Սահմանադրական դատարանի որոշումն առնվազն ծիծաղելի է

Սահմանադրական դատարանի որոշումն առնվազն ծիծաղելի է

Թե որքան վտանգավոր վարակ է կորոնավիրուսի պանդեմիան, բավական է հնչեցնել միայն մեկ թիվ. մինչ այսօր այդ հիվանդությունից աշխարհում մահացել է 5,5 միլիոնից ավելի մարդ: Սա լրջագույն մարտահրավեր է, որի դեմը կարելի է առնել միմիայն ողջ աշխարհի առողջապահական կազմակերպությունների համատեղ ուժերով, քանզի այս հիվանդությունը սահմաններ չի ճանաչում:

Այդ իմաստով, բացի միջազգային առողջապահական կազմակերպություններից, ցանկացած երկրի առողջապահության լիազոր մարմին ինքը եւս պետք է անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկի՝ վարակի դեմն առնելու համար: Ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում շատ է բարձրաձայնվել այդ միջոցառումների մասին, որոնց շատ հաճախ մարդիկ ցավով են արձագանքում՝ արտահայտելով իրենց դժգոհությունը (դիմակների կրում, մասսայական միջոցառումների կազմակերպման սահմանափակումներ եւ էլի շատ նման բաներ), սակայն պետություններն անտեսում են այդ դժգոհությունները եւ պարտադրում այդ միջոցառումները:

Ուզում եմ խոսել միջոցառումներից մեկի մասին. Հայաստանի առողջապահության նախարարի այն հրամանի, որով չափահաս բնակչության՝ հատկապես աշխատողների համար պարտադիր է դարձել շաբաթական մեկ անգամ ՊՇՌ թեստերի հանձնումը կամ 6 ամսվա ընթացքում երկու անգամ պատվաստման իրականացումը: Սույն հրամանով պարտադրվում է, որ այդ ծախսերը կատարեն աշխատողները (որոնց մեկանգամյա միջին ծախսը տատանվում է 8 000-10 000 դրամի միջեւ)։ Դա շատ թանկ հաճույք է աշխատողների համար (ամսական 32 000-40 000 դրամ), ինչն էլ մեծ դժգոհություններ առաջացրեց աշխատող բնակչության շրջանում: Հենց սա դարձավ այն հիմքը, որ Սահմանադրական դատարան ներկայացվի այդ հրամանի սահմանադրականության հարցը, որը դատարանի կողմից լսվեց բավականին ուշացումով, եւ ամենակարեւորը՝ դատարանը տվեց լղոզված, ինչու ոչ՝ նաեւ ծիծաղելի լուծում, քանզի այդ որոշումը պետք է հստակ պատասխան տար մեկ հարցի. ի վերջո, այդ ծախսերը պետք է կատարեն աշխատողնե՞րը, թե՞ դրանք իր վրա պետք է վերցնի պետությունը: 

Փոխանակ այս հարցին պատասխանելու, դատարանն ընտրեց բառախաղային տարբերակը, այն է՝ հրամանի այն մասը, որում ասված էր, որ ՊՇՌ թեստերի հանձնման ծախսերը պետք է կատարեն աշխատողներն իրենց միջոցներով, դատարանը համարեց Սահմանադրությանը հակասող եւ իր որոշումը ձեւակերպեց նվազագույնը տարընթերցման հնարավորություն տվող ձեւակերպմամբ՝ աշխատողը կարող է այդ ծախսերը չկատարել իր անձնական միջոցների հաշվին, դրանք կարող են կատարվել նաեւ նրանց շրջապատի մարդկանց միջոցների հաշվին: Փաստորեն, այս որոշմամբ դատարանը չպատասխանեց հիմնական հարցին, թե ում հաշվին պետք է կատարվեն այդ ծախսերը, որն էլ հենց Սահմանադրական դատարան ներկայացված հայցի մեխն էր։ Եվ ՍԴ որոշմամբ այն մնաց անպատասխան: Չնայած ըստ օրենսդրության, Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանման ենթակա չեն, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը շտապեց ծիծաղելի մեկնաբանություն տալ բարձր դատարանի որոշման այդ կետին՝ ներկայացնելով, որ դատարանի մեկնաբանությամբ, հրամանի այդ մասը ոչ թե ճանաչվել է հակասահմանադրական, այլ միայն որոշվել է, որ պարտադիր չէ, որ այդ ծախսերը կատարվեն աշխատողների անձնական միջոցների հաշվին, այլ դրանք կարող են կատարել նրանց հարազատները, բարեկամները, ընկերները, հարեւանները եւ այլն։

Այս որոշման սենսացիան այն է, որ կարծես մինչ դատարանի այս որոշումը աշխատողների շրջապատի մարդկանց արգելվում էր նրանց օգնել կամ նրանց փոխարեն կատարել վճարում: Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այդ որոշումը Հայաստանի բնակիչն իր վճարումները պարտադիր պետք է կատարեր միայն իր անձնական միջոցների հաշվին, եւ արգելված էր այդ վճարումների համար անհրաժեշտ գումարները պարտքով կամ անհատույց վերցնել շրջապատի մարդկանցից: Դատարանի այս որոշումը կարելի է ինչ-որ իմաստով «գյուտ» համարել:
Պետությունն այս քայլով՝ ի դեմս առողջապահության նախարարության, ցույց տվեց, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարական, իրավական, սոցիալական, այլեւ խղճով պետություն է. ավելացրեց աշխատող բնակչության լիազորություններն ու իրավասությունները եւ այս նեղ իրավիճակում մարդկանց թույլատրեց, որպեսզի նրանք իրենց վճարումների համար պարտքով կամ անհատույց գումարներ վերցնեն շրջապատի մարդկանցից։

Այսինքն, այս հարցում եւս հայերն առաջինը դարձան աշխարհում, որ պետությունն աշխատող զանգվածին թույլ տվեց իր վճարումները կատարել ուրիշներից վերցրած գումարների հաշվին, եւ արդյունքում չտուժեց ո՛չ պետությունը, ո՛չ աշխատող բնակիչը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