Մեր փողոցներով, սիրած վայրերով անցնելիս մտածում ենք, որ երևի վերջին անգամն ենք այդ տեղով անցնում

Մեր փողոցներով, սիրած վայրերով անցնելիս մտածում ենք, որ երևի վերջին անգամն ենք այդ տեղով անցնում

Օգոստոսի 3-ին Արցախում սկսված ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, Ադրբեջանի նախագահն արդեն ավելի լկտի պահանջներ է ներկայացնում: Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչներին ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը որպեսզի լքեն իրենց բնակավայրերը: Երեկ էլ Ալիեւը հայտարարեց, որ արցախցիները որևէ կարգավիճակ չեն ունենալու ՝ պետք է ինտեգրվեն Ադրբեջանին և ապրեն Ադրբեջանի քաղաքացիների նման:

Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնը անդրադառնալով Բաքվի բռնապետի վերջին հայտարարությանը՝ մեկ նախադասությամբ պատասխանել էր․ «Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»: 

«Հրապարակը» զրուցել է «Վերնատուն» կենտրոնի անդամների հետ, որոնք աշխատում են նաև Արցախի տարբեր գերատեսչություններում: Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնման մասին նրանք ինչ են մտածում: Հանդիպե՞լ եք տարհանվող բնակիչների հետ։
Նարե Բաբայան -Բերձորի մասով կարծում եմ պարզ է, որ դա նշանակում է կտրվել Հայաստանից, ինչը իր հերթին նշանակում է կորցնել նաև անվտանգության այն մի փոքր երաշխիքը, որը կար մինչ օրս: Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնեցին ու չի բացառվում, որ մի օր էլ կկանգնեն ու Թաղավարդը կուզեն ու մեր «շատ սիրելի» իշխանությունները հոժարությամբ կտան՝ մտածելով ու ասելով,  որ «գոնե մնացած մասը պահենք»: Ու այ այդպես՝ իրար հետևից հանձնելով առաջ կգան ու 25 տոկոս Արցախս էլ կհաձնեն:

Անգելինա Ղուկասյան - Հանդիպումներ չեմ ունեցել, բայց փորձել եմ կապվել նրանց հետ։ Աղավնոյի բնակիչներից ոմանք դեռևս չեն կորցրել գյուղում մնալու հույսը, ոմանք էլ ուժ չունեն պայքարի համար։  Դիրքորոշումս ակնհայտ է։ Չի կարելի թողնել Բերձորի ու Լաչինի հանձնումը։ Ինձ թվում է, եթե այսպես շարունակվի, մենք նորից կանգնած կլինենք պանթուրքիզմի վտանգի առջև։ 

 

Աննա Բաբայան - Եթե սա քո հողն է, ուրեմն տնօրինողը դու ես։ Դա նշանակում է, որ ամեն քայլից կարող է փոխվել իրավիճակ։ Ազգին ոչ շահավետ տրված հրամանները` թշնամու, դավաճանների կողմից, հարկավոր է ծառայեցնել քո շահերի օգտին։ Պետք է պայքարել, անել հնարավորինը` Բերձորը, Աղավնոն, Սուսը հայկական պահելու համար։

 

Նարինե Հովհաննիսյան – Այո, հանդիպում ունեցել եմ: Աղավնոյի բնակիչները շատ վճռական են տրամադրված և ոչ մեկը չի ցանկանում լքել գյուղը։ Բնակիչները ստեղծել են ինքնապաշտպանական ջոկատներ։ Որոշ բնակիչներ անգամ իրենց մանկահասակ երեխաներին են գյուղում պահում։ Այս հարցում շատ վճռական են տրամադրված, բոլորը պատրաստ են զոհվել, բայց չլքեն գյուղը։ Բանակ ունեցող ազգ ենք, բայց որսորդական հրացաններով են գյուղը պաշտպանում: Ցավում եմ, որ մեր օրերում ինքնապաշտպանական ջոկատներ են կազմվում, որ կապիտուլյացիայից փրկեն ազգը, հայրենիքը, ընտանիքը։ Պատկերը տանում է 1915 թվական: Ի դեպ ասեմ, որ Աղավնոյի բնակիչներից մեկը ինձ հետ զրույցում հավելեց, որ չի ցանկանում Վերնիսաժից Աղավնոյի կամ Բերձորի հողից գնի։

