Ինչքան ձերը, այնքան էլ իմը

Ինչքան ձերը, այնքան էլ իմը

Լրագրողի հարցին, թե կա՞ր, արդյոք, մեղքի բաժին Արցախի հանձնման հարցում, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանում է. «Ինչքան ձերը, այնքան էլ իմը»: 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից և հատկապես Արցախի կորստից հետո համընդհանուր մեղքի զգացումը դարձել է մեր կյանքի ուղեկիցը: Սակայն, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս մեր ժողովուրդը սխալվում է: Չի կարող մեղքի բաժինը բոլորի առումով լինել համահավասար: Որովհետև հասարակության տարբեր շերտեր ու խավեր, ու դրանց ներսում՝ տարբեր անհատներ, տարբեր մասնակցություն են ունենում այս կամ այն իրադարձությանը: Ընդ որում, մեկն ունենում է դրական, մյուսը՝ բացասական ազդեցություն դրա ընթացքի վրա: Եվ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություններն էլ տարբեր չափերի են լինում: Եվ ըստ այդմ՝ յուրաքանչյքուր անձի բաժինն անհատական չափում ունի և չի կարող հավասար լինել ուրիշի բաժնին: Այնպես որ, այդ հարցում հարգարժան գեներալ-լեյտենանտը սխալվում է:    

Դա ընդհանուր առմամբ: Մասնավորեցնելով հարցը՝ ասեմ, որ երիտասարդ լրագրողուհին չի կարող պատասխանատու լինել խայտառակ պարտության և Արցախի հանձնման առումով նունիսկ նվազագույն չափով: Նույնը չենք կարող ասել 1998 թվականից Հայաստանի զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձի մասին: Օրինակ՝ 2007 թվականից ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ: Իսկ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիսը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Եվ կրկին նույն պաշտոնում է նշանակվել 2021-ի փետրվարի վերջին և պաշտոնանկ արվել մեկ տարի անց: Այսինքն, զինված ուժերում այդ վերջին պաշտոնին նշանակվել և ազատվել է Փաշինյան Նիկոլի կողմից: Դրանից հետո շուրջ 5 ամիս էլ պաշտոնավարել է որպես ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Իսկ արդեն մեկուկես տարի է, ինչ որպես մեղադրյալ անցնում է «անպիտան հրթիռների» քրեական գործով: Բայց մեղքի մասին վերն ասվածը բացարձակ կապ չունի նրան մեղսագրվող արարքի հետ: Քանի որ այդ քրեական գործը խայտառակ պարտության մեղքը իրենից հեռացնելու և մնացած բոլոր վրա բարդելու՝ նիկոլական ծրագրի մաս է կազմում:  

Մեղքի բաժինը համահարթեցնելով՝ գեներալ-լեյտենանտը, ինքն էլ դա չգիտակցելով, նպաստում է Փաշինյան Նիկոլի ինքնարդարացման ջանքերին: Մոտավորապես այսպես՝ «Մեղավոր էին նախկինները, նույնիսկ կարող եմ ասել, որ բոլորս էլ մեղավոր ենք՝ ես միայնակ ի՞նչ կարող էի անել»: Ինչից բխում է, օրինակ, որ Հայաստանում հազվադեպ պատահող բոմժը, որ տեղ չունի քնելու, և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն ի պաշտոնե զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության հարցում ունեն մեղքի նույն բաժինը: Բայց դա անհեթեթություն է, չէ՞: Այդպես լինել ուղղակի չի կարող: