Ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք...

Ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք...

Այսօր Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է։ Մեր մեծերն ու նրանց հիշատակի օրերը վաղուց մոռացվել ու անգամ չեն հիշատակվում, բայց ես կուզեի լսեինք մեծ բարերարի խոսքը՝ Արցախի շրջափակման ու արհավիրքի այս ծանր  օրերին։ Այն յուրօրինակ ուղերձ էր և ուղղորդում։ Եթե մեր հաղթանակի օրերին դրանց կարևորություն չէինք տալիս, այսօր պիտի ուշացումով շատ բան հասկանանք, շատինչուներ  բացահայտվի մեզ համար։ 

«Վանք գյուղում էի: Գիշեր էր: Հյուրանոցի պատշգամբում նստած էի, հանկարծ գիշերային լռության մեջ խոսակցության ձայներ լսեցի: Երկու տղամարդ էին խոսողները: Մեկի ձայնը ջահելի էր , ասում է.
- Հեր ջան, դե բանակից վերադարձել եմ, պսակվել եմ ուզում:
Հայրը , թե.
- Տղա ջան, մի կով ու մի հորթ է ունեցածս, համբերիր էդ հորթը կով դառնա, որ էդ կովը ծախեմ, փող ունենանք, գոնե մատանի առնեմ։
Լսեցի, աչքերս լցվեցին, շատ հուզվեցի, հենց այդ պահին գլխումս ծագեց հայկական մեծ հարսանիք կազմակերպելու գաղափարը...
Ես մի բան գիտեմ, որ ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք... »    

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևել են մերձակա բլուրներից։