 

Անի Բալուղյան - Հանդիպում չեմ ունեցել։ Էդ բնակիչների հետ պի՛տի իրենց տուն-տեղը ծախողը հանդիպի, ու եթե դեռ մի քիչ մարդկություն մնացելա «իրա» մեջ, ամեն ինչ անի, որ էդ մարդիկ մնամ իրենց տներում։ Մենք շատ լավ հասկանում ենք էդ մարդկանց, իրենց ապրածը, որովհետև մենք էլ ամեն օր արթնանում ու ապրում ենք էն մտքով, որ կարողա մի օր էլ մեր տներում չլինենք. ամեն օր մեր հարազատների ու ընկերների հետ շփվելիս վախի զգացումը մեր հետա լինում, որ կարողա էլ չտենանք իրար։ Մեր փողոցներով, սիրած վայրերով անցնելիս մտածում ենք, որ երևի վերջին անգամն ենք այդ տեղով անցնում. այ էս վիճակին են հասցրել բոլորս։

Մենք հետաքրքրվեցինք նաեւ՝ Արցախյան իշխանությունների հետ հանդիպումներ ունեցե՞լ են երիտասարդները, իրենց մտահոգությունները կարողացե՞լ են հայտնել նրանց:

Նարե Բաբայան - Իշխանությունները ինչպես միշտ տալիս են խուսափողական պատասխաններ կամ ընդհանրապես լռում են: Իրենց առանձնասենյակներում նստած որոշումներ են կայացնում (կամ հլու հնազանդ ենթարկվում արդեն կայացվածներին) ու ոչ մեկ չի լսում ու հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը:

Անի Բալուղյան - Այո, հանդիպումներ ունեցել ենք, անձամբ ես տվել եմ հուզող բոլոր հարցերս ու լսելով պատասխանները, եկել եմ այն եզրակացության (ու ոչ միայն ես), որ ներկայիս իշխանությունները ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում մեր խոսքերին, ապրումներին: Ես ուզում եմ, որ ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապված հարցերում հաշվի նստեն մեր հետ: Արցախում մարդիկ են ապրում, որոնց իրավունքները 2 տարի է, ինչ անընդմեջ խախտվում է, մեր ազատ ապրելու իրավունքն են խախտել ու դեռ շարունակում են խախտել:

 

Արշակ Աբրահամյան- ՀՀ-ում և Արցախում, երբ սկսում ենք խոսել թշնամուն դիմադրելու մասին, իշխանությունները վախեցնում են սպառնացող պատերազմով։ Արցախի իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցված «ավտոմատներով չենք կարող բայրաքթարներ որսալ» արտահայտությունը դրա վառ ապացույցն է։ Բնականաբար իրատես լինելը և իրականությունից չկտրվելը պարտադիր պահանջ է Արցախում բնակվող յուրաքանչյուր անձի համար, սակայն շատ վտանգավոր է` երբ իրատեսությունը վերածվում է չափազանցված մտավախության։ Արցախի իշխանությունները հստակ պետք է գիտակցեն, որ տարած «հաղթանակից» հետո Ադրբեջանի տարածքային նկրտումներն ավելի են խորացել։ Մի օր էլ կարող է պահանջի, որ իր դրոշը տեղադրվի Արցախի նախագահականի վրա։ Պատերազմի սպառնալիքով մինչև երբ ենք պահանջներ կատարելու, թե՞ պարտված իշխանությունների համար ընդհանրապես կարմիր գծեր չկան։ Տարբեր առիթներով, երբ Արցախի իշխանություններին հորդորում ենք ընդդիմանալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին և իր խմբակին` հնչում է նույն պատասխանը «բա, որ էլ մեզ փող չտան»։ Այսինքն, ինչ՞ է ստացվում` ՀՀ իշխանությունները դեպի Արցախ եկող ֆինանսական հոսքը որպես շանտաժի գործիքակա՞զմ են դիտարկում։ Արցախի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ ներկայիս ղեկավար կազմը իր գործողություններով անեն ինչ անում է Արցախի պետականության դեմ։ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի արցախյան հիմնահարցը տեղափոխի Արևմուտք-Ռուսաստան առճակատման գոտի:
Երիտասարդներին հարցրեցինք նաեւ՝ շփվում են արդյոք հայաստանյան գործընկերներների հետ, նրանք գալի՞ս են Արցախ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն այստեղ տիրող իրավիճակը:

Անի Բալուղյան -Երևի մի ամիս կլինի արդեն, որ ՀՀ-ից երիտասարդներ էին եկել Արցախ՝ ծանոթանալու Արցախի այն երիտասարդների հետ, ովքեր մտահոգված են ու փորձում են ինչ-որ կերպ փրկել Արցախը։ Թե ինչ հոգեվիճակում են արցախցիները դուք ուղղակի փորձեք խոսել 90-ականների, ապրիլյանի ու 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ կամ նրանց հարազատների հետ, այդքանը երևի բավական լինի։ Մենք վախի ու լարվածության մեջ ենք ապրում, սպասումի մեջ, որ ամեն պահի նորից պատերազմ կսկսի: Ուղղակի թող գան ու մի քանի օր ապրեն Արցախում ու առանց ինչ-որ մեկի հետ խոսելու կհասկանան մեզ: Շատերն ասում են, որ այս անգամ դուրս չեն գալու Արցախից, այդ թվում նաև ես ու իմ ընտանիքը, հարազատներս։

Նարե Բաբայան - Հայաստանի երիտասարդության հետ կապի մասին կասեմ, որ վերջին հանդիպման ժամանակ որոշվել է համագործակցել հայաստանյան երիտասարդության հետ ու այս պահին էլ քայլեր են արվում այդ մասով:

Աննա Բաբայան -Արցախում բնակվելն իսկ ապացուցում է արցախցու հողի գինը գնահատել իմանալը։ Արցախը Հայաստանի դարպասն է։ Եթե բացվեն դարպասները, թշնամին Հայաստան ոչ թե կներխուժի, այլ զբոսնելով կիրագործի վաղեմի իղձը` տիրանալ հային պատկանող հայրենիքին և ծնկած տեսնել հայրենիքի տիրոջը` հային։ Սա անթույլատրելի է իրեն հարգող ազգի համար։ Եթե այսօր Արցախում կան մարդիկ, ուրեմն տիրող իրավիճակը մարտական է և ապաքինող, ոչ թե ընկճված կամ հանձնված։

 

Էլեոնորա Պետրոսյան - Ապրում եմ Արցախի Հանրապետությունում, որը շատերին հայտնի է Լեռնային Ղարաբաղ անունով։ Այստեղ են ապրել ու արարել իմ ապուպապերը։ Հիմա դարեր ճեղքած մեր ազգը, մեր մշակույթը ու հավատը փորձում են ոչնչացնել, ջնջել, ջախջախել։ Ադրբեջանը կատարում է բազում փորձեր Արցախ սրբավայրը օկուպացնելու նպատակով։ Մերը, հայկականը փորձում են վերացնել, գողանալ, տալ ուրիշին։ Դուք չե՞ք տեսնում, որ հողը մանկան պես փաթաթվել է մեզ։ Մենք չենք կարող Ադրբեջանի կազմում լինել։ Երկու ելք կա՝ անկախություն կամ Եղեռն։ Հորդորում եմ՝ «Ով աշխարհ, մի թող պատմությունը կրկնվի, քանի որ մեր թշնամիները շարունակում են նույն ցեղասպան քաղաքականությունը»։ Եկեք լինենք խաղաղության ընկերը, ճանաչենք Արցախը, թույլ չտանք նոր Եղեռն սկսվի։ Գրենք նոր պատմություն, եկեք այնպես անենք, որ գրենք խաղաղ պատմություն։ Դարեր ճեղքած երկրին տանք կյանք ու սեր, Անկախություն, խաղաղություն։