Տղամարդը դիմավորել եւ ճանապարհել է Մասիվցի Անդիկին սպանողին․ մանրամասներ

Տղամարդը դիմավորել եւ ճանապարհել է Մասիվցի Անդիկին սպանողին․ մանրամասներ

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն  է տարածել՝ նշելով, որ Անդրանիկ Հարությունյանի (քրեական աշխարհում հայտնի՝ Մասիվցի Անդիկ) կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: 

Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: 

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ սպանությանը օժանդակող տղամարդուն ձերբակալել են անցած գիշեր, նա քրեական աշխարհի ներկայացուցիչ չէ։ Վերջինս սպանությունը կատարողին դիմավորել է օդանավակայանում, ինֆորմացիա է տվել Հարությունյանի գտնվելու, բնակության վայրի վերաբերյալ, ապա ճանապարհել է նրան՝ օգնելով կրկին մեկնել ՌԴ։

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը սպանվել էր այս տարվա հուլիսի 2-ի երեկոյան՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Դիակի վրա եղել է հրազենային 4 վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: