«Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ»

«Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ»

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լեւոն Հովհաննիսյանն ու Արմեն Գալջյանը մի սկանդալային նախագիծ են բերել, որով առաջարկում են բարձրացնել քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակիցների աշխատավարձերը։

Ըստ նախագծի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում․ նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։ Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար։

Նույնքան կստանա նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544։ Քաղաքապետի մամուլի քարտուղարի եւ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ կավելանա․ աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 եւ ավելի տոկոսով կբարձրանա նաեւ վարչության պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների վարձատրությունը․ 400 հազարից՝ 850 հազար, 346-ից՝ 510։
Նախագծի մասին հեղինակը՝ Լեւոն Հովհաննիսյանը, նշեց․

«Երեւան քաղաքի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի աշխատակիցների աշխատավարձն ունի երկու ֆոնդ, մեկը կոչվում է աշխատավարձի ֆոնդ, որը մենք հաստատում ենք, եւ որը կազմում է 5,5 միլիարդ դրամ, եւ երկրորդ ֆոնդը, որը կոչվում է հավելավճարների եւ պարգեւավճարների ֆոնդ, որը կազմում է 1,9 միլիարդ դրամ։ Տարիներ շարունակ գումարները համայնքային ծառայողները ստանում էին այդ երկու ֆոնդից, մենք այդ երկուսը հաստատում ենք ամեն տարի։ Որպեսզի աշխատակիցների աշխատավարձը միանգամից գեներացվի մի ֆոնդից, մենք բյուջեի համար որեւէ հավելյալ ծախս չենք նախատեսում այդ նախագծով, պարզապես երկու միջոցների տեղաբաշխում է լինում, պարգեւավճարների ֆոնդը շուրջ 20 անգամ նվազելու է, եւ քաղաքապետարանի աշխատակիցները ստանալու են պարզապես աշխատավարձ։ Բնական է, որ աշխատավարձն աճելու է այդ գործողության հետեւանքով։ Այդ դեպքում պարգեւավճարը կդառնա ոչ թե պարտադիր, այլ կպարգեւատրվեն այն մարդիկ, ովքեր հավելյալ եւ որակյալ աշխատանք կանեն»։

- Հայկ Մարությանն առավոտյան գրառում էր արել, որ իր ավելացված աշխատավարձը կուղղվի բարեգործության, ինքը չի մասնակցելու այս նախագծի քվեարկությանը։ Սրանից կարո՞ղ ենք հետեւություն անել, որ նա չի ողջունում նախագիծը՝ դուք քաղաքապետի կամքին «հակառակ» եք նախաձեռնել։

- Դա պարոն Մարությանի դիրքորոշումն է, եւ ազատ է իր միջոցներն ազատ տնօրինել, ինչպես ինքը ցանկանում է։  

- Դուք արդարացվա՞ծ եք համարում, որ Մարությանը երկրի վարչապետից բարձր աշխատավարձ ստանա, իսկ քաղաքապետի տեղակալները՝ նախարարից մի քանի հարյուր հազար ավելի։

- Տվյալ նախագիծը ֆինանսավարկային հանձնաժողովի նիստի ժամանակ է քննարկվելու, եւ այդ հարցը, որը հնչեցրիք, վստահ եմ, որ կքննարկենք։ Եվ այդ վերջնական տարբերակն արտահերթ նիստին կներկայացվի։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ այն հաստիքային աշխատավարձերը, որոնք 2011 թվականին էին սահմանված որպես աշխատավարձ, դրանք չեն արտահայտում համայնքային ծառայողի համար նվազագույն գումարները, որ մենք կարողանանք որակյալ մասնագետներ ներգրավել։

- Եթե մինչ այս պահը, օրինակ, քաղաքապետի տեղակալը 478 հազար դրամ է ստացել, աշխատավարձի՝ 1 միլիոնից ավելի դառնալուց հետո նրա աշխատանքը որակյա՞լ է դառնալու։

- Հավելավճարների ֆոնդից եռամսյակը մեկ փոխքաղաքապետերը, վարչության պետերը, սովորական աշխատակիցները միշտ գումարներ են ստացել։ Այս պարագայում մենք այդ երկու բաղադրիչները միացնում ենք իրար, եւ ստացվում է, որ իրենք ուղղակի աշխատավարձ են ստանալու, եւ հավելավճարների ֆոնդն էական նվազելու է։ Բյուջեի, քաղաքի բնակիչների համար այս նախագիծը որեւէ հավելյալ ծախս իրենից չի ներկայացնելու։

- Պարոն Հովհաննիսյան, իսկ ինչո՞ւ նախագիծ չեք ներկայացնում քաղաքապետարանի աշխատակիցների թիվը նվազեցնելու վերաբերյալ, նորմա՞լ է, որ քաղաքապետը 7 խորհրդական ունի։

- Իրականում, այս պահի դրությամբ, այդ 7 խորհրդականներից դեռ 2018 թվականից իրենց հաստիքը զբաղեցնում են 4-ը, երկար ժամանակ՝ 3-ը, նույնը կարող եմ ասել քաղաքապետի օգնականների մասով, այնտեղ 4 օգնական ունենք, բայց զբաղեցրած է մեկը։

- Չե՞ք տեսնում անհրաժեշտություն հաստիքների կրճատման համար, որպեսզի տնտեսում լինի։

- Հաստիքների կրճատման իմաստը ո՞րն է, որ լինեն տնտեսումներ։ Փաստացի այդ տնտեսումները լինում են, դրա համար անհրաժեշտություն չկա կրճատելու, մենք հետեւում ենք հաստիքացուցակի զբաղվածությանը, այսինքն՝ մոնիթորինգ ենք անում։

- Եթե պարգեւավճարը 3 ամիսը մեկ էին ստանում, այս դեպքում ամեն ամիս ֆիքսված աշխատավարձ կստանան, գումարային տարբերությունը որքա՞ն է կազմում։

- Ծախսերը նույնն են մնալու, մենք որեւէ բան չենք ավելացնում։

- Այս նախագծի շուրջ զրուցե՞լ եք Ձեր գործընկերների հետ, ի՞նչ կարծիք ունեն։

- Նախագիծը քննարկման փուլում է, ամսի 29-ին մեր գործընկերները գալու են, իրենց դիրքորոշումը հայտնելու են։

- Չե՞ք կարծում, որ հասարակության մոտ սոցիալական անարդարության զգացում կառաջանա՝ տեսնելով ահռելի աշխատավարձ ստացող պաշտոնյաների, մինչդեռ իրենք հաճախ հացի գումար չունեն։ Մտավախություն չունե՞ք, որ մարդիկ բացասական կարձագանքեն։

- Ես էլի եմ ասում՝ մարդիկ փաստացի այդ գումարները ստացել են, մարդիկ պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձեր։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր, տրամաբանական նախագիծ է։ Ես կարծում եմ՝ հանրության արձագանքը կլինի ընդունելի։

ՀԳ․ Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ, ընդհանուր առմամբ, նախագծին բացասական է վերաբերվում․ «Մենք խմբակցության նիստ չենք ունեցել, որպեսզի քննարկենք այս հարցը։ Մենք առաջարկում ենք, որ եթե աշխատավարձերը բարձրանում են, պետք է հավասարաչափ բարձրանան բոլոր օղակներում, բայց, ինչպես տեսնում եք, հիմա նույնն է կրկնվում»։