Երկու լուսանկարի պատմություն՝ «Չերչիլի զայրույթը» եւ «Դալիի կատուները» 

Երկու լուսանկարի պատմություն՝ «Չերչիլի զայրույթը» եւ «Դալիի կատուները» 

Երկրորդ աշխարհամարտն էր։ Լոնդոնն անընդհատ ռմբակոծվում էր։ Նման իրավիճակներում ցանկացած ժողովուրդ, ցանկացած հավաքականություն կարիք ունի ինքնավստահ եւ ուժեղ առաջնորդի։ 

Հենց այդ ժամանակ էլ հայտնվում է  համաշխարհային լուսանկարչական ժառանգության «ոսկե ֆոնդի» գործերից մեկը՝ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակների վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը հազարավոր օրինակներով բազմացվում է եւ մուտք գործում գրեթե յուրաքանչյուր բրիտանացու տուն։ Այդ լուսանկարը փոխանցում է վարչապետ Չերչիլի վճռականությունը, անվեհերությունն ու արդար զայրույթը։ Ահա թե ինչու անգլիացիներն այդքան սիրել են այն։ 
Լուսանկարի հեղինակը Յուսուֆ Քարշն է։ Նա կարողացել է ստանալ փայլուն դիմանկար։ Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Չերչիլն այցելել է Կանադա։ Հայտնի է, որ Քարշը լուսանկարն անելու համար ունեցել է միայն մի քանի րոպե։ Ասում են, թե երբ Չերչիլին ասել են, որ մի քանի րոպեով լուսանկարչի մոտ մտնի, որ լուսանկարվի, նա դժգոհել է, սակայն գնացել է եւ լուսանկարվել։ 

Հայտնի է նաեւ, որ լուսանկարն անելիս Յուսուֆ Քարշին հատկապես խանգարել է Չերչիլի հանրահայտ սիգարը, որից նա երբեք չի բաժանվել։ Լուսանկարիչը մոտեցել է Չերչիլին, վերցրել սիգարը եւ վերադարձել ու լուսանկարել՝ պատկերելով, ըստ էության, իր արարքի հանդեպ վարչապետի զայրույթը։

Համաշխարհային լուսանկարչական ժառանգության մեջ հայտնի «Սալվադոր Դալին եւ կատուները» լուսանկարն արվել է 1948 թվականին, երբ դեռ չկային թվային տեխնոլոգիաներն ու «ֆոտոշոփը», որպեսզի լուսանկարչական «հրաշքներ» գործեին։ Այս լուսանկարը թեեւ ավելի շատ հայտնի է «Դալին եւ կատուները» անունով, սակայն իրականում կոչվում է Dali Atomicus։ Այն լուսանկարվել է սյուրռեալիստական լուսանկարչության հայր Ֆիլիպ Խալսմանի կողմից, ով բարեկամական ջերմ հարաբերություններ է ունեցել Դալիի հետ՝ ավելի քան 30 տարի։ 

Այն «հրաշքները», որոնք հիմա լուսանկարի հետ կարելի է անել համակարգչային մկնիկի եւ «ֆոտոշոփի» օգնությամբ, այն ժամանակ բավականին մեծ ջանքեր են պահանջել։ Այս լուսանկարի «պատրաստման» վրա ծախսվել է ոչ պակաս, քան 6 ժամ։ Նկարակալն ու նկարը կախված են եղել առաստաղից ձկան թելով, առաջին պլանի աթոռը պահել է լուսանկարչի կինը, եւս երկու ասիստենտներ էլ կատուներին են նետել եւ դույլերով ջուրը շաղ տվել։ Ու այսպես՝ 28 անգամ, մինչեւ որ ստացվել է ցանկալի արդյունքը։ 

Յուրաքանչյուր կադրից հետո Ֆիլիպ Խալսմանը գնացել է՝ երեւակելու ժապավենը, հետո արդեն, երբ իր ուզած արդյունքն է եղել, անցել է հաջորդ կադրին։ Հայտնի է, որ մինչեւ երեքը հաշվարկի ժամանակ նետել են կատուներին եւ շաղ տվել ջուրը, մինչեւ չորսը հաշվարկի ժամանակ Դալին է թռել։ Վեց ժամ տեւած աշխատանքից հետո, հոգնած եւ ուժասպառ խումբը վերջապես կարողացել է ստանալ այս արդյունքը, որը մտել է համաշխարհային լուսանկարչական ժառանգության «ոսկե ֆոնդի» մեջ։

Արամ Յանին