաբաստիկ, ոչ հայանպաստ հայտարարության հետևանքով Արցախի Բերձորն (Լաչին) այսօր վտանգված է ու կանգնած հայաթափման վտանգի առաջ։ Բերձորը պարզապես միջանցք չէ, որը տալով՝ գլուխներս ազատելու և հանգիստ ապրելու ենք։ Բերձորն Արցախը Հայաստանին կապող՝ կենսական նշանակություն ունեցող քաղաք է, որն այսօր ուրվականի պես է դարձել, գրեթե դատարկվել, քանի որ ամբողջ երկիրը հայտնվել է անպատասխանատու արկածախնդիրների իշխանության տակ։ Ադրբեջանցիների կողմից՝ Բերձորի միջանցքի գրեթե երկայնքով կառուցվող նոր ճանապարհի մասին պատկերացում չունեցողները փորձում են արդարացնել ազգակործան իշխանության՝ Հայաստանի ու Արցախի գլխին բերած աղետը, ասելով, թե այդ ճանապարհով Արցախն ամեն դեպքում կապվելու է Սյունիքին»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

Վերջինս նկատում է՝ նրանք պարզապես պատկերացում չունեն, թե ինչ խնդիրներ կառաջանան, եթե իսկապես Բերձորի գործող 5 կիլոմետրանոց միջանցքը փակվի ու շահագործման հանձնվի ադրբեջանական փողերով կառուցվող՝ փաստացի արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը թե՛ լոգիստիկ, և թե՛ անվտանգային առումներով։ 

«Երևանի հարմարավետ անկյուններում սոցիալական ցանցերի, հարցազրույցների միջոցով դատողություններ անելն ամենահարմար միջոցն է ժողովրդին մոլորության մեջ գցելու, գլխի տակ փափուկ բարձ դնելու և համոզելու, թե ամեն բան միևնույնն է հանձնված է և ոչինչ փոխել հնարավոր չէ։ Այս մարդիկ աշխարհագրորեն պատկերացում անգամ չունեն, թե այդ ճանապարհ կոչվածի շինարարությունն ինչ միջոցներով, ինչ մեծ թափով ու բնապահպանական ինչ խոշոր վնասներով է իրականցվում։ Հիմա ամենակարևորի մասին․ երբ օրեր առաջ գրեցի «2000 հայ դեպի Արցախ օպերացիան հայտարարում եմ բացված», այնուհետև տեսանյութով ու նկարներով սկսեցի տարածել «Եկ Արցախ, արի Բերձոր», խրախուսել ընկերներիս, ծանոթներիս կամ պարզապես հայերին, որ Արցախը փրկեն ոչ թե Երևանի կենտրոնում, այլ հենց Արցախում, տասնյակ անձնական նամակներ ստացա մտահոգ մարդկանցից, ովքեր վախվորած հետաքրքրվում էին Արցախի Բերձոր, Աղավնո գալու, որոշ ժամանակ ապրելու, անվտանգության երաշխիքներով։ Սիրելինե՛ր, երաշխիքը հենց ինքներս մենք ենք՝ մեր պատասխանատվությամբ, մեր իրական մտահոգությամբ ու Բերձորը հայկական պահելու մեր նպատակով։ Այլ ելք, քան Արցախը հենց Արցախում փրկելն է, չկա ու չի կարող լինել, քանի մենք գիտակցաբար ու գործնական պատասխանատվությամբ չենք մոտենում հայրենիք փրկելու հարցին»,-ասաց նախկին պատգամավորը։ 

Աննա Կոստանյանի խոսքով՝ բոլոր հանրային, հասարակական, քաղաքական գործիչները, իրենց ոլորտներում քիչ թե շատ հայտնի, հասարակության շրջանում ճանաչելիություն ունեցող անհատները, ընդհուպ մինչև համաշխարհային ճանաչելիություն ունեցող հայերը կարող են բեկում մտցնել Բերձորի՝ հուլիսմեկյան ենթադրվող հանձնման մեջ։ 

«Դիմում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, եկե՛ք ու տեր կանգնե՛ք Արցախին՝ հենց Արցախում։ Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք, մենք զիջելու հող չունենք»,-զրույցի ավարտին ասաց Աննա Կոստանյանը։