Կա՛մ կպատվաստվեք, կա՛մ ամսական 30 հազար դրամ կմուծվեք

Կա՛մ կպատվաստվեք, կա՛մ ամսական 30 հազար դրամ կմուծվեք

Կորոնավիրուսի դեմ ներմուծված պատվաստանյութերը «ռասխոդ» անելու նպատակով իշխանություններն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջոցով տարատեսակ միջոցառումներ են նախաձեռնում՝ հարկադրանքից սկսած, վերջացրած խրախուսական միջոցներով։ Նախօրեին Ավանեսյանը ոգեւորությամբ տեղեկացրեց պատվաստման ցուցանիշը բարձրացնելու նպատակով ծնված նոր իդեայի մասին․ «Ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ասաց  նախարարը՝ իր զվարճալի առաջարկով դառնալով քննադատությունների թիրախ։ 

Սակայն այս անմեղ առաջարկից բացի, նախարարությունը նաեւ մի աղմկահարույց որոշման նախագիծ է մշակել, նախարարի հրաման, որն անմիջապես հարվածելու է քաղաքացիների գրպաններին եւ վերաբերելու է բառացիորեն բոլորին։ 24 հավելվածից բաղկացած հրամանի նախագիծն արդեն ուղարկվել է տարբեր գերատեսչությունների ղեկավարներին՝ կարծիք ստանալու համար։ Համաձայն այդ որոշման՝ այս տարվա նոյեմբերի 1-ից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր աշխատակիցները, ինչպես նաեւ դեղատնային ոլորտից մինչեւ շինհրապարակում աշխատողներ պարտադիր ամիսը երկու անգամ՝ սեփական միջոցներով, պետք է թեստ հանձնեն, եւ դրանց պատասխանները պետք է կցվեն նրանց աշխատանքային գործերին, կամ էլ ներկայացնեն իրենց պատվաստումների սերտիֆիկատները։ Գիտեք, որ պատվաստումներն էլ ժամկետ ունեն՝ վեց ամիս է դրանց գործողության ժամկետը։ 

Այսինքն, բոլոր այն քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով ցանկություն չունեն պատվաստվելու, ստիպված  են լինելու սեփական եկամուտներից ամսական առնվազն 30 հազար դրամ հատկացնել երկու անգամ թեստավորվելու համար։ Եվ եթե մարդը պետական եւ ՏԻՄ մարմիններում միջին աշխատավարձ է ստանում՝ 120-150 հազար դրամ, ապա 30 հազարի ծախսը դառնում է լրացուցիչ հարկատեսակ, որով հարկվելու են ՀՀ քաղաքացիները։ 

Նախարարությունը քրոնիկ հիվանդություն ունեցողների, հղիների եւ թիրախային այլ խմբերի պատվաստման մասին եւս մտածել է։ Ոչ, նրանք չեն ազատվում պատվաստումից․ «Քրոնիկ հիվանդությունների սրացում՝ պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երեւույթների կայունացման շրջանում»: Պատվաստանյութի առաջին չափաբաժինն ընդունելու դեպքում ալերգիկ խնդիրներ առաջանալուց հետո տվյալ քաղաքացիներին կթույլատրվի երկրորդ չափաբաժինը չընդունել։ Ինչ վերաբերում է հղիներին, ապա «հղիների մոտ պատվաստանյութի արդյունավետությունը եւ անվտանգությունը չի ուսումնասիրվել, պատվաստման որոշում կայացնելիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնվել պատվաստանյութի օգուտի եւ ռիսկի գնահատման վրա:

Բժշկական հակացուցումների առկայության դեպքում hղի աշխատողը գործատուին ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ, տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից, համաձայն առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների»:

Որոշման նախագիծը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել եւ դեռ կբարձրացնի պետական հիմնարկներում, առհասարակ՝ երկրում։ Մեծ թվով մարդիկ չեն պատրաստվում պատվաստվել եւ դա իրենց իրավունքն են համարում, բայց, մյուս կողմից, չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ՝ ամսական 30 հազար դրամ թեստավորման վրա ծախսելով։ Արդյոք այս նախագծով չե՞ն ոտնահարվում քաղաքացիների իրավունքները, եւ լրացուցիչ ֆինանսական բեռ չի՞ սահմանվում վերջիններիս համար․ մեր հարցին ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ  որոշման նախագիծը քննարկել են իրավաբանների հետ։ Նա հարկ համարեց տեղեկացնել նաեւ, որ նախագիծը դեռ խիստ նախնական է եւ կարող է էական փոփոխությունների ենթարկվել․ «Սա դեռ նախագիծ է, որը, անշուշտ, քննարկվել է ե՛ւ իրավաբանների, ե՛ւ տարբեր մասնագետների հետ, բնականաբար, համեմատականներ են ներկայացվել՝ այլ երկրների փորձի հետ կապված։ Առաջիկայում էլ կքննարկենք բոլոր գերատեսչությունների հետ, եւ նոր միայն արդյունքում կընդունվի այդ որոշումը»։

Հարցրինք՝ ինչպե՞ս է պատկերացնում․ 120 հազար դրամ աշխատավարձ ստացողը կարողանալո՞ւ է ամսական 30 հազար դրամ թեստավորման համար գումար վճարել, իսկ եթե պատվաստման հակացուցումներ ունենա՞։ «Նորից եմ ասում՝ քննարկումների փուլում ենք, եւ, ինչպես տեսնում եք, շատ երկրներում են սահմանափակումների տարբեր գործիքներ կիրառվում, որպեսզի խթանեն պատվաստումները, եւ, ի վերջո, հասնենք նրան, որ ստեղծվի հանրային իմունիտետ, եւ մենք խնդիր չունենանք հիվանդացության, մահացության բեռի հետ եւ այլն։ Մենք եւս առաջարկել ենք մի քանի տարբերակներ, կառավարությունը քննարկելով՝ կընդունի որոշում։ Երբեք որոշումն  ինքնանպատակ չի լինում»,- ասաց նախարարը։